Times.am-ը գրում է.

Մարտի 21-ի առավոտյան  հրետանու աջակցությամբ «Սիրիայի ապստամբներ» կոչվող խմբավորումները թուրքական սահմանից ներխուժել են Քեսաբ: («Սիրիայի ապստամբները» չակերտներով ենք նշում, որովհետև տեղեկություններ կան, որ Ասադի ռեժիմի դեմ պայքարում են վարձկաններ մոտ 80 երկրներից, որոնք պայքարելու համար օրեկան մոտ 400 դոլար գումար են ստանում): Իշխանական ուժերը մի օր առաջ կազմակերպել էին տեղի հայերի մոտ 700 ընտանիքի անվտանգ տեղահանումը դեպի Լաթաքիա:

«Սիրիան այսօր» աղբյուրի տեղեկացմամբ, մարտի 21-ից մինչ մարտի վերջ սպանված զինյալների թիվը կազմել է մոտ 2600, իսկ թուրքական հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թիվը 5000 է: Իսլամական կայքէջերը բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ նշելով, որ իսլամական ծայրահեղական խմբավորումները հասել են մինչև միջերկրածովյան ափամերձ տարածքներ: Ամեն դեպքում, հստակ է, որ այդ շրջանում թեժ մարտեր են ընթանում:

Հատկանշական է, որ մարտի 28-ի ամենօրյա հարցուպատասխանի ժամանակ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մարի Հարֆը մտահոգություն էր հայտնել Քեսաբի հայերի նկատմամբ բռնությունների փաստի առթիվ: Մտահոգութուն հայտնելու երկու հայտարարություն էլ վերջին տասն օրվա ընթացքում ՌԴ Արգործնախարությունն է արել: ՌԴ ԱԳՆ-ի տարածած  երկրորդ հայտարարության մեջ խոսվում է նաև Քեսաբի և սիրիահայերի կրած դժվարությունների մասին:Ի տարբերություն ԱՄՆ պետդեպի, պաշտոնական Մոսկվան հոլովում է նաև Թուրքիայի անունը, նշելով, որ «Ալ-Քաիդային» հարող զինյալները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքով:

Քեսաբի հայերի նկատմամբ բռնությունների թեմայով անհանգստություն հայտնեցին նաև շատ հայ և ոչ հայ հայտնի գործիչներ: Օրինակ՝ մտահոգություն հայտնեցին ամերիկայահ Քիմ Քարդաշյանն ու Շերը (Շերլին Սարգսյան): Հայերին աջակցելու առումով ակտիվ հայտարարություններ էին տարածում նաև ռուս գործիչներն ու աստղերը: Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած դեպքերին: Բեզրուկովը գրել է. «… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»: Քեսաբահայերին իրենց աջակցությունն են հայտնել նաև ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը, ՌԴ Դումայի պատգամավոր Նիկոլայ Վալույևը, Չեչնիայի նախագահ Կադիրովը, հայ հայտնի էստրադային ու սպորտային գործիչներ, սկսած Սիրուշոյից, վերջացրած Արմենչիկով ու Հենրիխ Մխիթարյանով:

Քեսաբի հայերին աջակցող հայտարարություններին զուգահեռ տարածվում են նաև տեղեկություններ, թե գնդակահարվել են մոտ 80 քեսաբահայեր: Հայ գերիների գնդակահարման մասին տեղեկատվության սկզբնաղբյուրը ռուսական լրատվամիջոցներն էին, որոնք ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին հայերի կորուստներին, երբեմն ցուցադրելով տեսանյութ, որտեղ ներկայացվող գնդակահարվողներն իրականում հայեր չեն (տեսանյութը տարածել էր ռուսական LifeNews-ը, սակայն սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել էր մարտի 20-ին, մինչև Քեսաբի գրավումը): Հայկական կողմից կորուստներ չունենալու մասին հայտարարեց նաև Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց ևս Լաթակիա են տեղափոխել: Դրա հետ մեկտեղ Քեսաբ մեկնած հայ պատգամավորները նշում են, թե կա 20 հայ գերի, որոնց տարել են Թուրքիա:

Սոցցանցերում ու միկրոբլոգերում Քեսաբի մասին տեղեկատվությունը տարածվում է #SaveKessab հեշթեգով, որի հետ զուգահեռ օգտագործվում է նաև #stopGenocide հեշթեգը: Հայկական տեղեկատվական դաշտում կարծիք էր հնչում, թե չի կարելի #stopGenocide հեշթեգն օգտագործել #SaveKessab հեշթեգի հետ, որովհետև Քեսաբի հայերի կորուստների մասին շատ է ապատեղեկատվության տարածումը, իսկ Ցեղասպանության անվան տակ ապատեղեկատվության տարածումը կբերի Ցեղասպանության ընդհանուր թեմայի հետ կապված հայկական դիրքերի թուլացմանը:

Facebook-ում Քեսաբի թեմայով բացվել են 70-ից ավել էջեր, որոնցից 10-ը ավելի ակտիվ են: Բազմաթիվ օգտատերեր իրենց բողոքն արտահայտում են` փոխելով գլխավոր նկարը (Proifle picture) SaveKessab գրառումով նկարի միջոցով:

Արդյունքում ունենք հետրևյալ պատկերը.

Հայերը տեղահանվել են Քեսաբից, ինչի մասին բացասական արձագանքներ են հնչում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ռուսական կողմից: Ռուսական կողմը համեմատաբար ավելի ակտիվ է: Հիշեցնենք, որ նույն Հալեպի, ավելի մեծ թվով հայերի տեղահանումը նման արձագանք չգտավ: Հալեպի դեպքում Արևմուտքը զուտ հակաասադական էր անդրադառնում, իսկ ռուսական լրատվամիջոցները՝ պռոասադական: Հետևաբար պետք է հասկանալ, թե ի՞նչն է փոխվել Հալիպի դեպքերից հետ, որ ռուսական ու ամերիկյան կողմերը միահամուռ կերպով անհանգստացած են հակաասադական զինյալների գործողություններից:

Ռուսական անհանգստության պատճառները կարելի է մեկնաբանել մի քանի պատճառներով.
1. Քեսաբից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Տարսուսի նավահանգիստը, որտեղ տեղակայված են ռուսական ռազմանավերը: Ապստամբների կողմից Քեսաբի ու Լաթաքիայի գրավումով հնարավոր է ռուսական ռազմանավերը դուրս բերվեն տարածաշրջանից, բացի այդ Լաթաքիան բնակեցված է ալևիներով և Լաթաքիայի կորուստը հարված կլինի նաև ողջ ասադական վարչախմբին: Իսկ երբ ռուսական կողմը Քեսաբի դեպքերը ներկայացնում է հայերի Ցեղասպանության կրկնության համատեքստից՝ ռուսական ռազմաբազաների թեման դուրս է մնում ուշադրության կենտրոնից, ի օգուտ հայերի Ցեղասպանության թեմայի:

2. Քեսաբահայերի բռնությունների թեմայի բարձրացման արդյունքում հայկական լոբբին սկսում է բարձրացնել Քեսաբի բռնությունների թեման, արդյունքում համաշխարհային հանրության ուշադրությունը մասամբ շեղվում է քննադատության տեսանկյունից ռուսների համար գլխացավանք դարձած Ղրիմից:

3. Քեսաբի գրավումը թուրք-արևմտյան պատասխանն էր ՌԴ-ին: Քանի որ ՌԴ-ն կարողացավ հաղթել Ղրիմում, իսկ Թուրքիան՝ ի դեմս թաթարների, և Արևմուտքը՝ ի դեմս Ուկրաինայի ժամանակակից իշխանությունների, պարտվողի դերում հայտնվեցին: Պարտվելով Ղրիմում, նրանք փորձում են փոխհատուցել Սիրիայում ռուսական ռամաբազան ու ընդհանրապես՝ ռուսական գործոնը թուլացնելով:

Վերոնշյալը քեսաբահայերի տեղահանումը բարձրացնելու ռուսական կողմի շահագրգռվածության հնարավոր պատճառներից են:

ԱՄՆ-ի կողմից թեմայի վերաբերյալ անհանգստություն հայտնելու պատճառ կարող է լինել.
1. ԱՄՆ-ն վերջին շրջանում իրականացնում է Թուրքիայի զսպման քաղաքականություն, որի դրսևորումներից մեկն էլ Գյուլենի աջակցությունից Էրդողանին զրկելը: Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության զսպման տրամաբանությամբ էլ ԱՄՆ-ի պետդեպը քննադատում է Թուրքիայի կողմից հովանավորվող Քեսաբի գրավումը: Իսկ որ Քեսաբի գրավումի կազմակերպիչներից ամենաակտիվ կողմը Թուրքիան է, կասկած չի հարուցում, քանի որ համացանցում հայտնվեցին Սիրիա զորք մտցնելու Թուրքիայի հնարավոր պատճառների հորինման վերաբերյալ թուրք պաշտոնյաների քննարկումները, իսկ օրեր անց այդ նույն սցենարով թուրքական բանակը սկսեց աջակցել զինյալներին:

2. ԱՄՆ-ը չափավոր, բայց արձագանքեց, քանի որ հայկական լոբբին մեծ աղմուկ էր բարձրացրել, սկած «Հայ դատի» գրասենյակից, ավարտված ամերիկահայ, լայն զանգվածներին հայտնի գործիչների հայտարարություններով: Եվ քանի որ հայկական լոբբին ԱՄՆ-ում բավական լուրջ ազդեցություն ունի, ԱՄՆ-ը չէր կարող անուշադրության մատնել այդ փաստը:

Ցավալի է նշել, բայց ռուսական կողմի հայտարարություններն ու ապատեղեկատվությանը հայկական տեղեկատվական դաշտի վրա բավականին մեծ ազդեցություն ունեցան

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել