Lragir.am-ը գրում է.
Հետաքրքիր հարցադրում է: Իսկապես պետք է ջնջել այդ կազմակերպությունները, որոնց թղթերը ոչ մի ազդեցություն չունեն: Վկան՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ի արձագանքը, որը ոչ մի նշանակություն չունեցավ: Հայերն էլ տեղ չունեն դժգոհելու՝ ՄԱԿ-ի 4 բանաձեւ է եղել ընդդեմ «Ղարաբաղի հայերի ագրեսիայի»:
Սակայն, Սոլովյովի գրառման մեջ հատկանշական է մեկ այլ բան՝ այդ երբվանից է Մոսկվան մտահոգ հայկական գյուղերի գնդակահարությամբ: Հարցն այնքան էլ հռետորական չէ, եւ առաջացնում է բազմաթիվ հարցեր: Օրինակ, արդյոք Քեսաբի վրա հարձակումը պայմանավորված չէ այդ տարածքում ռուսական ռադիոլոկացիոն կայանի առկայությամբ, որը հսկում է Թուրքիայի տարածքը, որտեղից էլ եղել է հարձակումը հայկական բնակավայրի վրա:
Այլ հարցեր էլ կան: Մասնավորապես, ներկայում Ռուսաստանը եւ Թուրքիան միասնաբար են գործում շատ հարցերում, այդ թվում՝ Սիրիայի եւ հայկական խնդիրներով: Ռուսաստանը հանձնեց Սիրիան, այդ երկրից դուրս բերելով քիմիական զենքը, որը Թուրքիային զսպող միակ գործիքն էր Սիրիայի իշխանության ձեռքին:
Հարձակումը եղել է Թուրքիայից, գրոհայինների մեջ շատ են եղել չեչենները, սաուդցիները եւ այլն: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան էլ ներկայում Թուրքիայի ու Ռուսաստանի դաշնակիցն է Սիրիայի հարցում:
Բացի այդ, Ռուսաստանն ու Թուրքիան միասնական ջանքերով տապալեցին Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի փորձերը, հասնելով Հայաստանի սուբյեկտության վերացմանը եւ միջազգային մեկուսացմանը, որի շնորհիվ մասնավորապես Թուրքիան փակեց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ այլ խնդիրներ, որոնք նրա առաջ կարող էին առաջանալ Հայաստանի սուբյեկտության պահպանման եւ Արեւմտյան կառույցներին ինտեգրվելու դեպքում:
Ինչո՞ւ սկսեցին մտահոգվել «հայկական գյուղերի գնդակահարությամբ»: Օրինակ, ռուսական զորքերը 1990-ականների սկզբներին Ղարաբաղում եւ Ադրբեջանի հայաբնակ տարածքներում իրականացրին հայկական տասնյակ բնակավայրերի գնդակահարությունն ու տեղահանությունը: Սպանվեցին հազարավոր հայեր:
Ինչո՞ւ բոլոր նրանք, ովքեր ռուսների «դարավոր բարեկամներն» են, միշտ տուժում են՝ հայերը, հույները, սերբերը, օսերը…
Արդյոք գործ ունենք հայկական ողբերգությունը հերթական անգամ սեփական շահերին ծառայեցնելու մեջ: Դա բնորոշ է Ռուսաստանի քաղաքականությանը՝ ամեն անգամ «ջրից չոր դուրս գալ» հայկական հերթական ողբերգություններից, այդ թվում՝ Առաջին աշխարհամարտի իրադարձություններից, հմտորեն մեղքը բարդելով մյուսների վրա:
Իհարկե, հայկական ողբերգությունների մեջ առաջին հերթին պատասխանատու են հայերը: Քանի դեռ այդ պատասխանատվությունը չի գիտակցվել, ողբերգությունները շարունակական են լինելու, որոնցից շահելու են մյուսները:



