«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձագանքել է մեր խորհրդարանում քննարկվող «Ֆեյքերի դեմ» օրինագծին, ու այդ արձագանքը խիստ չոր ու կտրուկ է, այն աստիճան, որ ցաք ու ցրիվ է անում օրենքի տրամաբանականության ու ակտուալության այն կեղծ պատրանքը, որն ուզում էին ստեղծել դրա հեղինակները և այդ օրենքով հետաքրքրվածները: Նախ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կատեգորիկ կերպով հայտարարում է, որ նման օրենքի կիրառումը կլինի համացանցում խոսքի սահմանափակում, և դա քննարկումից դուրս է, որովհետև այդ օրենքը միանգամից ոտնահարում է համացանցային ու ոչ միայն խոսքի ազատության ֆունդամենտալ մի քանի դրույթներ: Կազմակերպությունը, որպես նշվածի օրինակ, բերում է այն, որ օրենքը անոնիմ հեղինակների ինքնության բացահայտումը դնում է մեդիադաշտի ներկայացուցիչների վրա, մինչդեռ համացանցի առանցքային իմաստներից մեկն էլ այն է, որ այստեղ մարդիկ կարող են ազատ հաղորդակցվել ու տեղեկատվություն տարածել, և դրա համար պարտադիր չէ գրանցվել անձնագրային տվյալներով, քանի որ դա ևս նրանց որոշելիքն է, թե ինչ կարգավիճակում ու ինչ անունից են ուզում այդ տեղեկատվությունը տարածել ու ստանալ: Բացի դրանից, օրենքում առկա ձևակերպումներն այնքան լղոզված են ու ոչ կոնկրետ, որ լայն հնարավորություն են թողնում դրանց չարամիտ սպեկուլյացիաների: Օրինակ՝ ակնարկելով, որ համացանցային մեկնաբանությունների հնարավորություն ունեցող մեդիադաշտի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն կեղծ օգտատերերի թողած մեկնաբանությունների համար, օրենքը, այնուամենայնիվ, չի մանրամասնում, թե ի՞նչ է ասել «մեդիադաշտի ներկայացուցիչ». լրատվամիջո՞ց, անձնական բլո՞գ, սոցիալական ցա՞նց, թե այս բոլորը, թե մասնակի... Օրենքի մյուս ալոգիկ կողմը այն է, որ այն հակասության մեջ է մտնում համացանցի վերաբերյալ ՄԱԿ-ի 2011 թվականի զեկույցի հետ, որում շատ պարզ նշված է, որ ոչ ոք չի կարող պատասխանատվություն կրել համացանցային այն կոնտենտի համար, որի հեղինակը ինքը չէ, իսկ գրաքննությունը երբեք չպետք է պարտադիր կերպով դրվի մասնավորի ուսերին: Մի խոսքով, գալիս ենք էլի նրան, որ գործող օրենսդրությունն ավելի քան բավարար է համացանցի բնականոն աշխատանքի ու օրինականության ապահովման համար ու պետք չի փորձել հեծանիվ բացահայտել, առավել ևս, երբ հեծանիվ բացահայտելու մեջ անտաղանդ ես: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինչ է թե մի շարք չինովնիկներ չլսեն իրենց հասցեին հնչող քննադատությունն ու սուր խոսքը, պետք է համացանցում ուղղակիորեն հարվածեն խոսքի ազատությանը: Օրենքն անիմաստ է, անիրատեսական ու անօգուտ, և այն միայն կվնասի թե՛ այդ օրենքը առաջ բրթողներին, թե դրա ընդդիմադիրներին, եթե ընդունվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել