keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ամուսնություն և…«Արդյո՞ք մենք ձանձրալի ենք»

visibility 3000 commentմեկնաբանել

Ամուսնություն և…«Արդյո՞ք մենք ձանձրալի ենք»Cosmo.am-ը գրում է.

Ամեն ամիս հեղինակ և լրագրող Քրիստինա Գրիշն անդրադառնում է ամուսնության քաղցր, զարմանալի, հաճախ նաև՝ շփոթեցնող աշխարհին:

Մաչու Պիչու լեռներ մագլցել, Պուգլիայում ութոտնուկ համտեսել, Լաոսից մետաքսե շարֆեր գնել... Այս ցանկը միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչ իմ ծանոթ ամուսիններն անում են արձակուրդների ժամանակ և ինչն ինձ ստիպում է զարմանալ նրանց երևակայության վրա: Դա ինձ առիթ է տալիս մտածել՝ ինչու ես և իմ ամուսինը՝ Սքոթը, չենք անում նույնը: Նույնիսկ նրանց ժամադրություններն են գերստեղծագործական՝ կաբարե շոու, խոհարարական դասընթացներ: Երբ ես այդ ամենը համեմատում եմ ամեն տարի լողափ մեր ուղևորության կամ Սքոթի՝ ուրբաթ երեկոյան հեռարձակվող հեռուստասերիալը դիտելու սովորության հետ, մեր ամուսնությունը թվում է... ձանձրալի: Ես չեմ ուզում փոխել մեր նախասիրությունները, սակայն կցանկանայի, որ հետագայում հիշելու բան ունենանք: Ինչպե՞ս:

Մեղադրանքների խաղ

Թեև ես ավելի հակված եմ Սքոթին մեղադրել հետաքրքիր ժամադրություններ և ճամփորդություններ չառաջարկելու համար, այստեղ կա նաև իմ մեղքը. ես ինքս հազվադեպ եմ յուրօրինակ որևէ բան նախաձեռնում: Ես նոր զգացողությունների կարիք ունեմ, սակայն միևնույն ժամանակ անհարմար եմ զգում Սքոթին ծանրաբեռնել այդ մտքերով, քանի որ գիտեմ, թե ինչպես է նախընտրում լիցքաթափվել իմ գերզբաղված ամուսինը:

Մտավախություն ունեմ, որ առանց նոր տպավորությունների մենք կհայտնվենք միապաղաղ, լճացած իրավիճակում, ինչը բացասաբար կազդի մեր ամուսնության վրա: Ես իմ անհանգստությունը հայտնեցի Ջուլի Հենքսին՝ Սոլթ Լեյք Սիթիի Wasatch Family Therapy կլինիկայի տնօրենին: Վերջինս ասաց, որ չի կարելի միանշանակ պնդել, թե մեզ ծանոթ ամուսնական զույգն ավելի երջանիկ է ամուսնության մեջ պարզապես հետաքրքիր առօրյա ունենալու շնորհիվ: «Զույգերը հաճախ են համեմատում իրենց «թույլ» կողմերն այլ զույգերի «ուժեղ» կողմերի հետ,- պարզաբանեց Ջուլին: - Քո ընկերների ուժեղ կողմը կարող է լինել զվարճալի առօրյան, մինչդեռ ձեր ուժեղ կողմը կարող է լինել ավելի ամուր կապը, որն արտահայտվում է պարզապես միասին գտնվելով ցանկացած վայրում»: Այս ամենի մեջ ճշմարտություն կա. մենք միշտ գրկախառնվում ենք հեռուստացույց դիտելիս և հաճելի ժամանակ ենք անցկացնում միասին մեր սիրած սուշի բար այցելելիս: Բայց նաև կարևոր է, որ ես չսպանեմ նոր տպավորություններ ունենալու իմ ցանկությունը: Ըստ Հենքսի՝ եթե ես չստիպեմ Սքոթին նոր արկածներ ունենալ ինձ հետ, մեր մեջ լարվածություն կառաջանա:

Բարձրացնելով զարմանքի գործոնը

Դրական փոփոխություններ իրականացնելու համար պետք է անկեղծ լինեմ Սքոթի հետ, խոստովանեմ, թե ինչ եմ զգում համեմատության արդյունքում և ասեմ, որ կցանկանայի հետաքրքրացնել մեր առօրյան. սա Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Ջիոֆրի Գրիֆի խորհուրդն է: Ապա ես պետք է որևէ նոր զբաղմունք պլանավորեմ առնվազն ամիսը մեկ անգամ, որը կներառի ինչպես Սքոթի, այնպես էլ իմ նախասիրությունները: Մենք կարող ենք նաև շարունակել հետևել մեր «ավանդական հետաքրքրություններին», պարզապես՝ անսովոր վայրերում (օրինակ՝ մեր հեռուստաշոուները համակարգչով դիտել լոգասենյակում): Իսկ երբ գործը հասնի ճամփորդելուն, ես ինքս պետք է կազմակերպեմ Սքոթի և իմ սիրած ծովափնյա հանգիստը, սակայն այն պետք է գտնվի այնպիսի վայրում, որը թույլ կտա մեզ կատարել նորանոր բացահայտումներ:

Ես ընդունում եմ, որ իմ նախաձեռնած առաջին ուղևորության հարցում ես չափը փոքր-ինչ անցա. մենք վարձակալել էինք մեքենա՝ Route 1 ճանապարհն անցնելու համար, հեծանիվներ՝ կամրջով զբոսնելու համար, ձիեր՝ տարածաշրջանով զմայլվելու համար... և իհարկե, ամենից զատ, վայելում էինք լողափը:

Նախաարձակուրդային տրամադրություն ստեղծելու նպատակով ես Սքոթին ժամադրության հրավիրեցի ձիարշավարան՝ ձիավարության մեր առաջին դասընթացին: Ես ամուր բռնվել էի թամբից, մինչդեռ Սքոթը ձիավարում էր պրոֆեսիոնալի պես: Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք: Այդ ամենն ինձ այնքան դուր եկավ, որ ես երկուսիս համար կովբոյի երկարաճիտ կոշիկներ պատվիրեցի: Չեմ համբերում, թե երբ եմ այդ ամենը պատմելու մեր ընկերներին:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել