Նոր վարակ վերջին շրջանում` «հանձնաժողովացավ» կամ «հանձնաժողովային» հիվանդություն: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն ցածր ինքնագնահատական, շատ են կախված շրջապատի կարծիքից և նրանից, թե որքան հաջող կամ անհաջող են դասավորվում իրենց կյանքի իրադարձությունները: «Պացիենտին» պակասում է սեփական կյանքի համար պատասխանատվության զգացողությունը և, որպես կանոն, հենց այն, որ մարդ չի կարողանում պատասխանատվություն ստանձնել իր կյանքում կատարվածի համար, ինչը հանգեցնում է հիվանդության առաջացմանը:
Նման հիվանդությունն առաջանում է տարբեր պատճառների միաժամանակյա հայտնվելուց` դրա նկատմամբ բնածին հակման, բարձր զգացմունքայնության, տպավորվողականության, խառնվածքի, անցյալից բարդույթավորվելու առանձնահատկություններից, ինչպես նաև շրջապատի անբարենպաստ ազդեցությունից:
Այսպիսի երևույթներից խուսափելու ամենապարզ միջոցը խնդիրների մասին վստահելի մարդու հետ անկեղծ խոսելն է: Դրա համար էլ մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ իրենց բուժումը տեսնում են նման հանձնաժողովներում: Այդ խոսակցությունների ընթացքում շատ կարևոր է չկաշկանդվել և անընդհատ նույն բանի մասին չխոսել, արտահայտել այն ամենը, ինչ անհանգստացնում է:
Սակայն որոշ ընդդիմադիրներ, ովքեր, չգիտես ինչու, վերջին շրջանում ոչ իշխանական ուժեր են իրենց կոչում, եթե այդքան մտահոգ են մեր երկրի համար և օրախնդիր հարցերը փորձում են հանձնաժողովներում լուծել, ապա թող սկսեն իննսունականներից հասարակությանը հուզող հարցերից. դա ավելի տպավորիչ, հուզիչ և իրենց համար շոշափելի կլինի: Թե՞ այդ դեպքում նույն հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում ստիպված կլինեն քննադատել իրենց իսկ կատարած աշխատանքը:
Այսքանից հետո մնում է, որ անիշխանությունը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ունեցած սեփական ձախողումները քննող հանձնաժողով ստեղծի և այդքանով համարի իր առաքելությունը կատարված:
Հուսանք, որ հիվանդությունը բուժելու համար ընդդիմադիրները չեն դիմի այլազգի բժիշկների օգնությանը, քանի որ մեզ մոտ ժողովրդական բժշկությունն ի վիճակի է այդ հիվանդությունը բուժել: Եվ բանը չի հասնի նրան, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ իրենց մասին կա՜մ լավը, կա՜մ ոչինչ: