Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը էապես փոխելու է քաղաքական համակարգը: Իսկ նոր կազմավորվող կառավարությունը և նրանում ընդգրկվող ուժերը լուրջ պատասխանատվություն են ստանձնելու ինչպես օրակարգային խնդիրների լուծման, այնպես էլ ապագային միտված փոփոխությունների իրականացման համար: Կարծում եմ առկա պայմաններում ակնկալիք կար, որ քաղաքական ուժերը կկազմեն համաձայնության կառավարություն և միասնաբար կփորձեն բարձրացնել ժողովրդի բարեկեցության մակարդակը և դիմագրավել արտաքին մարտահրավերները: Սակայն այս անգամ ևս քաղաքական որոշ ուժեր դարձյալ անվճռականություն ցուցաբերեցին: Նրանցից մեկը մի քանի տարի շարունակ կարևորում էր 100 %-անոց խորհրդարանական համակարգին անցնելը, իսկ երբ Սահմանադրական հանձնաժողովն այդ առաջարկը պատրաստվում է ներկայացնել հանրային քննարկմանը, այդ կուսակցությունը համակարգային փոփոխությունը համարում է անկարևոր: Անհասկանալի է նաև, թե վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը ինչու չեն ներկայացնում վարչապետի իրենց թեկնածուին, կամ իրենց կողմից ընդունելի թեկնածուին, կամ կառավարման իրենց մոդելը: Տպավորություն է ստեղծվում, որ քննադատական վարպետությունը գործնական փորձությանը չի դիմանում: Պետք է հասկանալ մի պարզ բան. Երբ երկար թակում ես դուռը այն կարող է մի օր բացվել և թակողը պարտավոր է ներս մտնել կամ պարզաբանել թակելու պատճառը: Իսկ մեզանում հակառակն է. դուռը բացվում է, բայց պարզվում է, որ ոչ ասելիք ունեն, ոչ էլ ուզում են ներս մտնել: Համաձայնության կառավարությունը կարող էր սթափեցնող ազդակ լինել ամբողջ աշխարհին, ուղղակի ցույց տալով, որ աշխարքաղաքական նոր վերաձևումներին, Մաքսային միությանն անդամակցելու ընթացքին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաղաքական ուժերը մի կողմ են դնում տարաձայնությունները, հանդես գալիս միասնաբար: Սակայն ապրիլի 10-ը հերթական անգամ ցույց տվեց, որ ժամանակի զգացողություն ունեն ոչ բոլորը, ընդհանուր շահերը ստորադասվում են հատվածական հետաքրքրություններին և արհամարվում իրողությունները: Այնպես որ, նոր վարչապետի ծնունդն ու քաղաքական համակարգի հնարավոր փոփոխությունն անցնելու են բավական ծանր պայմաններում: Եվ Հայաստանի զարգացման նոր հեռանկարներ բացելու, ժողովրդի ազատությունը պահպանելու և ընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու գործերում ամենայն հավանականությամբ ներգրավվելու են քաղաքացիական հասարակության նոր միավորներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/611205768967754?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել