Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը նպատակ ունեն Վլադիմիր Պուտինի՝ մայիսին Չինաստան կայանալիք այցին ընդառաջ արագացնեն էներգետիկ ոլորտում պայմանագրերի ստորագրման գործընթացը:
Դվորկովիչը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Պեկինում և հանդիպումներ է ունեցել Չինաստանի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ: ՌԴ-ի փոխվարչապետի հետ Չինաստան են ժամանել ռուսական ամենախոշոր ընկերությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «ՆՕՎԱՏԷԿ»-ի, «Ռուսալի» պատվիրակությունները:
Ա.Դվորկովիչը նշել է, որ չինական կողմի հետ քննարկվել է Ռուսաստանից արևելյան ուղղությամբ դեպի Չինաստան գազի առաքման հարցերը, իսկ «Ռոսնեֆտը» նպատակ ունի ավելացնել Չինաստան ծովային ճանապարհով առաքվող նավթի ծավալները մի քանի միլիոն տոննայով:
Ռուսական պատվիրակության կազմում Չինաստան ժամանած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը հանդիպել է չինական CNPC ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Չժոու Ցզիպինի հետ և կողմերը առաջընթաց են գրանցել Չինաստան ռուսական գազի արտահանման բանակցություններում:
«Գազպրոմը» գազի առաքման հետ կապված բանակցություններ է վարում Չինաստանի հետ 10 տարի:Նախորդ տարի կողմերը պայմանավորվել են 30 տարվա պայմանագիր կնքել, որով ՌԴ-ի Բլագովեշենսկ քաղաքով դեպի Չինաստան տարեկան պետք է արտահանվի 38 մլրդ խմ գազ: Սակայն պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց՝գնի հետ կապված տարաձայնությունների պատճառով:
Կողմերը այժմ ցանկանում են արագացնել բանակցությունները և կոնկրետ պայմանագրեր կնքեն մինչև Պուտինի մայիսյան այցը Չինաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ