Իվետա Եդիգարյանին շատերը կհիշեն «Վերվածներն ընտանիքում» հեռուստասերիալից իր ուրույն կերպարով: Երգչուհի դերասանուհին տևական ժամանակ է, ինչ բնակվում, ստեղծագործում և աշխատում է ԱՄՆ-ում:
ArmՏtar.am-ին դերասանուհին պատմել է ԱՄՆ մեկնելու, նոր աշխատանքի, սերիալներում չխաղալու, սպասվող նորությունների և այլ հարցերի մանրամասները:

Բնակվում եք ԱՄՆմն-ում, արդյո՞ք աշխատանքն էր պատճառը, որ մեկնել եք, թե՞ այլ խնդիրներ կային:
Բնակվում եմ ԱՄՆ-ում, սակայն այդ նպատակով չէի եկել այստեղ: Իմ գալը ստացվեց շատ պատահական: Պարզապես եկել էի ծնողներիս մոտ, իրենք այստեղ են բնակվում, հետո ինձ առաջարկեցին աշխատանք և որոշեցի մնալ, սկսեցի համակերպվել: Համոզված եմ, եթե մեր երկրում մարդիկ ապրեն բարեկեցիկ կյանքով, չասեմ շատ ճոխ, բայց գոնե օրվա հացը վաստակելու խնդիր չլինի, ոչ ոք մեր երկրից չի մեկնի: Ես չեմ ասի, որ ես կոնկրետ ունեցել եմ օրվա հացի խնդիր, բայց, ինչ խոսք, այստեղ աշխատանքդ ավելի է գնահատվում: Այստեղ ես օրինական եմ գտնվում, ցանկացած ժամանակ կարող եմ լինել թե՛ այստեղ և թե՝ Երևանում:
Նշեցիք աշխատանքի մասին, ինչո՞վ եք զբաղված:
Այստեղ երկու հայ երգիչների հետ աշխատում եմ «Hermitage» ռեստորանային համալիրում : Ունենք հրաշալի կոլեկտիվ, բոլորը հայեր են: Բացի այդ, նաև շուտով սկսում ենք նկարահանումները Գրիշա Սանդալյանի հետ: Միասին նոր նախագիծ ենք պատրաստում, որը մեծամասամբ նկարահանվում է Երևանում և շուտով կլինի եթերում:

Չե՞ք պատրաստվում վերադառնալ Հայաստան:
Ես կլինեմ և՜ Երևանում, և այստեղ: Իհարկե, եթե Երևանում ունենամ լավ առաջարկ, կմնամ, կհամագործակցեմ: Հուսով եմ, որ բոլորն էլ մի օր կվերադառնան Հայաստան:
Լինելով հայկական առաջին սերիալի դերասաններից, արդեն իսկ ճանաչված երգչուհի, երկմտանքի առաջ չկանգնեցի՞ք, երբ թողեցիք այդ ամենը և մեկնեցիք:
Ես ոչինչ չեմ թողել, ես շարունակում եմ այստեղ նույնպես երգել, նկարահանվել և վայելում եմ երկրպագուների սերն ու համակրանքը:

«Մի կյանք ես ապրում, պետք է այն լավ ապրես»,- նշել եք հարցազրույցներից մեկի ժամանակ: Ո՞րն է Ձեզ համար լավ կյանք ունենալու չափանիշը:
Ամեն մարդ մի կերպ է հասկանում լավ կյանք ասվածը: Ինձ համար առաջնային տեղում այն է, որ կարողանամ ապահովել դստերս ապագան, դա ամենակարևորն է: Ես չեմ դժգոհում իմ ապրած կյանքից, բայց գնալով հասկանում եմ, որ այստեղ կարող եմ հասնել նրան, որ երեխաս ունենա լավ ապագա և անգոհ կյանք:
Շարունակությունը` այստեղ