Aroxj.am-ը գրում է.
Վիրուսային հեպատիտների դեպքում երբեւիցե չի բարձրաձայնվում, թե որ երկրում քանի ինֆեկցված մարդ կա: Գոյություն ունեն աշխարհագրական տարածվածության մակարդակներ՝ ցածր, միջին եւ բարձր։ Հայաստանը հեպատիտ B եւ C վիրուսների տարածվածության մակարդակով գտնվում է միջանկյալ դիրքերում։ Այս մասին հայտնեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։
Նրա խոսքով, հեպտաիտ C-ն ունի աճման տենդենց, եւ 10 տարի հետո այն կկրկնապատկվի, կաճի նաեւ մահացությունը այս հիվանդությունից. <<Նախնական տվյալներով հեպատիտ B –ի տարածվածությունը կազմում է 1-2% (միջին տարածվածություն), հեպատիտ C-ի՝ 4%: Վիրուսային հեպատիտով աշխարհում վարակված է 600 մլն մարդ, որից 400 միլիոնը՝ հեպատիտ B –ով, իսկ 200՝ C-ով։ Սա նշանակում է, որ աշխարհում ամեն 11-րդը ունի հեպատիտ»:
Հեպատիտի բարդություններն են լյարդի ցիռոզը, լյարդի անբարարությունը եւ լյարդի առաջնային ուռուցքը: Առաջիկայում Հայաստանում կանցացվեն նոր լայնածավալ հետազոտություններ վարակվածության աստիճանը ստուգելու համար:



