Մարտի 30-ին Թուրքիայում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Ընտրություններն առավել կարևոր էին վարչապետ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության համար։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչ արդյունքներ է ունենալու հատկապես Էրդողանը, ով 2003-ից ի վեր զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ի վերջո, վերջինիս հեղինակությանը լուրջ հարվածներ էին հասցվել ինչպես Գեզիի դեպքերով, այնպես էլ կոռուպցիոն սկանդալով, ինչպես նաև վերջին գաղտնալսումներով, եթե չհաշվենք նաև այն հանգամանքը, որ հենց այդ գաղտնալսումներով պայմանավորված, Թուրքիայում վերջին շրջանում փակվել են Twitter սոցիալական ցանցն ու Youtube-ը: Կարճ ասած՝ սա մեծ փորձություն էր Էրդողանի համար, որը, ըստ երևույթին, կարելի է այլևս հաղթահարված համարել. ԱԶԿ-ն ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների ավելի քան 46%-ը:
Հերիք չէ Էրդողանը մինչ այս ընտրությունները «սուլթան» դառնալու հավակնություններ ուներ, այժմ ընտրություններից հաղթանակած դուրս գալով, էլ ավելի է ոգևորվել և խոստանում է պատժել բոլոր «դավաճաններն»: Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո նա դիմել է իրեն աջակցող հանրահավաքի մասնակցիներին և խոստացել երկիրը «մաքրել» «ահաբեկիչներից» և «չարիքի դաշինքից»: Նման որակումներ նա տվել է նրանց, ովքեր, ըստ Էրդողանի, մասնակցում էին հակապետական գործունեության, ասել է թե, պատռում էին Էրդողանի երեսը՝ սոցիալական ցանցերում ձայնագրությունների հրապարակման միջոցով: Եթե ավելի հստակ խոսենք՝ խոսքը իր հիմնական հակառակորդ, բայց երբեմնի դաշնակից, իսլամական քարոզիչ, հզոր կրոնական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի և այդ մարդու հետևորդների մասին է:
Թուրքիայի ներկայիս վարչապետը ասել է, որ թույլ չի տա ստեղծել պետություն պետության մեջ և իրենք անպայման «կմտնեն դավաճանների որջը և ներսից արմատախիլ կանեն դրանց»` հավելելով, որ «դավաճանները դեռ պետք է վճարեն իրենց արածների համար»: Մի խոսքով, Էրդողանը խաչակրած արշավանք է հայտարարել երկրում, այսպես ասած, չարի դեմ պայքարում` իրեն էլ հռչակելով դրա դեմ պայքարի առաջնորդ:
Թուրքիան Թուրքիայով, բայց, կարծում եմ՝ մեզ պետք է ավելի շատ հետաքրքրի, թե սա ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ մեր թուրքագետները մինչև հիմա ոչ մի հստակ պատասխան չեն տվել, թե կոնկրետ սա ինչ է նշանակում Հայաստանի համար: Ոչ ոք ընտրություններից առաջ էլ առանձնապես չէր կարողանում հստակ ասել, թե որ կուսակցության հաղթանակը կարող է հարաբերականորեն ավելի ձեռնտու լինել Հայաստանի համար: Մենք մշտապես լսում ենք խուսափողական պատասխաններ: Այնպես որ, չլինելով թուրքագոտ, ես առավել ևս կփորձեմ խուսափել հստակ պատասխանից:
Ինչևէ, վերադառնալով, սակայն, նրան, թե ինչ է սպասվում բուն Թուրքիայում այսքանից հետո, նշեմ, որ բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ կարող են սկսվել մասսայական բռնություններ Էրդողանի բոլոր հավանական և անհավանական քաղաքական ընդդիմախոսների հանդեպ և, ամենայն հավանականությամբ, լուրջ վերադասավորումներ կլինեն իշխանական համակարգում, ասել է թե, տեղի կունենա իշխանության կենտրոնացում Էրդողանի ձեռքերում:
Թե ինչպես այդ գործընթացը տեղի կունենա և արդյոք կլինեն նաև բանակի հանդեպ ճնշումներ, թե՝ ոչ, չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ, որ բանակի հանդեպ ցանկացած գործողություն կարող է վտանգել առաջին հերթին վարչապետ Էրդողանի իշխանությունը: Ճիշտ է, նա հենց նոր կարելի է ասել շատ կարևոր հաղթանակ տարավ իր հետագա և ավելի վստահ գործողությունների համար, բայց չմոռանանք, որ Թուրքիայում բանակը ոչ թե քաղաքական էլիտայի մաս է, այլ` իշխանական: Այնպես որ, «սուլթան» դառնալու համար Էրդողանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:



