1in.am-ը գրում է.
Տարածքային ամբողջականության և միջազգային պարտավորությունների հիմնական սկզբունքների խարխլումը Ղրիմի հեռավոր հակամարտությունը փոխադրում է Եվրոպայի սիրտ՝ հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում վավերագրական ֆիլմերի One World փառատոնի բացմանը: Այս մասին փոխանցում է Gruziya Online-ը:
Նա ընդգծել է Եվրոպայի պահպանման անհրաժեշտությունն այնպիսին, ինչպիսին այն սահմանվել էր 40 տարի առաջ Հելսինկյան հռչակագրով. մայրցամաք, որտեղ տարածքային ամբողջականությունն ունի վճռորոշ նշանակություն, միջազգային պարտավորությունները պահպանվում են ամբողջական ծավալով, իսկ սահմանները չեն վերափոխվում ռազմական ուժի կիրառմամբ:
ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը և մտադիր չէ այն ճանաչել՝ ընդգծել է Ֆյուլեն՝ հիշեցնելով ԵՄ-ի կոշտ և միասնական արձագանքի մասին, ներառյալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար պատասխանատու անձանց դեմ սահմանված պատժամիջոցները:
ԵՄ-ն նպատակաուղղված է հասնելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսության՝ քաղաքական լուծում գտնելու համար՝ ասել է Ֆյուլեն:
Նա անդրադարձել է «Արևելյան գործընկերության» դերին, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ հարգանք և խթանում:
«Լիովին հետևելով մեր ընդհանուր շահերին, մենք աշխատում ենք արևելյան հարևանների հետ՝ նրանց հետ մեր մայրցամաքում ստեղծելու բարգավաճման ու կայունության գոտի՝ հենվելով խորհրդարանականների, իշխանության տեղի մարմինների, գործարար շրջանակների և ընդհանուր առմամբ հասարակության վրա»,- ընդգծել է Ֆյուլեն:



