ArmnewsTV.am-ը գրում է.
Վահրամ Արիստակեսյան, արվեստագետ, որի անունը հնարավոր է այսօր միայն նեղ մասնագիտական շրջանակում հիշեն: Այնինչ քչերը գիտեն, որ նա Հայաստանում պարարվեստի հիմնադիրն է: Չնայած բժշկական կրթությանը, հենց նա է եղել պարարվեստի ուսումնարանի առաջին տնօրենը: Տարիներ շարունակ էլ պարարվեստի գործիչները հարց են բարձրացնում, որ ուսումնարանը անվանակոչեն Արիստակեսյանի պատվին:
Վահրամ Արիստակեսյանի կյանքի պատմությունը իսկական գեղարվեստական գիրք է հիշեցնում: Ծնվել է 1899թ.-ին Էրզրումում: Եղեռնից մազապուրծ եղածների հետ հասել է Արևելյան Հայաստան, ընթացքում հասցրել է ուսանել «Գթության եղբայրներ»-ի դպրոցում ու նույնիսկ որպես Ֆելդշեր աշխատել անձամբ Զորավար Անդրանիկի գումարտակում:
Այդ տարիներից սկսվում է Արիստակեսյանի աստղային ժամը: Թբիլիսիում պարային կրթություն է ստանում ու հենց այնտեղ էլ` օպերայի և բալետի թատրոնում աշխատանքի է անցնում որպես գլխավոր բալետմեյստեր: Հենց այդ ժամանակ է,որ Արիստակեսյանի մասին իմանում է Ասքանազ Մռավյանը ու հրավիրում Հայաստան, բացելու պարարվեստի, այն ժամանակ, դեռ ակադեմիան: Ալեքսանդր Սպենդիարյանի հրավերով էլ, Վահրամ Արիստակեսյանը գալիս է օպերային թատրոն: Բեմադրվում են մեկը մյուսից անշլագային ներկայացումներ, որոնց հաջորդում է փայլուն հաղթանակներն ու ճանաչումը Ռուսաստանում ընթացող Սպարտակիադայի ժամանակ: Բայց եկավ չարաբաստիկ 37 թվականը ու հենց օպերային թատրոնում, «Ջրահարսը» բալետի փորձի ժամանակ Արիստակեսյանը ձերբակալվում և աքսորվում է Կալիմա, այնտեղ անցկացնելով 10 տարի:
Աքսորից վերադառնալուց հետո Վահրամ Արիստակեսյանը որոշեց իր առաջին մասնագիտությամբ աշխատել: Սակայն, ի վերջո, նրա մեջ հաղթեց պարողը, ու բժշկությանը զուգահեռ նա զբաղվեց Աշնակ գյուղի ինքնագործ պարի խմբի դաստիարակությամբ ու նրանց հասցրեց մինչև համաշխարհային փառատոնի ոսկե մեդալակրի կոչման:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ