Ուկրաինայի նոր իշխանությունները փորձում են կարգուկանոն հաստատել երկրում: Երկրի վերաձևավորված ներքին գործերի նախարարությունը սկսել է ազատվել այն զինված խմբավորումներից, որոնց միջոցով փաստացի իրականացվեց հերթական գունավոր (ես կասեի սև) հեղափոխությունը Ուկրաինայում: Ինչպես գիտեք, իրավապահների հետ բախման արդյունքում նախօրեին սպանվեց «Աջ սեկտոր» կուսակցության ակտիվ անդամ Ալեքսանդր Մուզիչկոն: Սրան ի պատասխան՝ «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը ներքին գործերի նախարար Ավակովին մեղադրեց սպանության մեջ, պահանջեց վերջինիս անհապաղ հրաժարականը և սպառնաց վրեժխնդիր լինել: Ավակովի պատասխանը իրեն սպասեցնել չտևեց: Նախարարը սրան պատասխանեց հետևյալ կերպ. «Եթե ինչ-որ ավազակներ սպառնում են նախարարին, ապա ես այդ մարտահրավերն ընդունում եմ և պատրաստ եմ ընդունել ցանկացած մարտահրավեր, քանի որ այդպիսին է իմ պարտականությունը»: Ավելի ուշ ՆԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրվեց շատ հստակ բովանդակություն ունեցող մի հայտարարություն, որը, ըստ էության, հաստատեց Ավակովի հանձնառությունը:
«Ես պնդում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց մոտ պահում են չգրանցված զենք, հանցագործ են՝ անկախ իրենց կուսակցության դրոշի գույներից և կարգախոսներից: Բոլոր հանցագործները՝ լինեն դրանք «Աջ սեկտորից», թե «Մայդանի ինքնապաշտպանական ջոկատներից», պետք է զինաթափվեն և ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ: Այլապես մենք չեն կարողանա կարգուկանոն հաստատել փողոցներում»,-ասված է պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Փաստորեն, Ալեքսանդր Մուզիչկոն եղավ առաջինը, բայց բնավ ոչ վերջինը: Սա շատ լուրջ քայլ է, որին դիմել են երկրի իշխանությունները: Բանն այն է, որ այս «Աջ սեկտոր» ծայրահեղական կուսակցությունը այսօրվա դրությամբ իր հայեցողության ներքո ունի մի քանի հազար զինված մարդ ամբողջ երկրի տարածքում, որոնց մեծ մասը, ի դեպ, գտնվում է մայրաքաղաք Կիևում: Այնպես որ, զինաթափել բոլորին և անել դա օպերատիվ և կազմակերպված, շատ լուրջ մարտահրավեր է, որին այլևս առերեսվել են ուկրաինական իշխանությունները: Բայց դե այնպես էլ չէ, որ երկրի ՆԳՆ-ն առանց նախնական հաշվարկներ անելու կդիմեր նման արկածախնդրության, այն էլ ստեղծված իրավիճակում, երբ Ուկրաինան կանգնած է պատերազմի և մասնատման պոտենցիալ վտանգի առջև:
Անկախ ամեն ինչից, սակայն, կարծում եմ, որ կարգուկանոն հաստատելը իրոք հրամայական է ներկայիս իշխանությունների համար, եթե նրանք իրոք մտածում են երկրի ապագայի և անվտանգության մասին: «Աջ սեկտորի» հեղինակությունն ու ազդեցությունը հեղափոխությունից ի վեր գնալով մեծանում էր (և դեռ շարունակում է մեծանալ): Դրան զուգահեռ՝ անհամաձայնության և տարակարծության ճեղքը ներկայիս իշխանությունների հետ ևս գնալով խորանում էր: Այս ծայրահեղական կուսակցության առաջնորդը նույնիսկ առաջադրել է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին և հավակնում է դառնալ երկրի ղեկավար: Մի պահ պատկերացրեք այն ընտրապայքարը, որի ժամանակ ընտրատեղամասերում կանգնած կլինեն ինքնաձիգերով մարդիկ և կհսկեն ամբողջ գործընթացը, մինչդեռ երկրի ՆԳՆ-ն, լինելով անկազմակերպված և փաստացի առանց լուրջ իշխանության, չի կարողանա վերահսկել իրավիճակը:
Վերը նշված իրադրությունը փոխաբերական իմաստով այն է, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում: Իսկ որպեսզի թույլ չտալ անարխիային գերիշխի Ուկրաինայում, ներկայիս իշխանությունները այլ ելք չունի, քան ձեռնարկել համապատասխան քայլեր: Համապատասխան քայլերն են նրանք են, որոնց միջոցով հնարավոր կլինի արմատախիլ անել հենց այն անարխիան, որն այսօր տիրում է Ուկրաինայում. պետք է չեզոքացնել Յարոշին և մնացած պարագլուխներին: