Թող որ մյուս մեռելները
թաղեն իրենց մեռելներին…
Երբ մարդն իր կյանքի գլխավոր նպատակ է հայտարարել ամեն գնով արագ հարստանալը, նվազագույն ջանքերով, քծնանքով ու շողոքորթությամբ իր անձի համար առավելագույն բարիք ձեռք գցելը, ուրիշի՝ պետության լինի, թե հասարակության, մերձավորի, թե հարազատ համարվողների հաշվին իր կյանքը «դասավորելը», ինչ գնով էլ լինի՝ իր բալիկին մի «փափուկ ապագայի» հասցնելը, կյանքը ուրախությունների ու զվարճությունների, հաճելի ճամփորդությունների ու խրախճանքների մեջ տեսնելը, երբ հասարակայնորեն արդարություն ու մարդկային առաքինություն, բարոյականություն և ազնվություն, հայրենասիրություն ու նվիրվածություն քարոզող մարդն իր գործունեությամբ, իր վարք ու բարքով հակառակ տրամաբանությամբ է շարժվում, նա՝ այդ մարդը, մեռած է, եթե անգամ առույգ քայլում և ճարտար խոսում է: Այսպիսի մարդկանցից կազմված հասարակությունները «ՀԻՎԱՆԴ» են և, տիեզերական տրամաբանության համաձայն, դատապարտված են կործանման, քանզի աշխարհին այլևս տալու բան չունենալով, զբաղված են միայն սպառմամբ, որով քայքայում ու խաթարում են տիեզերական ներդաշնակությունը: Եթե կան էլ, ապա նրանց գոյությունը ժամանակավոր է և պայմանավորված է նախկինում կուտակած և դեռ ամբողջությամբ չվատնված հոգևոր-բարոյականի մնացած փշրանքներով:
Հիմա դառնանք վարչապետի նշանակմանը… «Դրսի» համար ազնվության, արդարության ու բարոյականության, հայրենիքի ու ազատության և մի շարք նման բաների մասին յուրաքանչյուրիս վարած խոսակցությունները մի կողմ դնելով, առանց սեթևեթանքների, ուղիղ ու շիտակ ինքներս մեզ «դրսից» նայելով՝ բազում նմանություններ կհայտնաբերենք «հիվանդ» հասարակության նկարագրված պատկերի և յուրաքանչյուրիս միջև: Եվ թող առաջինը քար նետի նա, ով կասի թե ինքն անմեղ է…
Այս առումով յուրաքանչյուր առաջնորդ, տվյալ պարագայում վարչապետը, հասարակության վերոհիշյալ իղձերի ու նկրտումների, նրա հավաքական հոգեկերտվածքի, նրա ընդհանրական բարոյական կերպարի, նրա անմարմին, թաքուն մուրազների ու բաղձանքների անմիջական կրողն ու մարմնավորումն է լինելու: Միշտ է այդպես: Ինչպիսին որ հասարակությունն է, այնպիսին էլ նրա առաջնորդներն են...
Եթե մենք՝ ինքներս էլ այդ չգիտակցելով, ազգովի բռնել ենք ինքնաոչնչացման ճանապարհը, ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք բացի մեզանից, եթե իհարկե հասկանանք, որ այսպես ապրել այլևս չի կարելի, չի կարող մեզ այդ ճանապարհից հետ պահել… Հետևաբար, համաձայն ՎԵՐԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ, վարչապետ կնշանակվի մի այնպիսի անձնավորություն, ով էլ ավելի վարպետորեն, քան Տ. Սարգսյանն էր, կհարթի մեր ճանապարհն առ անէություն: Այնպես որ, հարգելիներս, ամուր կապեք ամրագոտիները… Դռները փակվում են… Հաջորդ կայարանը՝ ԴԺՈԽՔ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=499315366860571&set=np.28350397.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել