paceA1plus.am-ը գրում է.

Ուկրանիայի վերջին զարգացումների եւ ժողովրդավարական հաստատությունների գործառույթների սպառնալիքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի քննարկումն, ինչպես սպասվում էր, ընդդեմ Ռուսաստանի էր։ Չնայած չեզոք ելույթներ եւս հնչեցին։ Ակտիվ էին վրացի պատվիրակները, նույնիսկ իրենք նկատեցին այդ։

Վրացի պատգամավորները, բնականաբար, խոսեցին ոչ միայն Ռուսաստանի՝ Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունից։ Վրացի պատգամավոր Տինաթին Խիդաշելին պահանջեց,որ Ռուսաստանը իր զորքերը հանի ոչ միայն Ղրիմից, այլեւ Աբխազիայից. «Վաղ, թե ուշ այդ լինելու է» Ըստ նրա՝ մինչ իրենք ամրապնդում են իրենց անկախությունը՝ ռուսական «սապոգը» մի երկրից մյուս երկիրն է անցնում՝ իմպերիալիստական հպարտության մղումով։

«Խորհրդային միությունն ավարտվել է, Վրաստանը, Մոլդովան անկախ պետություններ են . իրենք են ընտրում ու կատարել են իրենց ընտրությունը: Ռուսաստանը միայն հարեւան է, եւ իր հետ նույն պետության մեջ չենք ուզում ապրել»,-ասաց նա ԵԽԽՎ նիստերի դահլիճում։

Նիդեռլանդցի Թինի Կոքսը հիշեցրեց, որ Ուկրաինան շատ դժվար կացության մեջ է եւ այսօր պետք է մտածել օգնելու եղանակների մասին։ Ընդհանրապես, նա կոչ արեց բոլորին՝ լինի ԵՄ-ն, Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, հանգիստ թողնել Ուկրաինային. «Թողեք Ուկրաինան լուծի իր հարցերը»։

Գերմանացի Մարիելուս Բեքին անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հարավարեւելյան շրջաններում. «Ես կասկածում եմ, որ ամեն ինչ արվում է,որ մայիսի 25-ին տեղի չունենան Նախագահի ընտրություններ, մինչդեռ դրանք շատ կարեւոր են, եւ այսօր ԵԽ-ն պետք է աջակցի Ուկրաինային»։

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ոչ միայն օգնելու, այլեւ վերլուծելու կոչ արեց։

Ուկրաինացի պատվիրակները ոչ միայն քննադատեցին Ռուսաստանին՝ անեքսիայի մեջ, այլեւ Եվրոպային՝ ուշ արձագանքելու համար։ Իվան Պոպեսկուն նշեց, որ իրենք երբեք չեն ընդունելու Ղրիմի՝ Ուկրաինային միացվելու փաստը։ Պատգամավոր Սերհիյ Սոբոլեւն էլ հիշեցրեց,որ Մոսկվան պարտակում է հանցագործությունը, քանի որ Վիկտոր Յանուկովիչը «գումարները գողացել է եւ թաքնվում է Մոսկվայում»։ «Կանգնեցրեք ագրեսորին, թե չէ կլինի այն, ինչ եղավ Լեհաստանի հետ 1939թ-ին»,-ասաց նա։

Ռուս պատվիրակները, բնականաբար, բոլորովին այլ տեսակետ ունեին հարցի վերաբերյալ։

«Դուք խոսում եք մի պետության մասին,որն ասես Ուկրաինան չլինի,այլ զեկուցողների պատկերացրածը»,- ասաց Լեոնիդ Սլուցկին։ Նա գտնում է, որ ԵԽԽՎ պետք է խոսի այն մասին, որ Ուկրաինայում մարդիկ անօրինական ճանապարհով են եկել իշխանության,ոչ թե ՌԴ-ին մեղադրի ։ Նրա կարծիքով՝ զեկույցը ոչ թե Ստրասբուրգում, այլ Վաշինգտոնում է գրվել, եւ ՆԱՏՕ-ի մատը խառն է։

Նա կոչ արեց չքվեարկել՝ զեկույցը համարելով խայտառակություն ԵԽԽՎ պատմության մեջ։

Մոտ 50 առաջարկ էր ներկայացվել Ռուսաստանի քաղաքականությունը դատապարտող բանաձեւի տեքստի վերաբերյալ, որոնք բոլորն էլ քննարկվեցին եւ քվեարկվեցին։  Բանաձեւն ընդունվեց 154 կողմ, 26 դեմ եւ 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Քննարկումը տեւեց 2.5 ժամ։

Ի դեպ, այսօր ԵԽ-ում՝ գլխավոր քարտուղար Թյոբորն Յագլանդի գլխավորությամբ առաջին նիստն է գումարել միջազգային խորհրդատվական խումբը՝ Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների հետաքննման նպատակով։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել