Ուկրաինական ճգնաժամն ավելի է խորանում: Դրա կիզակետն այլևս ոչ թե Ղրիմն է, այլ երկրի արևելքը: Այդ շրջաններում, ինչպես բոլորս էլ գիտենք, բնակվում են մեծամասամբ ռուսախոսներ: Այսօրվա դրությամբ այդ մարդիկ նախաձեռնում են բազմահազարանոց հանրահավաքներ՝ իրենց համապատասխան շրջանների կարգավիճակները հստակեցնելու համար, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա այդ շրջանների բնակիչները ցանկանում են հանրաքվեներ անցկանել և միանալ Ռուսաստանին: Այժմ այս սուր ճգնաժամային իրավիճակում մեկնարկել է նաև ընթացող տեղեկատվական պատերազմի հերթական ճակատամարտը Արևմուտքի և Ռուսաստանի միջև. երկու կողմերն էլ իրադարձությունները մեկնաբանում են յուրովի:
Սկսենք ԱՄՆ-ից: Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ երկուշաբթի տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց, որի ժամանակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներն ինքնաբուխ շարժման տպավորություն չեն թողնում։ Վերջինս Լավրովին սպառնացել է նաև, որ Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու փորձերի համար Մոսկվան թանկ կվճարի: Քերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը գործակալներ է ուղարկում Ուկրաինայի արևելք՝ այնտեղ քաոս առաջացնելու համար։ Շատ չխորանալով ԱՄՆ-ի առանձին-առանձին կառույցների հայտարարությունների մեջ` պարզապես նշեմ, որ Սպիտակ տնից ևս անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին, և հիմնականում ասվել է, թե իբր ցուցարարների մեջ առկա են օտարերկրացիներ, ովքեր վարձատրվում են իրենց «նպատակային» գործունեության համար:
Ռուսաստանն էլ՝ ի դեմս արտգործնախարարության, պատասխանելով ԱՄՆ-ի մեղադրանքներին, վրդովմունք է արտահայտել, որ ուկրաինական դեպքերի առիթով ամեն անգամ մատնացույց է արվում Մոսկվան: Խնդրին անդրադաձել է նաև հենց ինքը` նախարար Սերգեյ Լավրովը՝ «Գարդիան»-ին տված հարցազրույցի ժամանակ: Վերջինիս խոսքերով, Ռուսաստանն իրականում միշտ սատարել է Ուկրաինային, մինչդեռ Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում խախտել է հավասարակշռությունը՝ թե´ անընդհատ ընդարձակելով ՆԱՏՕ-ն, թե´ առաջ տանելով Արևելյան գործընկերության ծրագիրը։ Լավրովն առիթը բաց չի թողել և վերահաստատել է Ռուսաստանի տեսլականը ճգնաժամի վերջնական լուծման ուղղությամբ` ասելով, որ Ուկրաինան պետք է դառնա ֆեդերատիվ երկիր, որը կպարտավորվի չմիանալ ռազմական դաշինքներին։ Իսկ երեկ Մոսկվայում Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում փորձելով մեղադրել Ռուսաստանին, ամերիկացիները, երևի, վիճակը գնահատելիս իրենց սովորություններն են վերագրում ուրիշներին:
Ամփոփելով երկու կողմերի գնահատականներն ու որակավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարելի է պարզապես եզրակացնել, որ ամեն մեկն իր «էշն է քշում», և այս պարագայում հավատալ մեկին, կամ էլ մյուսին, կնշանակե դառնալ քարոզչական պատերազմի զոհ: Այս պահվածքը նաև ցույց է տալիս, որ կողմերը պատրաստ չեն համագործակցելու միմյանց հետ և չեն տեսնում ընդհանուր եզր խնդրի կարգավորման ուղղությամբ: Արևմուտքը շարունակում է իր կապրիզը և փորձում է օր-օրի ընդլայնվող տնտեսական պատժամիջոցների միջոցով ծնկի բերել Ռուսաստանին և «իր շարքերն ընգրկել» (вербовать) Ուկրաինան, մինչդեռ Ռուսաստանն էլ իր հերթին չի զիջում իր կայսերապաշտական քաղաքականությունը և ցանկանում է ամեն գնով կա´մ իր շարքերն ընգրկել այդ երկիրը, կա´մ էլ առնվազն թույլ չտալ, որ հանկարծ դա անի Արևմուտքը:
Կարճ ասած՝ աշխարհաքաղաքական այս պայքարը շարունակվում է կատաղի կերպով, որի ընթացքում երկուսն էլ մեծ հաշվով թքած ունեն Ուկրաինայի կարճաժամկետ խնդիրների, ես կասեի զրկանքների վրա: