Այնքան ցավ ապրեցի` իմանալով, որ երեկ` հուլիսի 12-ին, վախճանվել է 102-ամյա նկարչուհի, Կարսի Առաքելոց վանքի վերջին քահանայի թոռնուհի Հեղինե Աբրահամյանը, ով նաև Կարսի գրավման և հայերի տեղահանման զարհուրելի իրադարձությությունների ականատեսներից էր:
Միգուցե տարօրինակ թվա, բայց անգամ այդ տարիքում նկարչուհու մահն ինձ համար անսպասելի էր, քանի որ այդ կնոջ միտքն ու եռանդը երբեք չէին ծերանում:
Անգամ այդ տարիքում չէր դադարում նկարել: Ապրում էր միայնակ, ամուսնացած չէր ու ժառանգներ չուներ, բայց երբ գիտեր, որ իրեն հյուր ես գնալու, անպայման իր ձեռքով որևէ բան էր պատրաստում:
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում նրա վաստակը շատ մեծ է եղել, անվանի մի շարքարվեստագետներ է պատրաստել:
Հեղինե Աբրահամյանին տանջող ամենամեծ միտքը Ցեղասպանությունն էր, որի ականատեսն էր եղել մանուկ ժամանակ: Ասում էր, որ տարիների հետ հիշողություններն ավել դառն ու անտանելի էին դառնում, ուստի ուզում էր անվերջ խոսել դրա մասին, պատմել, դատապարտել…
Վերջին անգամ նրա հետ հեռախոսազրույց ունեցա այս տարվա ապրիլի 24-ին, հենց այդ օրն էլ բլոգումս դրեցի նրա մասին գրած նյութերիցս մեկը:
Բայց ամենացավալին այն է, որ այդ պատկառելի կինն, անգամ, հոգեհանգստի չի արժանանալու. վաղը հենց դիահերձարանից տանելու են գերեզմանոց…չգիտեմ, կարծում եմ` գոնե Նկարիչների միությունը, որի անդամ էր Հեղինե Աբրահամյանը, պետք է մի բան աներ, եթե անգամ նրա բարեկամները չէին անում:
Կանցնեն տարիներ, ու նրա արվեստը շատ բարձր կգնահատվի: Բայց պատմության մեջ երբեք չի սրբագրվի նկարչուհուն այդքան անշուք հրաժեշտ տալու իրողությունը: