Ինչպես կարմիր կովը համառորեն իր կաշին չի փոխում, այնպես էլ Ադրբեջանը՝ իր հակահայկական և ապակառուցողական քաղաքականությունը: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին մեր զինծառայողները կանխել են հակառակորդի դիվերսիոն գործողությունը, որի արդյունքում թշնամին ունեցել է երեք զոհ և վեց վիրավոր, մինչդեռ, փառք Աստծո, մեզանից ոչ մի զոհ չի եղել (հավանական վիրավորների մասին չի հաղորդվում): Այս ամենը կրկին և արդեն վատ «ավանդույթի» պես տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախատեսվում երկու երկրների նախագահների հանդիպումը: Եթե հիշում եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս հայտարարել էին, որ առաջիկայում կազմակերպվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Փաստորեն, նման միջադեպերը հիմնականում տեղի են ունենում կա՛մ այդ հանդիպումներից առաջ, կա՛մ հետո, կա՛մ էլ հա´մ առաջ, հա´մ էլ դրանցից հետո: Սա օրինաչափություև է, ճիշտ է, պրիմիտիվ, բայց` արդիական:
Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ նման պայմաններում խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին ոչ միայն ավելորդ է, այլև` միամտություն: Այնպես որ, ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում երկու երկրների նախագահների հանդիպումը առաջիկայում: Երբ ասում եմ՝ չեմ պատկերացնում, նկատի չունեմ միայն տեխնիկական հանդիպման փաստը. ի վերջո, հանդիպել հանուն հանդիպման, միշտ էլ կարելի է, և դատելով անցյալից, կարելի է ասել, որ նման հանդիպումներ եղել են և դեռ կարող են լինել, բայց փաստ է, որ այդ հանդիպումները գործնական հաջողություններ գրանցելու տեսանկյունից անիմաստ են: Այսօրվա դրությամբ կողմերի մոտեցումները ոչ թե գնալով մոտենում են, այլ դեռ մի բան էլ հեռվանում: Չեմ ուզում շաբլոն ինչ-որ միտք ասել, բայց սրանում հիմնական մեղավորը եղել է և մնում է Ադրբեջանը, քանի որ այս երկրի ախորժակն անսահման է. ադրբեջանցիներն իբր Արցախի հարցն արդեն լուծել են, հիմա էլ աչք են դրել Հայաստանի Հանրապետության տարածքների վրա և, ի դեպ, ամենաբարձր պաշտոնական մակարդակով:
Վերադառնալով, այնուամենայնիվ, այսօր տեղի ունեցածին, ցանկանում եմ պարզապես հպարտություն ապրել մեր մարտունակ և քաջ բանակի համար, սակայն, միևնույն ժամանակ, ինչքան էլ ուրախ լինենք այսօր, որ առանց զոհերի կարողացել են ետ մղել ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունը, պետք է մշտապես նկատի ունենանք, որ այն թշնամուն, որը մեզ ոչ բարով նվիրել է կյանքը, թշնամի եղել է և շարունակելու է մնալ դեռ երկարաժամկետ հեռանկարում: Ասածս այն է, որ մենք մշտապես պետք է լինենք աչալուրջ և պատրաստ, քանի որ Ադրբեջանի հետ լեզու գտնելն առայժմ բացառված է:



