ԵՄ կարևորագույն պետություններից մեկը կամաց-կամաց սկսում է նահանջել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտքից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ դեմ է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն: Ավելի կոնկրետ ներկայացնելու համար, թե ինչ է ասել Մերկելը, մեջբերենք վերջինիս խոսքերը. «Ես կողմ և շահագրգռված չեմ լարվածության սրմամբ: Ես աշխատում եմ իրավիճակը հարթեցնելու և կայունացնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել պետք չէ, և ես հուսով եմ, որ դրանից հնարավոր կլինի խուսափել»,-ասել է Մերկելը: Կարճ ասած՝ Գերմանիայի «փուքսը թողեց»:
Սրան ի հավելումն, թերևս, հարկ է նշել նաև Գերմանիայի կառավարության արձագանքը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի սկանդալային վերջին հեռախոսազրույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջերս համացանցում էր հայտնվել Տիմոշենկոյի և Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նեստոր Շուֆրիչի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ Տիմոշենկոն խոստանում է օգտագործել իր բոլոր կապերը, որպեսզի Ռուսաստանին չթողնի «անգամ մի այրված դաշտ»: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ չնայած այն հանգամանքին, որ մերժելի են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, և գոյություն ունի հիմնարար, սկզբունքային տարբերություն հայացքներում, լեքսիկոնի և մտքերի արտահայման համար առկա են սահմաններ, որոնք հատել չի կարելի, իսկ բռնության կիրառման ֆանտազիաները ակնհայտորեն հատում են բոլոր սահմանները:
Գերմանիայի մոտեցումը ինձ համար պարզ է: Այս մարդիկ պատրաստ չեն տնտեսական պատժամիջոցներ կիրառել, քանի որ դա լրջորեն կարող է անդրադառնալ նաև իրենց տնտեսության վրա, էլ ուր մնաց՝ հանուն Ուկրաինայի արկածախնդրության դիմեն և «այրեն» ամբողջ Ռուսաստանը, չէ մի չէ, Տիմոշենկոյի «շրջապատով»` Արևմուտքով, ռադիոակտիվ մոխրի վերածեն Ռուսաստանը: Սա, բնականաբար, լուրջ չէ, և Գերմանիան իր քաղաքական խոհեմ հաշվարկներն է անում` կշեռքի նժարի վրա դնելով իր օգուտն ու վնասը, և անում է համապատասխան եզրակացություններ:
Գերմանիան այսօրվա դրությամբ կարևորագույն խաղացող է ԵՄ-ում: Այնպես որ, եթե Գերմանիան, այսպես ասած, «շահագրգռված չէ ավելի լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ», ուրեմն ԵՄ-ը գուցև այդպես էլ վարվի: Տեսականորեն Գերմանիան կարող է այս հարցում մի կողմ քաշվել ԵՄ միասնական արտաքին քաղաքականության կիրառման գործընթացից, բայց ես կարծում եմ, որ դա գործնականում բացառվում է, քանի որ դա այս պետության համար հեղինակության խնդիր է:
Ի վերջո, եկեք մի քիչ այլ կերպ նայենք իրավիճակին: Ուկրաինայի ճգնաժամի շուրջ աճող լարվածությունից, որին, ի դեպ, այսօրվա դրությամբ առավել ուժգնությամբ նպաստում է ԱՄՆ-ն, տուժելու է հենց Եվրոպան: Կոպիտ ասած՝ ինչո՞ւ պետք է Եվրոպան առաջին հարվածը ընդունի իր վրա՝ հանուն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի: Այնպես չէ, որ ԵՄ-ի շահերն այստեղ որոշակիորեն չեն համընկնում ԱՄՆ-ի շահերին, բայց երբ տեսական հայացք ենք գցում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմանը, ապա այդ դեպքում ոչ այնքան տուժում է ԱՄՆ-ն, որքան, ինչպես քիչ առաջ նշեցի, ԵՄ երկրները:
Հիմա հարցս հետևյալն է` արժե՞: Կարծում եմ՝ Գերմանիայի կանցլերի պատասխանը ակնհայտ է: