ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՄԱՔՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց լեզուն աշխարհի հնագույն հարուստ լեզուներից մեկն է: Ունի հարուստ բառապաշար և արտահայտչական բազմազան հնարավորություններ: Դա անվիճելի իրականություն է: Օտարաբանության դեմ պայքարը և լեզվի մաքրության հարցը միշտ էլ եղել են քննարկման առարկա տարբեր ժամանակաշրջաններում: Անհարկի օտար բառերի ներմուծումը աղավաղում է մեր լեզուն, և դրա դեմ պետք է շարունակական պայքար տարվի: Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե հայոց լեզվի դռները պետք է ամուր փակել անհրաժեշտ փոխառությունների առաջ և բոլոր օտար ու փոխառյալ բառերը թարգմանել հայերեն: Լեզվաբանությունը վաղուց մերժել է ծայրահեղ մաքրամոլությունը, որը միայն աղքատացնում է լեզուն, թուլացնում նրա արտահայտչական ճկունությունը և դատապարտում ինքնամեկուսացման: Երբեք չի կարելի նույնացնել օտարաբանությունը և փոխառությունները, դրանք տարբեր հասկացություններ են:
Աշխարհի բոլոր գրական լեզուները զարգանում են օգտվելով երեք աղբյուրներից.
ա/ սեփական լեզվաֆոնդի, բառապաշարի հիմքի վրա`նոր բառեր և բառակապակցություններ ստեղծելով: Հայոց լեզվի բառակազմական, հնչունական և քերականական համակարգերի ճկունությունն այդ տեսակետից մեծ հնարավորություններ է ընձեռում: Պատահական չէ, որ վերջին տասնամյակներում մեր լեզուն հարստացավ համընդհանուր ընդունելության արժանացած բազմաթիվ նորակազմ բառերով:
բ/ Երկրորդ աղբյուրը տարբեր լեզուներից փոխառություններն են:
գ/ Երրորդ աղբյուրը ազգային բարբառների օգտագործումն է:
Ես ուզում եմ խոսել մասնավորապես փոխառությունների մասին: Հազարամյակների ընթացքում, ճեղքելով իր առջև ծառացած ամեհի պատնեշները, մեր լեզուն անցել է հաղթական ճանապարհ` ինքնամաքրվելով ու միաժամանակ հարստանալով, ոչ միայն իր սեփական բառարմատների հիման վրա ստեղծված բառակազմություններով, այլև հարևան ժողովուրդների, այդ թվում նույնիսկ բռնակալական տերությունների լեզուներից ներառված փոխառություններով: Հ. Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան»-ում գրում է, որ մեր լեզվում հազարավոր փոխառություններ կան իրանյան հին ու նոր լեզուներից, ասորերենից, խալդերենից, հունարերենից, եբրայրերենից, լատիներենից, արաբերենից, հին ֆրանսերենից, նույիսկ թուրք-թաթարական լեզուներից: Դրանից մեր լեզուն ոչ միայն չի կորցրել իր ինքնուրույնությունը, այլև հարստացել է, որովհետև դա բոլոր լեզուների բնական զարգացման ուղիներից մեկն է:
Լեզուների փոխառությունների մասին խոսել են նաև համաշխարհային մշակույթի և գրականության ուրիշ մեծություններ:
Վ.Գյոթեն, խոսելով գերմաներենի մասին, գրում է. «Չկա ավելի անհեթեթ բան գերմանացու համար, քան այն, որ նա պատկերացնի, թե ինքը իբր օգտվում է իր սեփական պաշարներից և մոռանա այն մասին, թե վերջին 50 տարվա ընթացքում ինչքան փոխառություններ է վերցրել ուրիշ ազգերից… Լեզուն մաքրելու հետ միասին հարստացնելը ականավոր խելքի տեր մարդկանց գործն է: Մաքրելը առանց հարստացման ապաշնորհների զբաղմունք է: Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ մաքրման և հարստացման համար, որոնք պետք է զուգակցվեն, որպեսզի լեզուն զարգանա որպես կենդանի օրգանիզմ»:
Ահա թե ինչ է ասում Դ. Դիդրոն ֆրանսերենի մասին. Սալոնի տեսության մեջ նա զայրացած բացականչում է` «Այս ինչ հիմարություն է ամեն ինչ ֆրանսիացնել»:
Նշանավոր լեզվաբան Մ. Աբեղյանը գրում է. «Լեզվի փոխառությունը ուրիշ լեզվի ազդեցությամբ բնական պրոցես է: Ամեն լեզու այս եղանակով հարստանում է և ճկուն է դառնում նորանոր գաղափարներ արտահայտելու համար: Լեզվի զարգացումն այս ճանապարհով երբեք չի դադարել: Այսպիսի դեպքում բառերն ու կապակցությունները արդեն ազգայնանում են և օտար բառերը նույնիսկ ենթարկվում են նույն հնչյունափոխությանը, ինչ որ բնիկ բառերը»:
Փոխառությունների հարցը չի վրիպել նաև Ստ. Մալխասյանցի ուշադրությունից: «Հայերենը…, -գրում է նա,-հեղեղված է պահլավական բառերով ու ոճերով: Խորենացին հունաբան էր, և նա հայերեն ներմուծեց հունական նախդիրներով ստեղծված հունական ձևով բազմաթիվ բառեր, ինչպես նաև հունաբանությունը զգալի դարձրեց շարահյուսության մեջ: Դրանից հայերենը ոչ թե տուժեց, այլ հարստացավ»:
Մեր մեծանուն բանաստեղծ Հ. Թումանյանը գրում է, որ լեզուների զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ «ոչ մի լեզու, որքան էլ ազգային բնավորությունը պահի ու զարգացնի, չի կարող փոխառություններից ազատվել ու կղզիանալ…Փոխառությունները եղել են ու միշտ կլինեն, և շատ գեղեցիկ է, որ էդպես է: Միայն պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել և տեղը գործածել… Միշտ ավելի լավ է չունեցած բառը փոխառնել, քան թարգմանել և ֆրակը շինել պոչազգեստ…»
Այս ամենը երկար շարադրում եմ, որպեսզի համաշխարհային մեծությունների հեղինակությամբ համոզեմ մեր ծայրահեղ մաքրամոլներին, որ փոխառությունները օտարաբանություն չեն, այլ լեզուների բնական զարգացման, բոլորի կողմից ճանաչված, օրինաչափություն, և օտար բառերի նկատմամբ սերը չէ, որ ստիպում է շատ լեզվաբանների ու մտավորականների հանդես գալ փոխառությունների պաշտպանությամբ ու ամեն ինչ հայացնելու մոլուցքի դեմ:
Վերջին երկու տասնամյակում, մեր լեզուն անհարկի օտար բառերից մաքրելու դրական միտումի հետ միասին, հիվանդագին մի մտայնություն առաջացավ` բոլոր փոխառյալ, այդ թվում վաղուց լայնորեն գործածվող, արդեն ազգային սեփական բառի իրավունք ստացած ու մատչելի բառերը անպայման փոխարինել հայերեն տարբերակով: Եվ սկսեցին մեր լեզվից հախուռն վտարել զանգվածաբար գործածվող, գեղեցիկ ու դյուրահնչյուն շատ բառեր, որոնք չեն հակասում մեր ազգային լեզվի օրինաչափություններին, հեշտությամբ ենթարկվում են քերականական կանոններին և ավելի լիարժեք են արտահայտում տվյալ բառի կամ հասկացության իմաստը: Գրավոր ու բանավոր խոսքում տարածում գտան հնարածին, անճաշակ ու շինծու, դժվարահունչ ու խեղված բառակերտումներ, Թումանյանի ասած «պոչազգեստի» նման, որոնք օտար բառերի լիակատար համարժեքը չեն: Ահա այդ լեզվական գոհարներից մի քանիսը. Ինքնաձիգ (ավտոմատ), հրասայլ (տանկ)-խափանաբանություն (դիվերսիա), համաբուժարան (պոլիկլինիկա)-շտաբ (սպայակույտ), ընկերային (սոցիալական), երգահան (կոմպոզիտոր), երաժշտանոց (կոնսերվատորիա), համույթ (անսամբլ)-եռանդուժ (էներգիա), պահոց (արխիվ)-սրընթոն (մոտոցիկլ), երթոն (տրանսպորտ), ճպերթ (մետրո)-դաշնույթ (սիմֆոնիա), խմբավար (դիրիժոր)-թեքնաբանություն (տեխնոլոգիա), պատշաճություն (էթիկա), հիմն (օրհներգ), սոցիում (կոլեկտիվ), արհեստավարժ (պրոֆեսիոնալ), շարժանկար (կինո), քարյուղ (նավթ), գործընթաց (պրոցես), ալեհավաք (անտենա) և այլ, և այլն:
Դժվար չէ նկատել, որ մաքրամոլները հայացնում են հիմնականում միայն ռուսերենից և եվրոպական լեզուներից ներառված բառերը: Որոշ մարդիկ իրենց հրապարակային ելույթներում հաճախ բացասական վերաբերմունքով են խոսում մասնավորապես ռուսախոսության լայն տարածման մասին: Մոռանալով, որ դա նույնպես օրինաչափ երևույթ է: Բոլոր ժողովուրդներն էլ առաջին հերթին և առավելապես փոխառություններ են վերցնում իրենց այն հարևան ժողովրդից, որի հետ ավելի սերտ շփումներ են ունենում և որն իր մշակութային և քաղաքական զարգացմամբ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում: Իսկ Հայաստանը դարերով սերտորեն կապված է Ռուսաստանի հետ: Մեր ականավոր լեզվաբան Էդ. Աղայանն իր հրաշալի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի առաջաբանում գրում է. «…Մեր ժողովրդի սերտագույն մշակութային կապերը ռուս և եվրոպական ժողովուրդների հետ… մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, գիտության և տեխնիկայի պահանջներին համապատասխան, մեր լեզվի բառապաշարը հարստացրին տասնյակ հազարավոր նորակերտ բառերով և նորագույն փոխառություններով»:
Կարծեմ հեռուստատեսության աշխատողներից մեկը` Դ. Ասլանյան, լավ չեմ հիշում, լրագրերից մեկում գրել էր. «…Մեր սերունդը համաշխարհային գրական, փիլիսոփայական, գիտական արժեքների բացարձակ մեծամասնությանը հաղորդակցվել է ռուսերենի միջոցով և մայրենիին զուգահեռ տիրապետել է այդ լեզվին, և դրանից միայն շահել»:
Բոլոր ողջախոհ ու անկողմնակալ մտավորականները չեն կարող չհամաձայնվել այս տեսակետին:
Եթե, դժբախտություն ունենանք հետևելու մաքրամոլների սկզբունքներին և պահանջներին, ապա պետք է «հայացվեն» նաև պարսկերենից, հունարենից, ասորերենից, լատիներենից, մանավանդ թուրք-թաթարերենից փոխառված բառերը: Այդ դեպքում ինչ կմնա մեր լեզվից, կհարստանա՞, թե՞ կաղքատանա:
Այստեղ հնարավոր չէ մանրամասն քննարկել բոլոր նորաթուխ բառերը: Սակայն մի շարք կարևոր բառերի կապակցությամբ ուզում եմ իմ նկատառումներն արտահայտել:
Միթե մեր լեզուն չի աղքատանում, երբ հրաժարվում ենք այնպիսի գեղեցիկ ու դյուրըմբռնելի բառերից, ինչպիսին են կուլտուրա, պրոցես, պրոֆեսիոնալ, անսամբլ, կոմպոզիտոր, սոցիալական, շտաբ, անտենա, Էսթետիկա, դեմոկրատիա, դիրիժոր, էթիկա, լիբերալիզմ, տրանսպորտ, մետրո, սիմֆոնիա, ինտելեկտւալ, պոտենցիալ, պրոբլեմ, բյուրոկրատիզմ, ապարատ, հիմն, մեթոդ, սխեմա և այլն:
«Մշակույթը» լավ բառ է, բայց լիովին չի փոխարինում «կուլտուրա» բառին: Այդ պատճառով էլ այդ երկու բառը պետք է գործածվեն զուգահեռաբար: Օրինակ անհեթեթ է հնչում «կենցաղային», «խոհանոցային», «տեխնիկական», «վարորդական», «ներքին» մշակույթ արտահայտությունները: «Մարդը պետք է ունենա ներքին մշակույթ», «Մենք պետք է մշակենք մեր վարմունքի մշակույթը», «Մենք մշակում ենք մշակույթային բույսեր», «Մենք մշակելենք արտադրության բարձր մշակույթ» և բազմաթիվ նույնանման նախադասությունների կհանդիպեք մամուլում: Նույն ձևով «գործընթաց»-ը լիարժեք չի արտահայտում «պրոցես» բառի գործածության բոլոր իմաստները` տարբեր հարաբերություններում: «Իմ ստամոքսում տեղի է ունենում ինչ-որ գործընթաց», «այս ջրավազանում տեղի են ունենում քիմիական գործընթացներ», «Ինչպիսի ընթացք պետք է քունենա այդ գործընթացը», «Այս գործընթացը ընթանում է ճիշտ ուղիով», մի՞թե կարելի է հաճախակի հանդիպող այսպիսի նախադասությունները ճիշտ համարել: Կամ, մի՞թե կոմպոզիտորը երգ հանող է, որտեղի՞ց է հանում: Չէ որ կան կոմպոզիտորներ, որոնք ոչ մի երգ չեն «հանել»: Նույնը կարելի է ասել դիրիժյորի մասին: մի՞թե նա խմբավար է և օրկեստրը կարելի է խումբ անվանել: Ի՞նչ է նշանակում սպայակույտ, սպաները կուտակվել են որտե՞ղ: Չէ՞ որ «շտաբը» բոլորովին ուրիշ իմաստ ունի, այն սպաների կուտակում չե, այլ բանակի և որևէ կազմակերպության գործող ղեկավար օրգանն է: Անհեթեթություն չէ՞ «սոցիալական» տերմինը փոխարինել «ընկերային» բառով: Անտենան միայն «ալեհավաք» չէ, այն նաև ալիքներ է հաղորդում:
«Գեղագիտությունը» նույպես գեղեցիկ բառ է, գիտություն գեղեցիկի մասին: Սակայն լիովին չի ընդգրկում «էսթետիկա» տերմինի ամբողջ էությունը: Էսթետիկան, էսթետիզմը որպես գիտություն, ոչ միայն գեղեցիկի մասին է, այլև ունի բացասական կատեգորիաներ` ձևապաշտություն ի վնաս բովանդակության, ձևամոլություն: Ձևապաշտներին անվանում են էսթետացող: Հո չի կարելի հայերեն ասել «գեղագիտացող»: Անհասկանալի է ի՞նչ սկզբունքով, ի՞նչ կանոնի համաձայն է հորինվել «համույթ» բառը` անսամբլի փոխարեն: Նոր բառերը կազմվում են արմատներից և ածանցներից: Օրինակ, վարույթ-ասույթ բառերը կազմված են վարել, ասել արմատներից: Ո՞րն է «համույթ» բառի արմատը` համը՞, իսկ դա ինչ կապ ունի անսամբլի հետ: Չգիտեմ ինչ պատճառաբանությամբ է «հիմն» բառը, որը հունարենից փոխանցվել է հայերենին և նշանակում է գովասանական, փառաբանական երգ` նվիրված պետական, հեղափոխական, ռազմական , կրոնական միասնությանը, փոխարինել են «օրհներգով», որն ավելի շուտ կրոնական երանգ ունի: Աճառյանի բառարանում «հիմն»-ը բացատրված է որպես հիմք, հիմնանալ, վիպասանական երգ:
Անտրամաբանական է նաև «մինիստր» (մինիստրություն) բառը «նախարար»-ով (նախարարությունով ) փոխարինելը: Հ. Աճառյանի բառարանում նշված է, որ նախարար բառը առաջացել է իրանական հոմանիշ բառից, որը նշանակում է ժողովրդի կամ ցեղի պետ, «կամ կալվածքների գլխավոր»: Իսկ «մինիստր»-ը լատինական բառ է և նշանակում է ծառայող, կառավարող: Այս վերջին անվանումը ավելի է ճշգրիտ է արտահայտում տվյալ կազմակերպության իրավասությունները: «Նախարար» բառը թող մնար որպես մեր պատմության որոշակի ժամանակաշրջանի հասկացություն, իսկ մինիստր բառը պահպանվեր, որպես ժամանակակից տերմին, և դրանից հայոց լեզուն բոլորովին չէր տուժի:
Ինչու ենք հրաժարվում համար (օկ. ես ապրում եմ հյուրանոցի 9-րդ համարում, ես կարդացի ամսագրի 5-րդ համարը, ասացեք ձեր շենքի համարը կամ հեռախոսի համարը: Դե հիմա համարի տեղը գրեք «թիվ» բառը, ինչ կստացվի), դիրեկտոր (տնօրենը կապված է սեփականության տնօրինման հետ, իսկ դիրեկտորը պաշտոն է, ծառայող), պրոֆեսիոնալ, կոալիցիա, դիվերսիա, դիսերտացիա, կոլեգիա, կոլեգա, լիբերալիզմ-պոպուլիզմ և այլ բառերից, որոնք ամուր տեղ են գրավել աշխարհի գրեթե բոլոր զարգացած, այնպես էլ մեր լեզվի բառապաշարում, և որոնց լիարժեք հոմանիշները հայերենում չկան:
Շատ կան բառեր և տերմիններ, որոնք անտեղի արտաքսվել են մեր լեզվից` սահմանափակելով մեր լեզվի արտահայտչական, ոճական լայն հնարավորությունները և, ինչ որ չափով, ժողովրդին օտարացնելով երկարամյա գործածվող իր իսկ լեզվից: մի՞թե մայրենի լեզվով հնարված անհեթեթություններն ավելի գերադասելի են, քան հանրաճանաչ ու բարեհունչ միջազգային տերմինները:
Ի միջի այլոց, մի առեղծվածի մասին ևս ուզում եմ գրել: Ոչ միայն ինձ, այլև շատերի համար անհասկանալի է, թե ինչու օտար անունները մի դեպքում թարգմավում են , կամ ավելի ճիշտ հայացվում, իսկ մյուս դեպքում ոչ: Օրինակ` ինչ սկզբունքով է Իոհան-Պավել պապի անունը թարգմանվում Հովհաննես-Պողոս երկրորդ: Իսկ ինչու՞ չեն թարգմանում ռուսական թագավոր Պավել 1-ինը, Պողոս 1-ին, կամ Հունաստանի թագավոր Պավելը, Պողոս, Իվան 4-րդը, Հովհաննես 4-րդ, Բյուզանդիայի կայսր Իոհանը, Հովհաննես, Ջորջ Վաշինգտոնը, Գեվորգ Վաշինգտոն և այլն: Դա նույնն է, եթե ռուսները Հովհաննես Թումանյանին դարձնեն Իվան Թումանյան, Շիրազին` Իվան Շիրազ:
Մեր լեզվաբանները պետք է որոշակիություն մտցնեն այս հարցում: Իմ կարծիքով ճիշտ կլինի մարդկանց անուն-ազգանունները գրել առանց թարգմանելու:
Վերադառնանք փոխառություններին, որոնցից անհնարին է խուսափել, և որոնք, ինչպես պնդում են համաշխարհային մեծությունները, հարստացնում են լեզուն: Մեր ականավոր լեզվաբան Ա. Ղարիբյանը մի առիթով ասել է. Պետք չէ վախենալ փոխառություններից, մանավանդ եթե դրանք ենթարկվում են մեր լեզվական համակարգի օրինաչափություններին և քերականական ու շարահյուսական կանոններին: Վախեցեք քերականական համակարգում անհարկի փոփոխություններից, որոնց իրավունքը պատկանում է միայն ու միայն դարերով մշակված լեզվին: Վախեցեք այդ կանոնների աղավաղումներից, ինչը հաճախ է կատարվում մամուլի էջերում, զանազան հրատարակություններում և հրապարակային ելույթներում: Խախտվում է ենթակայի և ստորոգյալի համաձայնության կանոնը, հատկապես երբ ստորոգյալը կրավորական սեռի բայով է արտահայտվում, հոգնակի թվով ենթակայի հետ (ավելացել է հրատարակվող թերթերը-շատ փոփոխություններ է կատարվել, ուրիշ գրքեր չի եղել): Նախադասությունները ճիշտ չեն կառուցվում, թուլ են տալիս շարահյուսական սխալներ, բառերը ճիշտ տեղում չեն գործածվում, շփոթում են բառերի իմաստները (վերաբերել-վերաբերվել, վարկաբեկել- վարքաբեկել-պահպանել-պաշտպանել-թեև-թերևս, ավանդներ-ավանդույթներ, կապված-կախված, բռնել-բռնվել, բոլոր-ամբողջ, իմ մոտ, քո մոտ, իմ համար, քո համար-իմ պես, իմ վրա և այլն):
Բերեմ մեր մամուլից և հեռուստատեսային ելույթներից քաղված լեզվական «գոհարների» մի քանի օրինակ: «Ես իմ աշակերտների մեջ կսերմացնեմ սերը դեպի…», «Մենք պետք է աշխատենք ուսուցչի վրա», «Դատարանը պետք է պահպանի քաղաքացու շահը», «Այգին սկսեց վխտալ այդ տարօրինակ արարածներով», «խորհրդարանը կլինի դիակապատների խորհրդարան», «Ասուլիսում ներկայացվեց հերյուրանքների կեղծությունը» (իսկ անկեղծ հերյուրանքներ լինու՞մ են), «Անասունների երամը», «Բազմամյա տարիների փորձը», «Ժողովրդի վիճակը շատ վատ վիճակում է», «Բոլոր կոլեկտիվը». «Բոլոր քաղաքը», «Ես ուզում էի ինչ որ բանից բռնվել…», «Եկամուտների մեծ մասը ստացվում է արտաքին հաճախորդների վաճառքից», «Շնորհավորում եմ Թամարա տատիկին և նրա դեմքով բոլոր մեծահասակներին», «Գյուղի կովերի գլխաքանակը ավելացել է նոր ֆերմերների հաշվին», »Պետք է ապահովել այդ խնդիրների կատարման ապահովումը» և այլն, և այլն:
Հնարավոր չէ բոլոր սխալներն ու աղավաղումները թվարկել, որոնցով ողողված են ինտերնետը, մամուլը, հեռուստատեսության եթերը: Կամ, այս ինչ հիվանդություն է անընդհատ կառչել մի քանի բառերից և տեղին անտեղի չարաշահել նրանց գործածությունը` խոսնակ, (անկախ իրենց պաշտոնից բոլորը խոսնակ են, թեև այդ բառը 6 նշանակություն ունի, այդ թվում` երգող թռչուն, աքաղաղ), բնականաբար, առումով, միանշանակ և այլն: Հենց սրանց մասին է ասում Ղարիբյանը, որոնք աղավաղում են մեր լեզուն, խաթարում նրա գեղեցկությունն ու հմայքը և որոնց դեմ պետք է հետևողական պայքար տանել:
ՈՒզում եմ ուղղակի նշել, որ հայոց լեզվի վրա խիստ բացասական ազդեցություն ունեցավ այն հանգամանքը, որ անկախության առաջին ստարիներին լեզվի “զարգացման” հարցով սկսեցին զբաղվել ոչ թե լեզվաբանները, այլ դիլետանտները, լեզվի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվողները, նույիսկ նորահայտ «լեզվաբան»` չինովնիկները, որոնք քաղաքական նպատակներով հաճախ չարաշահում էին լեզվի խնդիրները, և որոնք սկսեցին, Վոլտերի խոսքերով ասած, «անհեթեթություններ դուրս տալ, որևէ նոր բան ասելու անզուսպ ցանկությունից դրդված»: Նրանք ոչ միայն հաշվի չէին առնում մեր ականավոր լեզվաբանների կարծիքը, այլև վերամբարձությամբ արհամարհական ու վիրավորական պիտակներ էին կպցնում նրանց:
Այս հոդվածը հրապարակվել է 2010 թ. բայց, նրանում շոշափված հարցերը, իմ կարծիքով, այսօր էլ լուրջ քննարկման խնդիր են: