BAD-DATE-Mala-Cita-Hombre-patan-2

Բարև :) Ժամադրություն բոլորիս կյանքում որևէ մի օր իրականանում է, սակայն դա իսկական գլխացավանք է դառնում հատկապես առաջին անգամ ժամադրվող աղջիկների և տղաների համար: Ժամադրությունների հսկայական փորձ չունեմ, սակայն կարծում եմ` կարելի է որոշ խորհուրդներ տալ նրանց, ովքեր դեռ չեն ժամադրվել : Առանձին անդրադառնալ աղջիկներին և տղաներին կարիք չկա: Դրա փոխարեն  մի քանի ծանոթներիս խնդրեցի պատմել իրենց կյանքի ամենավատ ժամադրության մասին :)Մեկնաբանություններն ու ենթադրությունները թողնում եմ ձեզ…

 

1. Նրա հետ ծանոթացա ֆեյսբուքով: Լուսանկարներում թվում էր եթե ոչ գեղեցիկ, ապա գրավիչ: Որոշ ժամանակ անց նա առաջարկեց հանդիպել: Պատկերացնում ե՞ք` նա ինձ հրավիրեց մանկական սրճարան, որտեղ իմ փոխարեն պատվիրեց այն, ինչ ինքն էր ցանկանում: Ամբողջ ժամադրության ընթացքում նա լկտիաբար նայում էր մարմնիս ուսումնասիրող հայացքով: Ես րոպեներն էի հաշվում այդ տխմարից շուտ փախչելու համար:

Լիա, 25 տարեկան

 

2. Կյանքիցս 3 ամիս նվիրեցի ժամադրության համար նրա համաձայնությունը ստանալու: Գեղեցիկ ծաղկեփնջով ներկայացա նշանակված ժամից 15 րոպե շուտ: Չեմ սիրում ուշանալ: Ծաղիկները պարզապես թոռոմեցին, երբ 100 մետրից նրա վրայից առա տատիկիս հնացած օծանելիքի բույրը: Սարսափելի <<լողացել էր>> օծանելիքով: Ես սուր հոտեր տանել չեմ կարողանում, մոտս ալերգիկ վիճակ է առաջանում: Ամբողջ ժամանակ ես կարմրած ու արցունքոտ աչքերով փռշտացի` անիծելով ինքս ինձ, որ ժամադրության եմ հրավիրել այս պճնամոլին:

Ալիկ, 22 տարեկան

 

3. Ինտերնետով շփվելիս նա ինձ վրա կիրթ և զարգացած տղայի տպավորություն էր թողել: Որոշեցի հանդիպել նրան և ավելի մոտիկից ճանաչել: Չափազանց համեստ կհնչի, եթե ասեմ, որ նա… տարօրինակ էր: Ինձ համար ոչ մեկի արտաքինը դեռևս այդքան զզվելի չէր եղել: Նա աղջկական նրբության բարակ ձայն ուներ: Նյարդային շարժումներ էր անում, երբ խոսում էր: Ատամների գրեթե կեսը սևացած էր, ու ահավոր տհաճ` նայելու համար: Երևի անտաշ հնչի, բայց զզվելի էր… Բացի այդ, երբ նա ուշադիր լսում էր ինձ, դեմքի այնպիսի ծիծաղելի արտահայտություն էր ընդունում, որ ես չդիմացա ու փռթկացի…

Շուշան, 28 տարեկան

 

4. Աղջիկների հետ շատ ժամադրություններ եմ ունեցել, չեմ կարողանում հիշել, թե ամենասարսափելին որն է եղել: Երևի շատերն են սարսափելի եղել :D Թերևս հիշեմ ամենազավեշտալին կամ չգիտեմ` ինչպես անվանեմ այդ աղջկան: Նախ նա եկավ 20 րոպե ուշացումով: Եկավ ու… Աստված իմ, նա կարծես էժանագին ֆիլմի հերոսուհի լիներ: Հագնվել էր առավելագույն բազմազանությամբ: Շպարի ահռելի քանակության մասին էլ չեմ խոսում: Միանգամից պատկերացրի, որ եթե փորձեմ համբուրել այս աղջկա այտը, տոնային քսուքի մի ամբողջ գունդ կհայտնվի շուրթերիս: Փառք Աստծո, ընկերս զանգահարեց, և ես պատճառ ունեցա անմիջապես փախչելու այդ արհեստական տիկնիկից:

Արմեն, 24 տարեկան

 

5. Երբեք չէի պատկերացնի, որ կարող է առաջին ժամադրությունս այդպիսի ողբերգիկ ավարտ ունենալ: Նա ժամադրության ներկայացավ սև սպորտային հագուստով` վրան 5 կգ ոսկեղեն: Ինձ արաբական, չէ, ավելի շուտ հայկական շեյխի նմանակ հիշեցրեց: Նա նույնիսկ չէր սափրվել: Մազերն անփույթ էին, ճկույթի եղունգը երկար էր իմ բոլոր մատների եղունգներից: Նա անընդհատ քչփորում էր իր 3 հեռախոսները և անչափահասների բաժնի քննիչի նման հետախույզ ու մուննաթ հայացքով ինձ տալիս անձնական բնույթի հարցեր, իսկ իմ հարցերը մնում էին օդում կախված: Համբերությունս վերջնականորեն լցվեց, երբ նա հեռախոսազանգին պատասխանեց. <<Հա~, ընգեր… բա~ն չէ, ապե… աղջկա հետ կաֆե լռված եմ…հա, դե էն, որ ասում էի` կպել ա…>>: Իրեն հարգող ոչ մի աղջիկ չէր մնա այդ թյուրիմացության կողքին նույնիսկ մեկ վայրկյան: Ես անմիջապես լքեցի ժամադրավայրս:

Ժաննա, 29 տարեկան

 

6. Ես նրա հետ մոտ մեկ ամիս շփվում էի հեռախոսով: Վերջապես նա ինձ առաջարկեց հանդիպել: Երբ բարևեցինք միմյանց, ես հասկացա, որ նրան դուր չեկա: Նա անմիջապես ասաց, որ ցանկանում է խանութ մտնել: Գնաց… և այլևս չվերադարձավ….

Գայանե, 20 տարեկան

Բոլորի պատմությունները հիմնականում միևնույն բնույթի էին: Տղաները բողոքում էին աղջիկների ընդգծված արտաքինից, <<համեստ>> պահվածքից, երբ զրույցը վարելու ամենախոշոռ պատառը բաժին է ընկնում իրենց: Իսկ աղջիկներին բացառապես դուր չէր գալիս իրենց անձնական կյանքին վերաբերող հարցերը, տղաների անիմաստ <<բա հետո>>-ները:

Եղեք բնական, այնպիսին, ինչպիսին կաք:) Կարծում եմ հաջողված ժամադրության ամենաառաջին պայմանը դա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել