Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նոր վարչապետի մասին ենթադրությունները վերջին օրերին սկսեցին որոշակիանալ` կապված Հովիկ Աբրահամյանի անվան հետ: Վերջինիս վարչապետ դառնալու հարցը շատերը քննարկում են ՀՀ նախագահի այն խոսքերի համատեքստում, որ նոր վարչապետը բոլորի համար ընդունելի մարդ է լինելու: Բայց եկեք չմոռանանք, որ տվյալ դեպքում այդ «բոլորը» ոչ թե ՀՀ բոլոր քաղաքացիներն են, այլ Հայաստանի քաղաքական ուժերը, այն էլ միայն նրանք, որոնք ներկայացված են ԱԺ-ում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ վերջերս ընդդիմադիրները մի ամբողջ քաղաքական արշավ են սկսել կառավարության և ՀՀԿ-ի դեմ, ապա պարզ է դառնում, որ նոր վարչապետ նշանակելու անհրաժեշտությունը իշխող կուսակցությունը պետք է դիտարկի որպես առիթ և լավ հնարավորություն` միանգամից մի քանի խնդիր լուծելու համար.
ա/ չեզոքացնի ընդդիմադիրների ազդեցությունը քաղաքական-ինստիտուցիոնալ և հրապարակային ոլորտներում` թեկուզ և պառակտում մտցնելով «հրաշալի քառյակի» մեջ, ինչի համար, երևի թե, բավական է Հ.Աբրահամյանին նշանակել վարչապետ` միևնույն ժամանակ ԲՀԿ-ից ստանալով «հրաշալի քառյակից» դուրս գալու համաձայնություն;
բ/ անել ամեն հնարավորը` կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար, ինչը մեծ PR քայլ կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այլպես էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար;
գ/ լուծել նոր վարչապետի` հաջորդ նախագահ լինելու կամ չլինելու հարցը, թեպետ, համոզված եմ, որքան էլ նոր վարչապետն ասոցացվի հաջորդ նախագահի հետ, միևնույն է, դրա մասին այսօր բարձրացնելը խիստ վաժաղամ է;
դ/ Հ.Աբրահամյանն այսօր ի պաշտոնե երկրի երկրորդ դեմքն է, մինչդեռ դառնալով վարչապետ` դառնում է երրորդ դեմքը, և այնպես չէ, որ ոչ ոք դա չի հասկանում, և դա հնարավոր լինի ներկայացնել որպես պաշտոնի (հետևաբար նաև` վստահության) բարձրացում:

Բոլորն էլ հասկանում են, որ Հ.Աբրահամյանի վարչապետ դառնալը նշանակում է պաշտոնի նվազեցում, միևնույն ժամանակ առաջանում է նաև ԱԺ նախագահի հարց, որը ՀՀԿ-ի համար հերթական փորձություն է նշանակում:

Կգնա՞ այդ փորձությանը ՀՀԿ-ն, թե՞ կխուսափի ավելորդ ջղաձգումներից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել