Երբ լուսանկարիչ Լոուրեն Ֆլեյշմանի պապիկը մահացավ, Լոուրենը իր հանգուցյալ պապիկի մահճակալի մոտ մի գիրք գտավ: Այդ գրքի էջերը թերթելիս նա մի սիրային նամակ տեսավ, որն իր պապիկը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրել էր իր տատիկին: Ֆլեյշմանն ասել է. «Ես կարդացի նամակը և մտածեցի մարդկանց կյանքի պատմությունների կարևորության մասին:  Ես ցանկացա այնպիսի նախագիծ իրականացնել, որի շնորհիվ հնարավոր կլիներ պահպանել այդ պատմությունները»:

Երեք տարի անց Լոուրեն Ֆլեյշմանն սկսեց լուսանկարել այն ամուսնական զույգերին, որոնք միասին կես դարից ավելի էին ապրել: Ֆլեյշմանն ասել է, որ պատրաստվում է այդ նախագծի հիման վրա գիրք հրատարակել: Ֆլեյշմանը ոչ միայն լուսաանկարների շարք է ստեղծել, այլև հարցազրույցներ անցկացրել լուսանկարներում պատկերված մարդկանց հետ և ձայնագրել այդ հարցազրույցները: Նա տարեց զույգերին հանդիպում էր սուպերմարկետներում, փողոցներում և այլուր: 50 կամ ավելի տարի միասին ապրելուց հետո շատերն աղոտ են հիշում իրենց առաջին ժամադրությունը: Այնուամենայնիվ, անցած-գնացած օրերը վերհիշելու ընթացքում ամուսինների միջև նոր քնքշանք ու ջերմություն է ծնվում: Ֆլեյշմանին հաջողվել է այդ ամենն արտացոլել իր լուսանկարներում: Այդ լուսանկարներում պատկերված մարդկանցից ոմանք արդեն մահացել են: Ֆլեյշմանի խոսքերով՝ իր իրականացրած նախագիծը «պատմական փաստաթուղթ» է: Սիրահար զույգերը դրանից սովորելու շատ բան ունեն: Նրա խոսքով, երբ սկսեց իրականացնել այս նախագիծը, նա փորձում էր գտնել երկարատև հարաբերությունների գաղտնիքը, որը, կարծես, հայտնի էր այս բոլոր զույգերին: Նա կարծում էր, որ այս բոլոր զույգերին միավորող ինչ-որ ընդհանուր բան կար, որը նրանց երկարատև ու երջանիկ ամուսնական կյանքի երաշխիքն էր: Հետագայում պարզ դարձավ, որ զույգերից յուրաքանչյուրը մեծապես տարբերվում է մյուսներից, և ամեն զույգ իր ուրույն գաղտնիքն ունի: Ստորև ներկայացվող սիրային պատմությունները ապացուցում են, որ հավերժական սեր գոյություն ունի:

«Դու չես մտածում ծերանալու մասին: Նախ և առաջ, դուք միասին եք ծերանում, և բացի այդ, երբ մի մարդու հաճախ ես տեսնում, զգալի փոփոխություններ չես նկատում նրա մեջ: Նույն կերպ մարդ չի նկատում նաև, թե ինչպես է իր դեմքին մի կնճիռ հայտնվում, և ինչպես է ժամանակի ընթացքում այդ կնճիռն ավելի խորանում: Դու ուշադրություն չես դարձնում այս բաներին: Դու չես գիտակցում, որ արդեն... Ես նկատի ունեմ, որ ամեն օր չեմ մտածում. «Օհ, ամուսինս արդեն 83 տարեկան է: Նա շուտով 84 կդառնա: Օհ, Աստված իմ, ես ամուսնացած եմ ծերունու հետ»: Հուսով եմ, որ նրա մտքով էլ նման բաներ չեն անցնում»:

Էնջի Տերանովա 


«Մենք հանդիպեցինք մի խնջույքի ժամանակ: 1938 թ.-ի հունվար ամիսն էր: Իմ ընկերն էր ինձ հրավիրել այդ խնջույքին: Նա ասաց, որ այնտեղ բազմաթիվ գեղեցիկ աղջիկներ են լինելու: Իմ ներկայիս կնոջը ինձնից առաջ մի այլ տղամարդ մոտեցավ, սակայն այդ տղամարդու հագուստը դուր չեկավ կնոջս, ու նա մերժեց նրան: Ես բոլորովին այլ կերպ էի հագնված, սակայն չեմ կարծում, որ հագուստս էր, որ գրավեց կնոջս»:  

Եվգենի Քիսին 

 

«Ես 88 տարեկան եմ, կինս՝ 85: Մենք ուզում ենք մի 5-6 տարի էլ ապրել: Սա միակ բանն է, որ մենք ուզում ենք: Մենք չենք ուզում շատ երկար ապրել: Ես միշտ կնոջս ասում եմ, որ ուզում եմ ապրել մինչև 94 տարեկան: Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է իմ թոռը ինքնուրույն վաստակում իր ապրուստը և ինչպես է իմ թոռնուհին ամուսնանում: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք մեզ պես երջանիկ լինեն»:

Մովսես Ռուբենշտեյն

 

«Մենք կամաց-կամաց ծերանում ենք, սակայն սրտի խորքում մենք նույնն ենք մնում: Սերն ավելի է զորանում: Ես այդպես եմ կարծում: Ես հավատում եմ, որ նա էլ է նույն կերպ մտածում: Այո, նա իմ առաջին սերն է, իմ առաջին ու իմ վերջին սերը»:

Լեյլա Ռամոս  

 

«Մեզ հաճախ են հարցնում, թե որն է մեր սիրո գաղտնիքը: Գաղտնիքը գաղտնիք է, և ես չեմ բացահայտում իմ գաղտնիքները»:

Յկով Շափիրշտեյն


«Ինձ հանձնարարված էր երաժշտության մասին անհատական աշխատանք գրել, սակայն ես նախկինում ոչինչ չէի գրել երաժշտության մասին: Մայրս առաջարկեց ինձ հանդիպել Դևիդի հետ. նա երաժշտության իսկական գիտակ էր: Ես գնացի նրա մոտ՝ մտածելով, որ միգուցե նա կատարի հանձնարարոությունն իմ փոխարեն: Նա ասաց, որ ես ինքս պետք է գրեմ, սակայն ինքը կօգնի ինձ այդ հարցում: Նա միշտ առաջնորդվում էր շատ բարձր սկզբունքներով: Հանձնարարությունը գրելուց հետո նա ինձ առաջարկեց իր և իր բանակային ընկերների հետ խնջույքի գնալ: Ես երբեք նրան որպես տղամարդ չէի նայել: Այդ օրն ամեն ինչ փոխվեց»:

Շեյլա Նյուման

 

«Մենք հանդիպեցինք այն ժամանակ, երբ Չինաստանում էինք ապրում: Ես արձակուրդի անցա և տեղափոխվեցի մի այլ քաղաք՝ արձակուրդս այնտեղ անցկացնելու: Արձակուրդի ընթացքում մենք երեք օր հանդիպեցինք իրար: Մենք շատ հեռու էինք բնակվում իրարից, ուստի երբ ես տուն վերադարձա, մենք չէինք կարող հաճախ հանդիպել: Հենց այդ պատճառով էլ մենք սկսեցինք նամակներով փոխանակվել: Այդ ժամանակ մենք անգամ հեռախոս չունեինք: Մենք ամեն շաբաթ նամակներ էինք գրում, սակայն 20 օր անց նամակները նոր տեղ էին հասնում: Հետագայում մենք ամուսնացանք»:

 Ջին Լին  Չեն

 

«Պետք է հիշել, որ ժամանակներն այլ էին: Մենք հանդիպեցինք 1939 թ.-ին, երբ փող չունեինք: Այսպիսով՝ մենք ընկերներով հանդիպում էինք Բեթիի տանը: Այն ժամանակ մեզ մոտ ընդունված չէր ժամադրվել կամ հանդիպել ինչ-որ ռեստորանում: Մենք նման հաճույքներ չէինք էլ կարող թույլ տալ մեզ, քանի որ բավականաչափ փող չունեինք: Մենք պարզապես վայելում էինք միմյանց ընկերակցությյունը»:

 Ֆրան Ֆուտերման 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել