Մարդիկ կան, ում մասին հասարակական կարծիքը մինչև վերջերս բավական բարձր էր, բայց իրենք իրենց կամքով գերադասում են այդ դրական կարծիքը հանուն մի քանի կոպեկի կամ պաշտոնի վերածել հայհոյախառն արտահայտությունների։ Օրինակները բազմաթիվ են, որոնց շարքում, թերևս, չհայտնվեր նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը, եթե, իհարկե, չլինեին ոմանց ծառայելու ու վարկաբեկվելու անհագ մոլուցքը։ Այս տիկինը, իրենից առանձնապես քաղաքական կշիռ չներկայացնելով ու ընդգրկվելով ՀՀԿ համամասնական ցուցակում, կարճ ժամանակ անց ապացուցեց, որ լիովին համապատասխանում է ՀՀԿ-ական ներկայիս արժեհամակարգին, որը վաղուց որևէ կապ չունի Նժդեհի ու նրա գաղափարախոսության հետ։
Երբեք չեմ ձգտել կնոջը վիրավորել կամ վարկաբեկել, բայց երբ նույն այդ կինը համարձակվում է իր տերերին հաճոյանալու և իր մանդատ ստանալը արդարացնելու համար իր խորհրդարանական գործընկեր Վահան Բաբայանի մասին ավելորդ արտահայտություններ թույլ տալ, նրա հայտարարությունը որակել որպես «բլթ», որը, ի դեպ, մի ամբողջ կուսակցության ու ըստ իշխանական աղբյուրների՝ նաև ժողովրդի 80%-ի դիրքորոշումն էր, ապա թույլ տվեք կասկածի տակ դնել տիկին Եսայանի այն կերպարի իրական լինելը, որում նա հանդես էր գալիս վերջերս, երբ, իր խոսքով, պատրաստ էր կամուրջ հանդիսանալ իշխանության և ընդդիմության միջև։ Այդ «կամուրջն» այսօր իշխանություններին հետևություններ անելու հորդորների փոխարեն նրանց քննադատողների խոսքը անվանում է «անարժեք, զրոյական բլթ»։ Նման կամուրջները սովորաբար այրվում են, բայց ամեն այրվող կին չէ, որ կարող է Ժաննա դ՛Արկ դառնալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201732616545191?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել