Newsbook.am-ը գրում է.

«Հանձնաժողովի համար անսպասելի էր Հանրապետության նախագահի հայտարարությունը, որը արվեց հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դա արվեց այն նկատառումով, որ նախագահը չի ցանկանում կաշկանդել սահմանադրաիրավական որևէ մոդելի առաջադրման կամ վերջնական կողմնորոշման հարցում: Որևէ սոցիալական պատվեր բացակայում է: Պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպել և ընտրել ճիշտ տարբերակը, որը պետության ապագային է միտված: Այս տեսանկյունից էլ շարունակենք հարցի քննարկումը», – panorama.am-ի հետ զրույցում ասել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ով–ով, բայց Գագիկ Հարությունյանը պետք է համեստորեն լռի և ընդհանրապես չօգտագործի «պետություն», «ապագա», «հեռանկար» բառերը և հատկապես «պետական մտածողություն» եզրույթը։ Որովհետև միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ուզուրպացնել իշխանությունը։ Բայց դրա համար երկիրն ունի Սահմանադրական դատարան և, ի միջիայլոց, դրա պահպանման համար ծախսվում են պետական բավական լուրջ միջոցներ, որպեսզի ցանկացած ուզուրպատորի նկրտումները զսպվեն Սահմանադրական դատարանի կողմից։ Իսկ Գագիկ Հարությունյանն այն անձն է, որի պատճառով երկիրը հաշմվեց ոչ լեգտիմ նախագահների կրնկի տակ։ Նա վերջնականապես մեղավոր մարդ է և ավելի լավ կանի հոգևոր առաջնորդին հատուկ տեքստեր արտասանելու փոխարեն պատասխան տա այս հասարակությանը, թե ինչի՞ համար է առհասարակ Սահմանադրական դատարանը, երբ երկրում 20 տարի շարունակ կեղծվել են բոլոր տեսակի ընտրությունները, իսկ Սահմանադրական դատարանը բերանը ջուր է առել բոլոր ընտրություններում։ Ուրեմն, Սահմանադրական դատարանն իշխանությա՛ն Սահմանադրական դատարանն է, իսկ Գագիկ Հարությունյանը՝ իշխանությա՛ն Գագիկ Հարությունյանը։

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել