Ուկրաինայի ճգնաժամը թևակոխում է նոր փուլ: Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների անարդյունավետությունը սադրում է Ռուսաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելյան շրջանների հարցը «լուծելու» ուղղությամբ:
Տեսեք, պայմանականորեն ասած, մարտ ամսից մենք այդ շրջանների ռուսախոս բնակիչների կողմից ականատեսն ենք լինում բազմահազարանոց հանրահավաքների, ովքեր չեն ճանաչում Ուկրաինայի հեղաշրջումից հետո եկած նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այժմ, սակայն, մենք տեսնում ենք ակտիվիստների կողմից «մի քիչ» ավելի վճռական քայլեր, որոնք ընդհանուր առմամբ ավելի են սրում երկրում տիրող անկայուն իրավիճակը:
Այսպիսով՝ երեկ` ապրիլի 6-ին, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկ, Խարկով և Լուգանսկ քաղաքներում կրկին եղել են հանրաքվեներ, որոնց բոլորի ժամանակ եղել է միևնույն պահանջը` դաշնայնացնել Ուկրաինան, ասել է թե, կատարել Ռուսաստանի հիմնական պահանջը ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Բանը հասել է նրան, որ Դոնեցկում և Խարկովում ցուցարարները կարողացել են իրենց հսկողության տակ վերցնել շրջանային վարչության շենքերը, իսկ Լուգանսկում՝ Ուկրաինայի անվտանգության խորհրդի շրջանային վարչությունը: Ակտիվիստները Գեորգյան ժապավեններ և ռուսական դրոշներ են ամրացրել գրավված շենքերի վրա:
Ուկրաինայի իշխանություններն արդեն արձագանքել են այս ամենին` գործ բացելով քրեական օրենսդրության մի շարք հոդվածների համաձայն («զանգվածային անկարգություններ», «խուլիգանություն» և այլն):
Բանն այն է, սակայն, որ նման հանրահավաքներ, բողոքի ակցիաներ մենք արդեն առնվազն մեկ ամիս է, ինչ տեսնում ենք, նույնիսկ եղել են դեպքեր, երբ կարճ ժամանակով գրավվել են շրջանային վարչության շենքեր, բայց իրավիճակը որպես այդպիսին չի փոխվել: Այնպես որ, այժմ հետաքրքիր է տեսնել, թե այս ամենն ինչքան հեռուն կարող է գնալ, բացի նման կարճաժամկետ և էմոցիոնալ ֆոնին կատարվող գործողություններից:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երկրի արևելքի հարցը կլուծվի առանց արյան: Արդյո՞ք կկարողանան Ուկրաինայի իշխանությունները լուծել այս հարցը խաղաղ ճանապարհով, արդյո՞ք այդ շրջաններում Ռուսաստանի հետ ինտեգրվելու կողմնակիցները չեն կարողանա ավելի համախմբվել և հարցին հաղորդեն ավելի մեծ լրջություն, և ի վերջո, ինչպե՞ս այս ամենին կարձագանքի Ռուսաստանը: Այս վերջին հարցը, կարծում եմ՝ ամենակարևորն է, քանի որ մեծ հաշվով Ռուսաստանն է հանդիսանում այն ուժը, որն ի զորու է այս շարժումը տանել իրեն ձեռնտու ցանկացած ուղղությամբ:
Ես անկողծորեն ցանկանում եմ, որ Ռուսաստանն ու Արևմուտքն օր առաջ գան համաձայնության ուկրաինական ճգնաժամի շուրջ, որպեսզի այս ամենին շուտափույթ կերպով վերջ դրվի: Սա, վերջիվերջո, վտանգում է առնվազն տարածաշրջանային անվտանգությունը: Պատահական չէ, որ ես քիչ առաջ ասացի համաձայնություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ի վերջո, ե՞րբ եք տեսել, որ Ռուսաստանը բանակցի Ուկրաինայի հետ՝ թե´ Ղրիմի, թե´ առհասարակ մնացած բոլոր հարցերի շուրջ: Ամբողջ գործընթացն այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Արևմուտքի ձեռքերում է: Ես կարծում եմ, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար (այլև առանց Ղրիմի) անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբեր այդ երկու կենտրոնների միջև: Անձամբ ինձ համար կոնկրետ այդ փոխզիջումային տարբերակը Ուկրաինայի` դաշնային և նեյտրալ պետություն դառնալն է: Կարծում եմ՝ սա իրավիճակը կայունացնելու համար օբյեկտիվ անհրաժեշտություն է: Սրա այլընտրանքը, ամենայն հավանականությամբ, կլինի Ուկրաինայի պառակտումը: