Մեկ-մեկ մտածում եմ, թե ե՞ս եմ անհասկացող, թե «ոչ իշխանական» կոչված այս միավորումը: Մարդիկ միավորվել են համակարգային փոփոխությունների պահանջի ներքո, իբրև թե: Բայց այդ միավորման մասնակիցներից ամենաուժեղը հենց գործող համակարգի բաղկացուցիչ մասն է, այն էլ ինչպիսի՜ բաղկացուցիչ: Երկրորդը իրեն միշտ նորմալ է զգացել այդ համակարգում՝ զուտ ինչ-որ հարցերում (երևի ոչ այնքան էական՝ այլապես չէր ստանձնի իրեն առաջարկված պաշտոնները)՝ անհամաձայնություն հայտնելով համակարգի կայացրած որոշումներին: Մնացած ընդդիմադիր երկու կուսակցություններն էլ իրենց այսպես, թե այնպես դրսևորում են հենց այս համակարգի պայմաններում որպես խորհրդարանական ուժեր: Եթե դուք ձեզ նորմալ եք զգում այդ համակարգում՝ լինելով դրա մի մասը՝ ինչպե՞ս եք կարողանալու փոխակերպել այն, չեմ հասկանում: Դրա համար գոնե անհրաժեշտ է, որ դուք դուրս լինեիք այդ համակարգից՝ էլ չեմ խոսում արժեհամակարգային և այլ հարցերից: Իսկ ԱԺ-ում ներկայացվածների դեպքում դուրս մնալը գոնե նշանակում է հրաժարվել այնտեղ իրենց ներկայությունից: Կներեք, բայց այլ տարբերակ ուղղակի չի լինում: Եվ շատ-շատ, որ դուք կարող եք անել, դա համակարգը ներսից ջարդելն է և կամ քայքայելը, որի հնարավորությունն էլ դուք չունեք: Եթե, իհարկե, «լավագույն դեպքում» համակարգի հիմնական բաղադրիչը ձեր օժանդակությամբ չփոխարինվի մեկ ուրիշով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել