Երեկ, երբ հայտարարվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հրաժարական, ազգովի շոկ ապրեցինք: Թերևս չկա որևէ մեկը, ով այժմ կարող է ասել, որ ակնկալում էր վարչապետի հրաժարականը հենց այդ պայմաններում և հանգամանքներում: Բայց դա թողնենք մի կողմ, քանի որ եղածը եղած է և այլևս անցյալ: Կարծում եմ՝ հիմա ավելի շատ հետաքրքիր է հասկանալ, թե որոնք էին վարչապետին հանելու դրդապատճառները. ինչո՞ւ հիմա և առհասարակ ինչո՞ւ ընդհանրապես:
Դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ, բայց մինչ դրանց անդրադառնալը ցանկանում եմ նախօրոք ասել, որ օֆշորային սկանդալը, պարտադիր կենսաթոշակային համարկարգը, ամենայն հավանականությամբ, ոչ մի ուղղակի կապ չունեն: Ինչպես հիշում եք, նախագահը ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ լավ էլ պաշտպանեց «պարտադիրը», ասել է թե, վարչապետի խոշորագույն ծրագրերից մեկը, իսկ օֆշորային սկանդալի, ինչպես նաև վարչապետի անվան հետ կապված այլ աղմկահարույց դեպքերին նույնիսկ հարկ չհամարեց անդրադառնալ: Այսինքն՝ կանգնեց վարչապետի մեջքին:
Հիմա անցնենք հնարավոր դրդապատճառներին: Տեսեք, անկախ նրանից, որ նախագահը սատարում էր (է) վարչապետին, հարկ է արձանագրել, որ այդ մարդու հեղինակությունը հասարակության աչքերում պարզապես զրոյացել էր, իսկ նման միտումը անխուսափելիորեն վնասում էր թե´ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ի հեղինակությանն ու վարկանիշին հանրապետական մասշտաբում, թե´ հատկապես ՀՀԿ-ի առաջնորդ և երկրի նախագահ Սերժ Սարգսյանի նույն հեղինակությանն ու վարկանիշին: Այնպես որ, ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշել են Տիգրան Սարգսյանին քավության նոխազ սարքել վերջին տարիներին ձախողված տնտեսական և ընդհանուր առմամբ ներքին քաղաքականության համար և հասարակությանը ներկայացնել, որ սկսում են «մաքուր էջից», և ով գիտե, գուցեև սկսեն այդ մաքուր էջից, չնայած որ դա խիստ կասկածելի է:
Մյուս կողմից, ելնելով հենց նույն վարկանշային խնդրից, չի բացառվում, որ տվյալ որոշումը պարզ մարտավարական հնարք է. առաջին հայացքից չեզոքացվում է վարչապետը, որպեսզի իշխանությունները սկսեն «մաքուր էջից», բայց իրականում սրա միջոցով փորձ է արվում նվազեցնել առկա սոցիալական դժգոհությունը, առանձնացնել վարչապետի անձի ու գործունեության ասոցացումը նախագահի հետ, և դրան ի հավելումն, բարձրացնել հենց վերջինիս հեղինակությունը: Ի վերջո, ՍԴ որոշումը որոշ առումներով հեղափոխական էր, իսկ մենք շատ լավ գիտենք, որ մեր երկրում նախագահը շատ հանգիստ կարող էր մի զանգ կատարել ՍԴ և «խնդրել» Գագիկ Հարությունյանին՝ ընդունել «համապատասխան» որոշում: Բայց նախագահը դա չարեց: Իսկ այս համատեքստում կարելի է դրան ի հավելումն ասել, որ Սերժ Սարգսյանը գնաց ոչ իշխանական չորս ուժերին և հասարակության մեծ մասին ընդառաջ և ազատեց աշխատանքից վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի հեղինակությունը կարող է այս ամենից շահել, որը կարող է դրական անդրադառնալ նախագահի հետագա կարիերայի համար:
Հաջորդ հավանական պատճառը կարող է պարզապես լինել «Մայդան» կանխելու փորձը: Ի վերջո, ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը բավական նպաստավոր է, որպեսզի որոշ ներքին ուժեր՝ արտաքին որոշ ուժերի օժանդակությամբ, կարողանան երկրում հաջողացնել հեղաշրջում: Այդ կապակցությամբ չի բացառվում, որ սա պարզ քաղաքական հեռատեսությամբ թելադրված քայլ է:
Այսօրվա դրությամբ հստակ ինչ-որ եզրահանգումների գալը գործնականում հնարավոր չէ: Ի վերջո, մինչև իշխանությունների մաս չկազմես և, կոպիտ ասած, «ներսի մարդ» չլինես, բարդ է 100%-ոց կանխատեսումներ անել: Սպասենք առաջիկա զարգացումներին, որոնք ավելի շատ լույս կսփռեն այժմ կատարվող գործընթացների վրա:
Հ.Գ. Կա ևս մեկ տարբերակ. գուցե Տիգրան Սարգսյանը հոգնե՞լ է պաշտոնավարելուց և որոշել է անցնել վաստակած հանգստի՞: