Ankakh.com-ը գրում է.
Վերջին մի քանի օրերին ռուսական ԶԼՄ-ներով մի քանի անգամ բավական ընդարձակ հրապարակումներ եղան Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Նշվում էր, որ Քեսաբում հայերին կոտորում են, քշում են, որ միջազգային հանրությունը լուռ է այս ողբերգության նկատմամբ և այլն: Պետք է արձանագրել, որ համացանցում կասկածելի բովանդակություն ունեցող տեսանյութերը, ամենասուր ձևակերպումները Քեսաբում տիրող իրավիճակի և ծավալվող իրադարձությունների մասին հնչեցվում ու տիրաժավորվում են հենց ռուսական ԶԼՄ-ների միջոցով:
Քեսաբի հարցում Ռուսաստանը, իհարկե, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների հետ միասին պաշտոնական դիրքորոշում հայտնեց, բայց ի տարբերություն Արևմուտքի` ոչ միայն բավարարվեց «մտահոգությամբ», այլև անցավ բուն գործողությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկեց Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ բանաձև ընդունել, ինչը ԱԽ մյուս մշտական անդամների կողմից չընդունվեց ու տապալվեց:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց ՌԴ-ի նախաձեռնությունը, այն է` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես գալ համապատասխան բանաձևով, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ապրիլի 8-ին` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի շատ մշտական անդամներ Սիրիայում իրենց նպատակն են հետապնդում, որը Բաշար Ասադի ռեժիմի տապալումն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք աչք են փակում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վրա:
«Խոսքը ոչ միայն հայերի մասին է, այլև քրիստոնյա և իսլամական աշխարհների բախման, դա անթույլատրելի է, քանի որ եթե դա տեղի ունենա, իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմն իրական կդառնա: Ընդ որում` դա կլինի պատերազմ մինչև վերջնական ոչնչացում: Այդ պատերազմում, սակայն, հաղթողներ չեն մնա»,- նշեց Վ. Ջաբարովը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ Հ1 հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում կարծիք հայտնեց, որ Սիրիայում, մասնավորապես` Քեսաբում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի կողմից ակտիվորեն խաղարկվում են որպես ուկրաինական հարցից աշխարհի ուշադրությունը շեղող մանյովր:
Այս տեսակետը կարծես հաստատվում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի խոսքով, որ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին նշեց, թե Արևմուտքն այսօր ավելի մտահոգված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով, որոնք Ուկրաինայի ներքին գործերն են, և ՄԱԿ-ն ու միջազգային կառույցները ձևացնում են, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում, չնայած դա այդպես չէ: «Այսօր միջազգային հանրությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի ոչ թե Ուկրաինայի վրա, այլ Սիրիայի, որտեղ արյուն է հոսում»,- նշեց Ռաֆայիլ Զինուրովը:
Ռուսները կարծես գտել են նաև դրա լավագույն միջոցը` հայերի ամենանուրբ լարերին դիպչել` անընդհատ վանկարկելով «հայերի նոր Ցեղասպանության» մասին, ոտքի հանել աշխարհի հայերին և նրանց բարձրացրած բողոքի ալիքի միջոցով փորձել դիվիդենտներ շահել: Դրան, իհարկե, նպաստում է այն հանգամանքը, որ հենց Թուրքիան կազմակերպեց և ուղղորդեց Քեսաբի դեմ իրականացված գործողությունը, ինչը բոլոր հիմքերը տալիս է հայկական կողմին հայտարարելու, թե Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան նոր գրոհներ է իրականացնում հայերի նկատմամբ:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրերս նշեց, որ էթնիկ զտումները, որոնք իրականացվեցին Քեսաբում Թուրքիայի օգնությամբ և ուղղորդմամբ, հիմք են նախապատրաստում Հյուսիսային Սիրիայի որոշ շրջանների վրա Թուրքիայի կողմից տարածքային էքսպանսիա իրագործելու համար: Եվ այս առումով` Քեսաբը Թուրքիայի կողմից այդ շրջանների անեքսիայի նախապատրաստական առաջին քայլն էր: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Մերձավոր Արևելքը նպատակաուղղված հայաթափվում է:
Որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու արշավն արդեն ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության ծրագրի է վերածվել, ընդ որում` Արևմուտքի լուռ համաձայնության պարագայում, նույնպես ակնհայտ է դառնում: Հակառակ դեպքում էլ ինչպե՞ս կարելի է բացատրել Սիրիայում կռվող ծայրահեղականների հայտարարությունները` «քրիստոնյաները` Լիբանան, ալևիները` գերեզման»…
Թուրքիան հերթական անգամ օգտվում է առիթից
ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Քեսաբի իրադարձությունների կապակցությամբ նշում է, որ քեսաբցիների բախտն ուղղակի չբերեց` հայտնվելով գրոհայինների հերթական գրոհի ճանապարհին, որն ուղղված էր կոնկրետ նշանակետի: «Էրդողանը վերականգնում է Օսմանյան կայսրությունը, և դա բացահայտ հայտարարվել է. «Մենք նոր օսմաններն ենք»: Դրա մասին հայտարարում է Ահմեդ Դավութօղլուն, ուստի էքստրեմիստական կուրսի պաշտպանությունն ուղղված է թուրանական սոցիումի ներսում իսլամի միջազգային դերի բարձրացմանը, ինչը միանշանակ հանգեցնում է ծայրահեղ իսլամի աջակցությանը: Այս իմաստով արևմտյան կոլեգաներին դիմելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների կամ հայերի պաշտպանության խնդրանքով, վախենամ` անիմաստ քայլ է, քանի որ XX դարասկզբի հայերի ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում»,- ասաց Սատանովսկին` հավելելով, որ ըստ էության` Արևմուտքին չի հետաքրքրում, որ իրենց դաշնակիցն ինչ-որ մարդկանց է կոտորում, վերջին հաշվով, Ասադի ռեժիմի տապալման հարցում հետաքրքրված են թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան ու Անգլիան: Այս առումով չպետք է աջակցություն սպասել այն երկրներից, որոնց դաշնակիցը Քեսաբի կոտորածի կազմակերպիչն է:
Հայկական սփյուռքի կողմից տարբեր երկրներում անցկացվող բողոքի ակցիաների առումով գրեթե համանման տեսակետ ունի նաև ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նա ասում է, որ դա անիմաստ է, քանի որ երբ հարցը հասնում է, օրինակ, ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ազգային շահերին, իսկ Սիրիայի իրադարձությունները հենց այդպիսիք են, նրանք ոչինչ չեն անի:
Ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` ամփոփելով Թուրքիայում ՏԻՄ ընտրություններով պայմանավորված իրավիճակը, Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակով դուրս եկան, ինչը հիմք է տալիս վերջիններիս ամուր պաշարով մոտենալ նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնցում կրկին ֆավորիտի դերում են: Այս ամենից կարող ենք հետևություն անել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի առնի, որ իշխանությունը շարունակում է մնալ Էրդողանի ձեռքում, եթե չլինեն անսպասելի զարգացումներ: Ամենակարևորը` Հայաստանն ու հայերս պետք է ընդունենք ու հասկանանք թուրքական ընտրություններում արձանագրված այն իրականությունը, որ Հայաստանին սահմանամերձ ներկայիս Թուրքիայի նահանգներում ազգայնականներն իրենցից որոշակի ուժ են ներկայացնում, իսկ նրանց համար ձայներ են ապահովում նաև այդտեղ հաստատված ադրբեջանցիները:
Ակնհայտ է` ուկրաինական իրադարձություններից հետո աշխարհը կարծեցյալ սառը պատերազմից մտավ խոր անտագոնիզմի մեջ` ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ երկրների ու Ռուսաստանի: Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործողություններում, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի նկրտումները իսլամական աշխարհում լիակատար առաջնորդի դերը ստանձնելու ուղղությամբ, Թուրքիան դառնալու է Մերձավոր Արևելքում Արևմուտքի հիմնական հենասյուներից մեկը, ինչից մեր ոխերիմ հարևանն ակնհայտորեն փորձում է օգտվել իր շահերն առաջ մղելու համար: Առավել ևս, որ ուկրաինական «ճակատում» կրած անհաջողությունն Արևմուտքը փորձելու է լրացնել սիրիական ճակատում:
Ուստի Քեսաբի իրադարձությունները, ինչպես նշում են հայ, ռուս և այլ ազգությունների փորձագետներն ու վերլուծաբանները, դեռ մեծ գործընթացի սկիզբն են, որը հնարավոր չէ դադարեցնել: Որովհետև Սիրիայում իրավիճակը կփոխվի, եթե փող չմատակարարվի ու գրոհայիններին այլևս աջակցություն ցույց չտրվի:
Գևորգ Ավչյան