ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ուրբաթ օրը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է. «…կառավարությունը ոչ թե վարչապետի տեսքով պետք է հեռանա, այլ ամբողջովին…Մնում է հետևություն անի իշխանությունը: Այդ հետևությունն անելու դեպքում կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից, անիմաստ թշնամանքից»:
Ինչ, իսկ հիմա ստեղծված թշնամանքը, հակամարտությունը իմաստալի՞ց է...Ինչևէ, այս համատեքստում հասկանալի է, թե ինչու է «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա ստեղծելուց հետո հիմա էլ ուզում է բանա՞կ ստեղծել: Դե տանկեր, կներեք` տրակտորներ ունեն, հիմա էլ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են հավաքագրում: Ուզում են «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կազմակերպություն ստեղծել՝ իհարկե Գագիկ Ծառուկյանի փողերով… Ըստ հրապարակումների՝ ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Ծառուկյանին խոստացել են երկրապահական մեծ ջոկատ ստեղծել` ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման: 
Բա ինչպե՞ս, հո Վահան Բաբայանը կատակ չէր անում բարիկադների, ցնցումների, պայքարի մասին...Ծառուկյանն էլ` «դաբրո է» տվել և հրահանգել գործի անցնել: Փաստորեն լրջորեն պատրաստվում են «պատերազմի՞»... «Լեգենդ» էլ ունեն, հո հարիֆ չե՞ն հարաբերություններ փչացնեն, միանգամից գաղտնիք բացահայտեն...Նրանք ընդամենը, այո’, ընդամենը ուզում են նեղացած երկրապահներին համախմբել… 
Ու ո՞վ է կերել այդ կուտը...Հավատացե՞լ են նրանց, կա՞ն նման պարզամիտներ...
Անկախ ամեն ինչից, պատգամավորի սպառնալիքներն ու «բանակ» ստեղծելու մասին լուրը լուրջ մտահոգություն է առաջացնում:
Սակայն նաև հուսով եմ, որ այդ կուսակցությունում, այնուամենայնիվ, լուրջ, ինչ-որ բանի հասած, ինչ-որ բան կորցնող, հեռատես, խորհող, մտածող պատգամավորներ, կուսակացականներ կան, որոնք չեն ենթարկվի «հրաշալի քառյակի» տաքագլուխ, արկածախնդիրների սադրանքներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել