Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես հիշում եք, միջազգային հանրության մի շարք կարևոր երկրներ արձագանքեցին: Ոմանք մտահոգություն հայտնեցին, ոմանք դատապարտեցին: Հիշում եմ, որ դեպքերի կապակցությամբ առաջինը հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարարությունը և խստորեն դատապարտեց ահաբեկիչների կողմից հայաբնակ շրջանի ներխուժումը և կոչ արեց միջազգային հանրությունը ուշադրությունը սևեռել այդ խնդրի ուղղութայմբ: Մի խոսքով, եղավ շատ լայն և մանրամասն անդրադարձ խնդրի մասին: Հիշում եմ նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս արձագանքեց` գրեթե մեկ նախադասությամբ «մտահոգություն» հայտնելով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մի խոսքով, միևնույնն է, ընդհանուր առմամբ որպես այդպիսին միասնական արձագանք միջազգային հանրության կողմից այդպես էլ չեղավ:
Ինչևէ, հարկ է հիշել, որ այս ամենից հետո հիմնականում բոլորը սևեռվեցին Ռուսաստանի արձագանքի վրա՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանը սա ոչ այնքան անում է մեզ համար, որքան սեփական շահերից ելնելով: Գիտեք՝ ինչ, նման կարծիքների հետ կարելի է և համաձայնել, և՝ ոչ, բայց մինչ դրան անդրադառնալը ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ ուշագրավ փաստի վրա, որը տեղի է ունեցել քիչ առաջ:
Բանն այն է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցանկացել է ներկայացնել նախագիծ, որով կդատապարվեին Քեսաբում գրոհայինների գործողություններն ու Լաթաքիա նավահանգստի գնդակոծությունները, բայց արևմտյան երկրները փաստացի «թույլ չեն տվել»: Եթե ավելի կոնկրետ լինենք, ապա լավ կլինի մեջ բերել ռուսական ներկայացուցչությունից ստացված տեղեկությունը, որը տարածվել է թե´ հայկական, թե´ ռուսական մամուլում: Այսպիսով՝ ռուսական ներկայացուցչությունը հիմնականում ասել է հետևյալը. «Մեր առաջարկները, որոնց համաձայն դատապարտվում են սիրիահայերով բնակեցված Քեսաբ ավանի վրա սիրիական ընդդիմադիր խմբավորումների, որոնց թվում են «Ալ Կաիդայի» հետ կապված խմբավորումները, վերջին հարձակումները աջակցություն չեն ստացել Անվտանգության խորհրդում մեր արևմտյան գործընկերների կողմից»:
Հիմա ի՞նչ: Կրկին ասենք, որ Ռուսաստանը ոչ թե հայանպաստ գործունեություն է ծավալում, այլ կոնկրետ գործում է իր շահերից ելնելով: Գիտեք՝ ինչ, գուցե, բայց փաստը մնում է փաստ, որ տվյալ գործունեությունը բխում է նաև մեր առանցքային շահերից: Այնպես որ, փոխարենը Ռուսաստանին քննադատենք լավ կլինի առաջին հերթին փորձենք ճշտել, թե այդ ինչու Ռուսաստանի, այսպես ասած, «արևմտյան գործընկերները», որոնք, ի դեպ, նաև Հայաստանի «գործընկերներն» են, չեն պաշտպանել այդ նախաձեռնությունը: Չէ՞ որ նույն ինքը՝ ԱՄՆ-ն, ևս անդրադարձավ այդ խնդրին և դատապարտեց գրոհայինների գործողությունները:
Գիտեք՝ ինչ, ես մեծ հաշվով թքած ունեմ, թե ով ինչ կասի Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ ու շատ անգամ ես ինքս եմ քննադատում այդ երկրի՝ երբեմն ոչ հայանպաստ քաղաքականությունը, բայց այս պարագայում ես ընդամենը կարող եմ շնորհակալություն հայտնել այդ երկրից, որ ի լուր աշխարհի փորձում է բարձրացնել մի հարց, որին մենք մեր ամբողջ ռեսուրսներով չկարողացանք պատշաճ հնչեղություն հաղորդել: Հիմա դա Ռուսաստանի շահերից էլ է բխում, թե` ոչ, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Մի բան հստակ է, որ այս հարցում Ռուսաստանից մենք ստացել ենք և շարունակում ենք ստանալ լիակատար աջակցություն, որից պետք է օգտվել, այլ ոչ անհիմն դա քննադատել:
Հ.Գ. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկին. «Քեսաբում գործողություններն անպայման կքննարկվեն Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հանդիպմանը, որը նշանակված է ապրիլի 30-ին: Մենք դա պահում ենք ուշադրության կենտրոնում»: