Այս տարվա մարտը շատ նման էր 1992-ի մարտին: Եթե այս առատ ձյունը չլիներ, երեւի չէի գրի այս մասին: Մի քանի օր տեղացող ձյան պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր հարձակումը: Տհաճ օր էր, զոհերը շատ շատ էին, Աշոտի տղերքն էին հիմնականում, ամբողջ գիշեր կրակոցներ էինք լսում: Մի քանի անգամ հրամանատարին՝ Ֆելիքս Ղզողլյանին, խնդրեցինք մեզ ուղարկի այդ ուղղությամբ, բայց նա մերժում էր, որովհետեւ ինչպես հետո պարզվեց առավոտյան մեր ուղղությունով պետք է մտնեինք Սրխավենդ: Չնայած գյուղը գրավել էինք, բայց ոչ ոք չէր ուզում առաջ գնալ: Չէ, զոհվելուց չէին վախենում՝ հոգնել էին: Այդ տարածքում մի քանի տասնյակ զոհեր էինք տվել: Ամարասի Արթուրն էլ էր այդտեղ ԲՄՊ-ով ականի վրա պայթել: Գործողությունները մի քանի ուղղություններով էր եւ բոլոր ուղղություններով չէր, որ հաջողության էինք հասել:
Կիչանի աղբյուրը նշանառության տակ էր ու այնտեղից ջուր բերելը վտանգավոր էր: Մի քանի օր ձնաջուր էինք խմում: Տիգրան էլ տներից մեկից մի բալոն դոշաբ էր գտել ու դրանով մեզ «պաղպաղակ» սարքել: Ձյունը դոշաբով կերանք ու բոլորս այդ օրը դրսերում զուգարաններ էինք փնտրում: Հերթապահության կանգնածների բախտները բերել էր, երբ վերադարձան «պաղպաղակի» վտանգավոր լինելն արդեն բացահայտված էր: Սրխավենդի մարտի մասին մի օր կհանեմ գրառումներս, հարձակումը սկսելուց որոշ ժամանակ հետո ընկերներիցս մեկի հետ հայտնվել էինք գյուղի ծայրի առաջին տան մեջ ու դարձել թիրախ, իսկ տղաները հասցրել էին տունը վառել...
Մի քանի անքուն գիշերներից, խրամատներում օրերով կանգնելուց հետո մտել էինք ադրբեջանական Սրխավենդ գյուղը: Ադրբեջանցիները սկսեցին նահանջել, ու նահանջը խուճապ էր դարձել. նրանք, դիրք ու բարձունք թողած, փախչում էին: Սրխավենդում դիմադրությունն ուժեղ էր, բայց դրանից հետո խուճապ սկսվեց ու ադրբեջանցիներն ամեն ինչ թողած փախչում էին: Այդ չափի զինամթերք մեկ էլ Խոջալուում էինք վերցրել: Պարզվեց Սրխավենդը ռազմակայան էր: Մարտի ելքը որոշված էր, բայց հրաման կար առաջ գնալ: Առաջ գնալ, դիրքավորվել: Մտածում էինք՝ ինչպես պետք է առաջ գնայինք: Հոգնած էինք ու ոչ ոք չէր ուզում առաջ գնալ: Առանց մարտի առաջ գնալը տհաճ է, ձյուն էր, ծանրացած կոշիկներ, թաց շորեր: Քայլել, առաջ գնալ, քո քայլելու տեւողությունը կախված է թշնամու նահանջի, խուճապի չափից:
-Էս ինչքան են փախել սրանք,- քթի տակ փնփնթաց Հովսեփը:
-Հա, գոնե էն դիմացի բարձունքին կանգնեին, հարմար էլ դիրք է,- նայելով հեռվում երեւացող բարձունքին՝ շարունակեց Գագոն:
Դիմացի բարձունք հասանք երկու ժամ հետո, ստորոտում գյուղ էր, որից հետո դաշտավայրն էր: Հեռվում նշմարվող ճանապարհին երեւում էին գյուղը լքող բեռնատարները: Մենք շարունակում ենք քայլել, հրամանն այդպիսին էր: Քայլում էինք դեպի դաշտավայրի բերանին կանգնած գյուղ: Հետո հիշեցի որ այդ օր մարտի 12-ն էր: Գիշերն անցկացրինք մի տան մեջ՝ գետնին փռված, վառարանի կողքին: Խաղաղված ու անտարբեր հայացքով իրար էինք նայում: Տղերքը մի հնդկահավ էին խփել ու փետրահան էին անում դրսում: Ես ու Հրայրը ոտքներս վառարանին կպցրած քնել էինք մի քանի ժամ: Հաջորդ օրը զինամթերքով բարձած տրակտորը բրդելուց ողնաշարիս դիսկերը տեղահան եղան, դա, իհարկե, հետո իմացա: Զինամթերքը հասցրինք Մարտունի, որտեղ տեղակայված էր մեր 17-հոգանոց ջոկատը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել