Ո՞ւր գնամ կանգ առնեմ եւ լաց լինեմ այս ահավոր անօրինության համար, որ ճմլում է սիրտս, կամ ո՞ւր թաքնվեմ ու լռեմ այս մեղքերի պատճառով կսկծանքով տրտմելով եւ մաշվելով զազրելի ու չարալուր ձայներից, որոնք մշտապես ճզմում են սիրտս, գալարում աղիքներս ու որովայնս:
 
  Ողբում եմ, եւ տրտմություններս հանապազ հալումաշ են անում ու խեղդում են ինձ, որովհետեւ ամեն ժամ լսում եմ անառակ պղծություններ ու տեսնում եմ անօրեն ամբարշտություններ: 

 Իմ սրտի մեծ նեղությունից ոսկորներս կցվեցին հողին, իսկ մարմինս գետնի վրա քաշկռտվեց, բազում խուռն մտքերի ալեկոծությունից նմանվեցի չորացած ճյուղի եւ անշունչ արձանի: Մտքիս ապշությունից մոռանալով իմ սխալները եւ ետեւում թողնելով դրանք` հանապազ ձեր [սխալներն] եմ քննում: Քանզի մեր ականջներին մշտապես հասնում են չար հնչյուններն ու ամոթալի ձայները, որոնցից բխում է սաստիկ չարություն եւ նեխած ու փտած թարախ, իսկ սաստիկ գարշահոտը, վեր բարձրանալով, զզվեցնում է սուրբ Եկեղեցուն. դրանից բոլոր արդար անձինք ահով զարմանալով` ողբում են անօրինությունը:
 
  Ձեր զազրելի անօրինություններից ամեն ժամ ուրախանում ու ցնծում են սատանայական թատրոնները, իսկ Քրիստոսի Եկեղեցին ողբում է դառնապես: Որովհետեւ սատանան կամենում է մշտապես հեռացնել մարդկանց Աստծո ողորմությունից, ամենապայծառ ու անանց բարիքներից եւ տանել ու բաժնեկից դարձնել իր սարսափելի պատիժներին ու տանջանքներին: 

  Եվ այժմ ամբողջովին թաղվել եք դիվական մոլորությունների մեջ, գերվել ու գրավվել եք սատանայի խորհուրդներից. փութացիք ընկնել դառը մահվան տանող նրա որոգայթների մեջ, գնացիք` մտնելու ապականիչ թատերախաղերի մեջ, լսելու ականջ խաբող, աղտեղի ձայներ զազրելի, պիղծ, անօրեն, չարալլուկ եւ կատաղի դերասաններից: Նրանք միշտ հալածում են Սուրբ Հոգու շնորհները եւ ձեր սրտերում ու մտքերում սերմանում են սատանայի մահացու, պիղծ խորհուրդը, որից վառվում, այրվում է ցանկությունների կրակը, եւ նրա բոցը բորբոքվելով` մարմնական տեսակ-տեսակ ախտերով այրում է հնազանդվողներին: Դրանք փշերի ու տատասկների պես վիրավորում են [իրենց մեջ] թաղված անձանց եւ դժվարակիր բեռներ են մթերում եւ կուտակում կորստյան մատնված հոգիների վրա: Եվ մարդիկ պիղծ թատրոնից ելնում են` իրենց վրա ստացած այրող կրակն ու սպանող սուրը, սատանայի գաղտնի նետերից ծանր վիրավորված ու ծանր խոցեր ստացած: Սատանան լուրջ կերպով վիրավորում է հոգին եւ փոքր բան է ցույց տալիս մեծագույն անօրինությունները: Նրանից մշտապես պետք է սարսռալ ու դողալ, մեծ վախով փախչել ու հեռանալ: Ցոփությամբ, վավաշոտ հափրանքով մոլորված մտքերը հոժար կամքով ու դյուրահավանությամբ են ընդունում սատանայի չար սերմերը, մանավանդ անհամեստ կանանց թեթեւամիտ ու շեղաբարո ազգը, որ շուտ լսող, շուտ համոզվող եւ շուտ խաբվող է: Նրանք նողկալի անամոթությամբ միշտ թատրոն են շտապում` առանց վախենալու դիտելու սատանայական հրապարակի անօրեն խաղերը, վեր ելնելով` նստում են երեւացող տեղում, մտածում ու նայում են չարությամբ իրենց նմանվողներին. նրանք թեեւ անօրինության գործին անմիջապես մասնակից չեն, այսուհանդերձ սպանող նետերից հարվածներ ստանալով` իրենց սրտերում են կրում դրանք, որոնցից հետո մեռնում են անխուսափելիորեն, ինչպես որսորդների նետերից վիրավորված գազանը, որ թեեւ սկզբում ազատվում է թակարդներից, բայց սատկում է նետերն իր մեջ կրելու պատճառով:
 
  Ուրեմն ինչպե՞ս դադարեցնենք այս այրող բոցի ահավոր բռնկումը եւ կամ ինչպե՞ս աներեւույթ վերքերին բժշկության հնար գտնենք, ինչպե՞ս կործանենք պիղծ թատերախաղերի տեղերը, որոնք մահաբեր որոգայթներ են, բազում չարիքով լցված ժողովարաններ, բոլոր ախտերի արվեստանոցներ: Քանզի կույսերն այնտեղից են մղվում պոռնկության, ամուսնացածները` շնության, այնտեղից է, որ կանայք ատելի են դառնում իրենց ամուսիններին, իսկ ամուսիններն արհամարհելի են դառնում իրենց կանանց աչքում, այնտեղից է, որ զավակները թշնամի են դառնում հայրերին, եւ ծառաները` իրենց տերերին, այնտեղից է ծերերի անմտությունն ու երիտասարդների վավաշոտությունը, պառավների պագշոտությունը, երիտասարդ աղջիկների գեշությունը, տղամարդկանց լկտիությունն ու կանանց կատաղությունը, այնտեղից են կանանց` մարդկանց հրապուրելը, ամուսնալուծությունները, մանկասպանությունները, պճնվելու արդուզարդերը, այնտեղից են սնափառությունն ու զարդարանքները եւ այլ չարիքներ, այնտեղից են նաեւ զանազան պղծությունները, որոնց մասին խոսելն իսկ աղտեղի է: Դրանք անհատին ուսուցանում են լկտիություն, թուլացնում են նրա հոգին, քայքայում են միտքը, աչքերը դարձնում են լիրբ, դատարկախոս են դարձնում լեզուն, ծուլացնում են գործերում, զբաղեցնում բոլոր չարիքներով, որոնք կլանելով մարդուն` հեռացնում են Աստծու սիրուց եւ դուրս են հանում քրիստոնեական կարգից: Չեմ կարող պատմել նաեւ զանազան այլ չարիքների մասին, որոնք սովորեցնում են թատրոնները` ամբարտավանություն, հայհոյություն, նենգություն, կեղծիք, չարակնություն, նախանձ, բամբասանք, որոնց պատճառով էլ Աստծու պատիժներն են թափվում երկրի վրա, եւ Աստված սաստիկ բարկությամբ տանջանքների է դատապարտում մարդկանց: Ահա այս բոլոր անօրինություններն են ստանում նրանք, ովքեր մտնում են թատրոն եւ իրենց մարմինններում աճեցնում են սատանայի սերմերի չար պտուղները: 

 Արդ, ո՞ր բերանը կարող է ողբալ եւ լաց լինել այսպիսի աղտեղությամբ ու պղծությամբ լցված մարդկանց վրա, եւ կամ ո՞ր լեզուն կարող է խոսել այն անթիվ աղետների մասին, որ ստանում են այնտեղից, ո՞ր միտքը կարող է ցույց տալ ահավոր տանջանքների բազմությունը, որ գեհենի կրակի հոսանքի մեջ աստվածամարտ սատանայի հետ միասին պատրաստված է նրանց համար, ովքեր ախորժեցին եւ ընդունեցին խավարայինը: Ուրեմն ինչի՞ համար մատնվես այդպիսի տանջանքների եւ կամ ի՞նչ ստացար այդ պիղծ խաղերից` թուլություն, անառակություն, թեթեւամտություն եւ այլ անթիվ ահավոր աղետների բազմություն ու ոչ մի օգուտ: Թեպետեւ պիղծ թատերախաղեր նայելը կարող է ցանկալի լինել պագշոտների համար, որոնք միշտ հալումաշ են լինում ախտերի ցանկությունից, բայց մաքուր մարդկանց դրանք տաղտկալի պղծություն եւ ամոթալի վավաշոտություն են երեւում: 

 Կանայք առնում են բոզերի, իսկ տղամարդիկ` իգամոլ ձիերի կերպարանք, անօրեն զազրախոսությամբ անասուններից էլ ավելի ցած են իջնում եւ փսխում շների փսխածից առավել զազրելի ու գարշելի խոսքեր, որոնցից նեխած թարախ եւ գարշահոտ է ելնում, որ զզվեցնում է երկյուղածներին եւ ցանկալի է դեւերին, որովհետեւ այդպիսի վատահամբավ մարդկանց մեջ սատանան է շրջում: Ում որ հարկ էր շատ քարերով քարկոծել եւ երկրից հալածել, նրանցից գրավված` անառակները զվարճանում են թատրոններում, ուր մտնում են ողջանդամ եւ ելնում են վիրավորված, Քրիստոսից մերկացած եւ սատանային հագած, շնորհների Հոգին հալածած եւ դեւերի պիղծ հոգով լցված: Քանզի բոլոր նրանք, ովքեր հավատով եւ երկյուղով մոտենում են Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով եւ առաքինության գործերով օրըստօրե բարձրանում են վեր եւ բաժանվում, հեռանում են սատանայի բոլոր խաբեություններից: Իսկ նրանք, ովքեր պիղծ թատերախաղերով (նաեւ գիշերային ակումբներ, ռոք ակումբներ...) մշտապես շփվում են դեւերի հետ, խավար վարքով պատված` մթնում են, լցվում սատանայի պիղծ հոգով, եւ անօրինությամբ ծանրացած` օրըստօրե ցած են ընկնում, մինչեւ որ հեռանում են Աստծու պատվիրանների երկյուղից եւ դառնում սատանայի խորհուրդների ամաններ: Ուստիեւ առավել մեծ հաճույքով են գնում դեւերի բանակատեղին, ավելի են շտապում դեպի սատանան, քան դեպի Քրիստոսի սուրբ Եկեղեցին: Դեւերի բանակատեղիները թատերական տեսարանների վայրերն են, բոլոր անառակ ու գուսանամոլ գինի խմողները, որ անօրինաբար ու անաստվածների նման զեխանում ու պագշոտանում են, թուլացնելով իրենց լեզվի սանձերը եւ արձակելով իրենց բերանների կապերը` ուտում ու շվայտանում են համադամ խորտիկներով, իսկ նրանց բերանից ելնող հոտը բազում գարշահոտություններ է արձակում: Նրանք խորհում ու խոսում են սատանայի կամքով` առանց ճանաչելու նրա չար նետերը: Սատանան հարվածում է, ապա հանգստացնում է վերքը եւ զգացնել չի տալիս, որպեսզի ապաշխարությամբ չբժշկվենք: Որովհետեւ նա գող է եւ չի գնում հայտնի ճանապարհով, որ չզգուշանանք, այլ հետեւում է գաղտնի եւ անսպասելիորեն արհամարհել է տալիս պատվիրաններից մեծամեծերը եւ փոքր է կարծել տալիս, որպեսզի չզգուշանանք: Քանզի դեւերը արագ են հասնում ծաղրանքի, լկտի եւ անմաքուր խոսակցությունների մեջ եւ բազում ախտեր բերելով` ուտեցնում եւ խմեցնում են նրանց, ովքեր շվայտանում են այնտեղ: Ուստիեւ հարկ է լաց լինել ու ողբալ այդպիսի անառակությունների, մանավանդ հիմար խեղկատակների համար, որոնք բազմության մեջ ցույց են տալիս իրենց անխոհեմությունը. այսահարների պես ծամածռվում են, ոլորվում, գալարվում, աքացի են տալիս եւ իրենց բերանի աղտով զզվեցնում բոլորին. ոմանց հայհոյում են, ոմանց` բամբասում, ոմանց` անարգում, ոմանց` ծաղրում, ամոթով կուրացնում, ոմանց` խաբում եւ կեղծ հարգանքով սնափառ դարձնում, կատաղած շան պես բոլորին առհասարակ խածոտում:
 
  Ի՞նչ ես անում, թշվառակա՛ն, ինչո՞ւ չես շտապում` ազատվելու չարաչար ամբարշտությունիցդ եւ վերագտնելու ինքդ քեզ, ինչո՞ւ չես ողորմում կորստյան մատնված հոգուդ, ինչո՞ւ լաց չես լինում եւ չես ողբում անօրինություններդ, ինչո՞ւ ես կրակի վրա կրակ ավելացնում` դառնապես այրվելու համար, ինչո՞ւ ես մշտապես գնում կայծերի ու փշերի վրայով, ինչո՞ւ ես միշտ գամված մեղքերի բեռներին, ինչո՞ւ ես վախից վերից վայր ընկնում ու վիրավորվում, ինչո՞ւ ես սուր սրում եւ վիրավորվում նրանով. ոչ ոք չի կարող կրակով հանգցնել կրակը եւ չարիքով բարիքի հանդիպել: Ո՞վ է փուշ տնկում եւ խաղող քաղում կամ որոմ ցանում եւ հնձում ցորեն: Անառակ վարք ունենալով` ոչ ոք Քրիստոսին չի տեսնի եւ արքայությունը չի ժառանգի, այլ կդատապարտվի գեհենի կրակին թունավոր որդերի մեջ: Եվ նա, ով ապրի անօրեն լկտիությամբ եւ գինեմոլ զեխությամբ եւ գնա դիվական թատրոններ ու ծաղրածու դերասանների մոտ, թող հույս չունենա, որ կփրկվի կրակի տանջանքներից: Հիշի՛ր այն ահեղ խոսքը, որ ասում է. «Վա՛յ նրանց, ովքեր ծիծաղում են այժմ, որովհետեւ նրանք պիտի սգան, եւ վա՛յ նրանց, ովքեր այժմ ուրախանում են, որովհետեւ նրանք պիտի լաց լինեն ու ողբան, վա՛յ նրանց, ովքեր գինի են խմում հարբելու համար եւ օծվում են անուշահոտ յուղերով: Վա՛յ ձեզ, հարուստներիդ, որովհետեւ այստեղ ստացաք հատուցումը ձեր գործած բարիքի համար» (Ղուկ. 6; 24-25), որովհետեւ. «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծո արքայության մեջ» (Գործք, 14; 21): Չէ՞ որ Քրիստոս ասաց, որ լաց լինենք ու սգանք այս աշխարհում (տե՛ս Հովհ. 16; 20), իսկ դու ծիծաղում եւ ցնծում ես եւ չես զարհուրում ու դողում Աստծո ահեղ դատաստանից, որ արդարությամբ քննում է կամա եւ ակամա, ծուլությամբ եւ մոռացությամբ գործած մեղքերդ: 

 Արդ, փութա՛, մաքրի՛ր անձդ անպարկեշտությունից, լեզուդ` դատարկախոսությունից, ականջներդ` պիղծ բաներ լսելու սովորությունից, միտքդ` սատանայական մահաբեր խորհուրդներից: Ընկի՛ր Աստծու առջեւ եւ ասա՛. «Մեղա՜ երկնքի դեմ եւ Քո առջեւ» (Ղուկ. 15; 18): Մի՛ ծուլանա ապաշխարության գործերի մեջ, քանի դեռ ցերեկ է. ահա վրա է հասնում գիշերը` սոսկալի խավարն ու աղջամուղջը: Ճանաչի՛ր մեղքերիդ բազմությունը, հիշի՛ր, որ մեռնելու ես, նկատի՛ ունեցիր, որ հոգիդ մարմնիցդ պիտի պահանջվի եւ մտաբերի՛ր դատաստանի մեծ Օրը, անշեջ հուրը, շոշափելի խավարը, ապականության գուբը, գեհենի տարտարոսը, մեղավորների դառը ողբը ահավոր Դատավորի ահեղ դատաստաններից, ուր խոսքերը պիտի սպառվեն, եւ գործերը պիտի թագավորեն, ուր հաշիվ պիտի պահանջվի խոսքերի ու գործերի համար, ուր տեղի պիտի ունենա դատարկ խոսքերի քննությունն ու անպատեհ մտածումների հաշվետվություն: Արդ, ա՛յս ամենը հիշիր հանապազ, ա՛յս հիշիր միշտ, հոգոց հանիր եւ ողբա՛, հեծեծիր եւ լա՛ց եղիր անդադար, որպեսզի թերեւս կարողանաս փրկվել տանջանքների ահավոր աղետներից, անլույս խավարից եւ հանդիպել խոստացված անանց բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին փառք հավիտյանս. ամեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել