Տիգրան Սարգսյանի հրաժարականը անխուսափելի էր և սպասված: 

Իշխանության գալով որպես Սերժ Սարգսյանի անձնական գլխավոր խորհրդական և միաժամանակ իր իսկ խորհրդով կայացված որոշումների գլխավոր կատարող՝ Տիգրան Սարգսյանն աննախադեպ ազդեցություն ուներ նախագահի պաշտոնը յուրացրած անձի վրա: 

Վերջին տարիների իշխանական բոլոր, ոչ միայն տնտեսական, այլև անգամ արտաքին քաղաքական «հավակնոտ նախաձեռնությունների» հիմքում Տիգրան Սարգսյանի առաջ մղած գաղափարախոսությունն էր, որը լավագույնս շարադրված էր իր հեղինակած և խիստ խորհրդանշանական վերնագիր կրող «Պետության վախճանը» հոդվածում: 

Դատապարտված պետությանը, ըստ այլևս նախկին վարչապետի, պետք է փոխարիներ ապատարածքային և գլոբալ համակարգում սերտաճած «հայկական աշխարհը»՝ իր համահայկական բանկերով ու համալսարաններով: Անկարևոր դարձող տարածքների անիմաստ պաշտպանության վրա խնայված միջոցները պետք է ծախսվեին երիտասարդներին մրցունակ կրթություն ապահովելու և արդյունքում գլոբալ կառույցներում նրանցից շատերի առաջխաղացման վրա:

Անհայրենիք հայկական աշխարհի գլոբալ ինտեգրմանը պետք է օգնեին սերժ-թուրքական փրոթոքոլները, օտարալեզու հանրակրթությունը և պետականորեն հովանավորվող կրթական արտագաղթը, տնտեսությունում արտադրական ուղղվածությունից վերջնական հրաժարումը և զուտ ֆինանսական ոլորտի գերակայություն հաստատելը, արտաքին պարտքի և տնտեսական կախվածության մեծացումը, վերջապես Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

Սակայն Տիգրան Սարգսյանի գրեթե բոլոր գաղափարները հանդիպեցին ժողովրդական հակազդեցության: Տապալվեցին փրոթոքոլները և դրանցով պայմանավորված տարածքային զիջումները Արցախում: Քաղաքացիները ընդվզեցին ինչպես օտարալեզու դպրոցների, այնպես էլ կենսաթոշակային բռնության դեմ: Իսկ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի անսպասելի և մեծապես հարկադրված որոշումը ամբողջությամբ զրոյացրեց նախկին վարչապետի գաղափարախոսության և ծրագրերի հեռանկարը: Այդ ընթացքում բավականին հեղինակազրկված և խելացի մասնագետի կերպարը այլևս կորցրած վարչապետը չէր տեղավորվում Սերժ Սարգսյանի նոր կողմնորոշման շրջանակներում:

Տիգրան Սարգսյանի հրաժարականով ամեն ինչ նոր է սկսվում: Այդ հրաժարականը Սերժ Սարգսյանի անփառունակ իշխանության հոգեվարքի միայն առաջին դրսևորումն է: Իր իշխանության ողջ ընթացքում կախված լինելով Տիգրան Սարգսյանի մտքերից և գործնական հմտություններից՝ Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանա լուծել համարժեք փոխարինման խնդիրը սեփական նեղ թիմի շրջանակում, որտեղ գլխավորապես արևմտամետ դեմքեր են: Պաշտոնապես հռչակված ռուսական կողմնորոշումը ավելի հարազատ է Ռոբերտ Քոչարյանին, այդ կողմնորոշման հենքի վրա գործող «քառյակի» կուսակցություններից երեքին, ինչպես նաև ՀՀԿ-ի մի հատվածին, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որը 2007թ.-ից երկրորդ պլան էր մղված:

Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանին մնում է երկու հնարավորություն. իշխանությունը հանձնել ռուսական կողմնորոշման թիմին, դրանից ընտրելով անձամբ իր համար առավել ընդունելի անձերին, որոնք ոտնձգություն չեն կատարի իշխող ընտանիքի նյութական շեհերի նկատմամբ, կամ գտնել ապաքաղաքական հեղինակավոր անձ, կառավարությունը նրան հանձնելով, մեղմել հակաիշխանական տրամադրությունները և ժամանակ ձգել մինչև նախագահական ժամկետի ավարտը:

Բոլոր դեպքերում, թեև Տիգրան Սարգսյանի հրաժարականը ցանկալի էր բոլորին և այն կարելի է ժողովրդական ընդվզման արդյունք համարել, սակայն դրա հետևանքով ձևավորված նոր իշխանական իրողությունը ոչ մի կապ չի ունենա ժողովրդական երազանքի հետ:

Մեզ սպառնում է ռուսական գաղութային վարչակազմի հաստատում, ապազգային հին համակարգի պայմաններում, և ռուսական հովանավորությամբ պաշտպանված հին ու նոր իշխանավորների էլ ավելի մեծ սանձարձակություն:

Գլխավոր դասերը, որ պետք է ստեղծված իրավիճակից քաղի հայ ժողովուրդը, հետևյալն են՝

1. Արտաքին որևէ կողմնորոշման կամ որևէ գլոբալ կառույցի մեջ ձուլվելու յուրաքանչյուր փորձ հանգեցնում է ինքնիշխանության կորստի, որից հետո քո բախտը որոշում ես ոչ թե դու, այլ օտար ուժեղներից նա, որի ուժային, ռեսուրսային ազդեցությունը ավելի մեծ է: 

Տվյալ դեպքում Հայաստանի քաղաքական վերնախավի եվրոպական կամ արևմտյան կողմնորոշման բոլոր փորձերը միշտ հանգել են Ռուսաստանի գիրկը սայթաքելուն: Թափ հավաքող ռուսական կողմնորոշումն էլ, Մոսկվայի անխուսափելի թուլացման արդյունքում, անխուսափելիորեն հանգեցնելու է որպես ռազմավար Արևմուտքին հանձնվելուն: 

Միայն արտաքին կողմնորոշումներից հրաժարվելով է, որ հնարավոր է պահպանել ինքնուրունությունը, երաշխավորել անվտանգությունը, ապահովել զարգացում:

2. Ժողովրդական, քաղաքացիական շարժումների զուտ բողոքային տեսակը, որն իր մեջ չի ներառում ազգային-քաղաքական փոփոխությունների մշակված ծրագիր, անգամ հաղթելու դեպքում, կարող է հանգեցնել միայն պալատական իշխանափոխության, մեկ անընդունելի վարչախումբի մեկ այլ իր նման վարչախմբով փոխարինման: 

Ցանկալի արդյունքների համար քաղաքական ինքնակազմակերպումն անխուսափելի է: Հեղինակազրկված հին ու կեղծ կուսակցությունների պատճառով առաջացած հակակուսակցական տրամադրությունները իրական հիմք չունեն և մեծապես խանգարում են հանրության քաղաքական կազմակերպմանը: 

Հայ ազգին պետք են հեղափոխական ազգային-քաղաքական ծրագրեր, դրանք կրող ընտրված առաջնորդներ և թիմեր, կազմակերպված համակիրներ, որոնք կարող են ոչ միայն փողոցում պայքարել, այլև մասնակցել ընտրություններին, այլ կերպ ասած իսկական, այլ ոչ թե ռևանշիստական կամ օլիգարխիական կուսակցություններ:  

3. Ներկա իշխանավորները վաղ թե ուշ հեռանում են: Դա անխուսափելի է: Սովորաբար հեռանում են իրենց նախընտրած պահին և ձևով, փորձելով ապահովել որոշ ժառանգականություն: Ու այնքան կարևոր չե նրանց հեռացնելը, որքան այդ հեռացման պահին ազգընտիր այլընտրանք ունենալը, վարչախմբի և համակարգի վերարտադրությունը թույլ չտալը: Էլ ավելի կարևոր է իշխանափոխության հիմքում քաղաքական բովանդակություն դնելը, ազգային-քաղաքական նպատակների վերանայումը, հեռացող իշխանության հետ նրա ապազգային նպատակների մերժումը: Սակայն, հաճախ ժողովրդական եռանդը մաշվում է «ընդդեմ» պայքարում և ոչինչ չի արվում «հանուն» նպատակներ սահմանելու համար: Դրա համար նույնպես անհրաժեշտ են քաղաքական կազմակերպություններ և դրանց տևական աշխատանք նախքան իշխանափոխությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել