Ուկրաինայիում տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են այն աշխարհաքաղաքական գործընթացների շարունակությունը, որոնք սկսվել էին քառորդ դար առաջ Հայաստանում` արցախյան ազգային-ազատագրական պայքարով ու ԽՍՀՄ-ի փլուզմամբ եւ շարունակվել են մի շարք գաղութային ու բռնատիրական վարչախմբերի տապալումով վերջին տարիներին: Հայ ժողովուրդն իր պայքարում, հանուն անկախության ու ազատության, մշտապես առաջնորդվել է մարդկային արժանապատվության եւ ազգային ինքնորոշման սկզբունքներով: Այս սկզբունքերով մենք հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում, նույն սկզբունքներով մենք պետք է առաջնորդվենք միջազգային հարաբերություններում: Սակայն, ազգային ինքնորոշումը մաս է կազմում ավելի լայն ու հիմնավոր սկզբունքի` մարդու եւ հասարակության քաղաքական և քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների: Այս տեսակետից անթույլատրելի է գնահատել հեղափոխական Ուկրաինայի տարածքի մի մասի զավթումը Ռուսաստանի կողմից որպես ազգային ինքնորոշման դրսեւորում, առավելևս համեմատել այն Արցախյան պայքարի հետ: Ի տարբերություն գաղութային կախվածությունից եւ ազգային խտրականությունից ազատագրվող Արցախի, որն օգտագործեց դեռևս ԽՍՀՄ սահմանադրությամբ նախատեսված ինքնորոշման բոլոր խաղաղ եւ օրինական միջոցները՝ ընդհուպ մինչեւ հանրաքվե, Ղրիմի վերջին իրադարձություններն ավելի շատ նման էին գաղութային զավթման, քանի որ տեղի ռուս բնակչությունը երբեք չէր ենթարկվել ոչ մի ազգային խտրականության, ճնշման կամ գոյության համար ֆիզիկական վտանգի, իսկ հապճեպ կազմակերպված կամարտահայտությունը տեղի էր ունեցել օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությամբ եւ միջազգային օրենքներին հակառակ:
Սակայն առավել կարեւոր է մեկ այլ հանգամանք: Ուկրաինայի իրադարձությունները եւ Ռուսաստանի ռազմական ճնշումը ստեղծել են բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, սկիզբ դառնալով նոր «սառը պատերազմի»: Այս պայմաններում Հայաստանի կենսական շահերը պահանջում են ընդունել ազգային անվտանգությունն ու պետականության կայունությունն ապահովող կեցվածք ու դիրքորոշում: Մենք չենք կարող թույլ տալ ներքաշել մեզ որևէ արկածախնդիր առճակատման մեջ, որտեղ մեզ ստիպելու են հակադրվել ողջ քաղաքակիրթ աշխարհին, դեմ գնալ ազատության, անկախության սկզբունքներին ու միջազգային օրենքներին: Հայաստանը չպետք է մասնակցի ճամբարային հակամարտությանը, հարվածի տակ դնելով մեր գերագույն ազգային շահերն ու պետականության անվտանգությունը: Հայակենտրոն քաղաքականությունը, որը պետք է հանդիսանա մեր արտաքին քաղաքականության առանցքը, պահանջում է զերծ մնալ Ռուսաստանի կողմից մեզ պարտադրվող Մաքսային միությանը անդամագրվելու կործանարար որոշումից, փոխարենը զարգացնելով երկկողմ ու բազմակողմ հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետ` նախեւառաջ Իրանի, Վրաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ` բացարձակապես իրավահավասարության եւ արդարության սկզբունքների հիման վրա:
Մենք պետք է մերժենք բիրտ ուժի եւ երկակի չափանիշների կիրառումը միջազգային հարաբերություններում եւ հավատարիմ մնանք ազգերի իրական ինքնորոշման, քաղաքական և քաղաքացիական ազատությունների եւ հակագաղութային պայքարի սկզբունքներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/733609763339247
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել