Լիտվացի նկարիչ Էռնեստ Զախարևիչը բնակվում է Մալազիայի Պինանգ կղզու Ջորջթաուն քաղաքում: Նա վերափոխում է աշխարհի տարբեր երկրների փողոցները: Այս շնորհալի նկարչի աշխատանքներում երևակայականն ու իրականությունը միահյուսված են: Նա սթրիթ արթի  (թարգմանաբար՝ փողոցային արվեստ) այնպիսի գլուխգործոցներ է ստեղծում, որոնք միաժամանակ թե՛ ռեալիստական են, թե՛ կրեատիվ: Նրա ինտերակտիվ որմնանկարները կենդանություն են հաղորդում փողոցներին: Անցորդները դրանց մոտ կանգ են առնում՝ լուսանկարվելու համար: Նրանք ասես իրենց ներկայությամբ ամբողջացնեն այդ որմնանկարները:  Նա այնպիսի պարագաներ է օգտագործում (օրինակ՝ փուչիկներ, հեծանիվ և այլն), որոնք կենդանի շունչ են հաղորդում նրա ստեղծագործություններին: Անցորդներն այնպիսի  դիրքեր են ընդունում որմնանկարների մոտ, որ ձուլվում են ընդհանուր տեսարանին: Ահա թե ինչու են այս որմնանկարներն ինտերակտիվ կոչվում: 2014 թ. հունվարի 17-ին կայացավ Էռնեստ Զախարևիչի «Արվեստն աղբ է, աղբն արվեստ է» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի խորագիրը պատահականորեն չի ընտրվել: Զախարևիչը դրա միջոցով ցանկացել է ընդգծել այն գաղափարը, որ այն, ինչ աղբ է համարվում մեկի համար, կարող է արվեստի գործի վերածվել մեկ այլ մարդու հմուտ ձեռքերում: Ցուցահանդեսի միջոցով Զախարևիչը փորձել է արծարծել նաև աղբի վերամշակման գաղափարը:  Զախարևիչն ասել է. «Պինանգ կղզին իր հարուստ մշակութային ժառանգությամբ ինքնին ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է: Ես միշտ հիացել եմ այս կղզու մշակույթով և պատմությամբ, որն արտացոլված է հինավուրց պատերի և հյուղակների մեջ»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել