Հանրահայտ երգն ասում է. «Ծառերը ծաղկում են տարին մի անգամ...»։ Բայց դու ծառ չես, ինչո՞ւ կյանքում միայն մի անգամ ծաղկես։ Մի երգ, որ կրկնում ես շարունակ, ձանձրանում ես, մի կերակուրը, որ չորս անգամ իրար վրա ուտում ես, էլի ես ձանձրանում։ Կարո՞ղ ես վեց անգամ դիտել միևնույն ներկայացումը կամ կինոն ու չձանձրանալ։

Այդպես էլ ամուսնությունը։
Երկու տարի մի կնոջ հետ ապրել ես, իրար «ջան» եք ասել, «ջան» լսել, և սիրտդ մի ուրիշ կնիկ է մտել։ Այստեղ ամաչելու ու վարանելու բան չկա, որ կնիկդ մի օր «ջան» է ասում, դու էլ «չոռ» ասա։ Բան է, եթե ինքը «չոռ»-իդ «ջան»-ով պատասախանի, հիմա էլ «զահուրմար» ասա։ Ու կտաք՝ կռվեք։ Դե պարզ բան է, կռվի մեջ չամիչ չեն բաժանում... Կնիկդ հենց որ հերանց տան ճանապարհը բռնեց, դու էլ սիրեկանիդ տան ճանապարհը բռնիր։

Սիրեկանիդ անունն ի՞նչ է. ասենք՝ Մերի է։ Գնում ասում ես՝ Մերի, ախր, ինչո՞ւ առաջինը քեզ չեմ հանդիպել ու քեզ հետ կյանքս կապել։ Վե՛րջ, սպանես էլ, ես քեզնից հեռացողը չեմ։ Եթե մի քիչ համառի, լվացքի թոկը վիզդ գցի և ցույց տուր, որ իսկապես ուզում ես կախվել։ Բան է, թե որ չհավատա, թոկի մի ծայրն էլ նրա վիզը գցիր ու ասա՝ միասին ենք կախվում։

Երկրորդ կնոջդ հետ արդեն մի վեց ամիս ապրել ես, և հանկարծ մի ուրիշն է սիրտդ մտել։ Հիմա կարող ես շաբաթը երկու անգամ հարբած տուն գալ, ամեն դատարկ բանի համար կռիվ սարքել, երանի տալ այն օրերին, երբ ապրում էիր առաջին կնոջդ հետ։ «Ինչպե՜ս սխալվեցի,- կասես,- իմ գյոզալական կնիկը թողած, այս օձն ինչպե՜ս փաթաթվեց վզիս»։

Վերջ, հասել ես նպատակիդ։ Կարող ես երրորդ աչքադրած կնկա դուռը շատ քաղաքավարի ծեծել, մտնել ներս, մի երեք բերան հառաչել, մի երկու կաթիլ արցունք գցել։ Կանայք տղամարդկանց սրտին այնքան չեն հավատում, որքան այդ երկու կաթիլ արցունքին։

Երրորդ ամուսնությունից հետո մի երկու տարի կհանգստանաս, ուժ կհավաքես չորրորդ ամուսնության համար։ Եթե կնիկդ աղջիկ բերի, կբողոքես. «Ինչո՞ւ աղջիկ և ոչ տղա»։ Իսկ եթե տղա բերի, կասես. «Ինձ նման չի, ուրիշից է»։ Եթե ոչ տղա բերի, ոչ էլ աղջիկ, ազատ ես, գնացք նստիր ու չվիր պատահական քաղաքի ուղղությամբ։ Պատահական քաղաքում կարող ես պսակվել նաև ջահել հարսնացուի հետ և ձևացնել ամուրի։ Հո ճակատիդ գրած չի, որ դրանից առաջ երեք անգամ հաջողությամբ պսակվել ես և հաջողությամբ բաժանվել։

Այսպես կանցնի մի տարի, երկու տարի, և մի օր էլ քո նախկին կանանցից որևէ մեկը կիմանա հասցեդ, կբողոքի, որ ալիմենտ չես վճարում, չորրորդ կնիկդ քեզ կանվանի խաբեբայի մեկը և հենց առաջինն ինքը կբաժանվի քեզնից։

Այստեղ դու այլևս անելիք չունես, եղած-չեղածդ հավաքիր, և եթե շատ ես շտապում, ինքնաթիռ նստիր ու բռնիր մի ուրիշ քաղաքի ճանապարհ... Սրանից դենը քո գործը դու լավ գիտես, որովհետև բավականին փորձ ես կուտակել։ Հինգերորդ պսակից հետո էլ կարող ես սեզոն գնալ, ծանոթանալ մի ուրիշ՝ սեզոնում ամուսնուն կորցրած կնոջ հետ։ Բան է, եթե դրա ամուսինը հայտնվի, թողիր ու փախիր, իսկ եթե չհայտնվի, մի ուրիշ տեղ սեզոն գնա ու մի անգամ էլ բախտդ փորձիր։

Հայտնի բան է՝ ծառը որ ծառ է, տարին մի անգամ ծաղկում է, էլի հավերժական չի, կամաց-կամաց ծերանում է, շարքից դուրս գալիս։

Ճիշտ է, դու ծառ չես, մարդ ես, և մի օր էլ զգում ես, որ չունես նախկին ուժն ու եռանդը, գլխիդ մազերը ճերմակել են, դեմքդ՝ կնճռոտվել, ձայնդ՝ խզվել, աչքերիդ՝ լույսը պակասել... Քեզ ի՞նչ է մնում, մի տաքուկ անկյուն գտիր, թիկնիր բարձին ու ինքդ քեզ համար երգիր.

- Երեկ լավ էր, քանց թե էսօր, խաղերումեն բեզարիլ իմ...
Որ «խաղերումեն» լրիվ բեզարես պրծնես, բոլորովին չամաչես, կհեռագրես քո նախկին կանանց ու երեխաներին. «Մեռնում եմ, վախենում եմ թաղող չլինի»։

Բայց այստեղ վախենալու բան չկա, թաղողներ կգտնվեն, իսկ թե ով գերեզմանիդ մի քար կդնի, աստված գիտե...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել