Աշխարհն արագ է փոխվում, իսկ տարբեր երկրներ համապատասխանաբար քայլեր են ձեռնարկում դրան հարմարվելու ուղղությամբ: Իմ կարծիքով, վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը, գալիս են ապացուցելու հենց այդ արագ փոխվող աշխարհի առավել ակնհայտ միտումը: Մի շարք երկրներ, հասկանալով, որ միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվում ուժային դիվանագիտությունը, դրան արձագանքում են համապատասխանաբար և, եթե իրոք անհանգստանում, կամ էլ բարձր են գնահատում իրենց անկախության արժեքը, սկսում են ակտիվորեն սպառազինվել: Այսօր ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հարավարևելյան Ասիայում գտնվող մի գաճաճ պետության վրա: Տարածքային առումով, ինչ խոսք, գաճաճ է, բայց հանուն տնտեսության ընձեռող հնարավորությունների, կարելի է նույնիսկ կոչել տարածաշրջանում շատ «լուրջ դերակատար»: Խոսքը քաղաք-պետություն Սինգապուրի մասին է:
Տեսեք, այս երկիրը, իր անկախությունը ձեռք բերելով 20-րդ դարի երկրորդ կեսին, հիմնականում իր ուշադրությունը սկզբում հրավիրեց տնտեսական զարգացման վրա: Բանն այն է, որ այն ժամանակ և առաջիկա տասնամյակներում այդ տարածաշրջանը գտնվում էր ԱՄՆ-ի անվիճելի գերիշխանության ներքո՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով, և հետևաբար մեծ հաշվով այդ պետությունը իրեն զգում էր ապահով՝ առնվազն ռազմական ագրեսիայից: Բայց ժամանակի ընթացքում, Չինաստանի հզորանալուն զուգընթաց, տարածաշրջանում սկսվեց իրավիճակ փոխվել, և Չինաստանը սկսեց իրենից ուղղակի սպառնալիք ներկայացնել այդ պետության համար, առավել ևս, երբ ներկայումս Չինաստանը տարածքային հավակնություններ է ներկայացնում մի շարք կղզիների հանդեպ, որոնք առկա են Չինական ծովում: Իսկ նման հանգամանքները ստիպում են ուշադրություն դարձնել նաև ռազմական ոլորտին:
Նախ եկեք անդրադառնանք նրան, թե ինչը կարող է Չինաստանի տեսական, բայց հիմնական հավակնությունների պատճառը դառնալ: Բանն այն է, որ Սինգապուրում բնակչության գերակշիռ մեծամասնությունը չինացիներ են (շուրջ 75%): Սա, կարծում եմ՝ հիմնական պատճառն է, էլ չեմ ասում, որ չինացիների` այդ տարածքում գտնվելը պայմանավորված է պատմական հիմքերով: Բայց դե մյուս կողմից այնպես էլ չէ, որ այդ բնակչությունը օր առաջ ցանկանում է միանալ Չինաստանին: Սինգապուրն իր զարգացման սկզբից ի վեր ակտիվորեն աշխատել է Արևմուտքի հետ և սերտացրել բազմակողմանի հարաբերությունները: Բայց սրան որպես հակակշիռ էլ պետք է ասել, որ Չինաստանի զարգանալուն զուգահեռ, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այժմ Սինգապուրը չափազանց շատ է խորացրել իր տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ և նույնիսկ հայտնվել է որոշակի կախվածության մեջ:
Բայց եկեք վերջապես որոշակի փաստեր ներկայացնենք Սինգապուրի անհանգստության վերաբերյալ, թե չէ ձևավորվում է այնպիսի տպավորություն, որ խոսում ենք բացառապես տեսական անհանգստության մասին: Տեսեք, Սինգապուրի ռազմական բյուջեն վերջին տարիներին շեշտակիորեն աճել է: Այս երկիրն այսօրվա դրությամբ իր ամբողջ պետական բյուջեի 25%-ը օգտագործում է ռազմական ոլորտի վրա, որը կազմում է շուրջ $12մլդ: Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս թվերի վրա և գիտակցել, որ խոսքը քաղաք-պետության մասին է: 2008-2012թթ.-ին, ըստ մի շարք միջազգային հետազոտական կազմակերպությունների, Սինգապուրին բաժին է հասնում զենքի ներկրման համաշխարհային մակարդակի շուրջ 4%-ը: Այլ կերպ ասած՝ այս երկիրը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը ռազմական արտադրանքի ներկրման առումով և ակտիվորեն ներկրում է ամերիկյան կործանիչներ:
Շատ չխորանանք այս ամենի մեջ, և վերադառնանք հարցի ավելի գլոբալ մակարդակին և պարզապես ասենք, որ աշխարհակարգի փոփոխությունների և դրա հետևանքով տարբեր ուժային վերադասավորումների արդյունքում խախտվում են երկրների միջև բնականոն փոխհարաբերությունները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս ընդհարման հանգամանքը, և հենց այդ համատեքստում մի հռետորական հարց բարձրացնել: Ինչո՞ւ Ռուսաստանը կարող է անեքսիայի ենթարկել, թեկուզև որոշակիորեն աղավաղելով միջազգային իրավունքը, իսկ, օրինակ, Չինաստանը չի կարող նույնն անել Թայվանի, Սենկակու կղզիների կամ էլ հենց նույն Սինգապուրի հետ: Ես բնավ չեմ զարմանա, որ Ղրիմը շատ հանգիստ դառնա մի նոր և չափազանց վտանգավոր նախադեպ՝ արագ զարգացող և միջազգային խաղացողների հավակնություններ ունեցող մի շարք երկրների համար:
Հ.Գ. Խոսքը Չինաստանի մասին չէ, քանի որ այդ երկիրը հավակնությունների փուլից, կարծում եմ, արդեն վաղուց անցել է…