LoveYou.am-ը գրում է.
LoveYou.am-ն այս անգամ անդրադառձել է պարային այն արվեստին՝ հիփ-հոփին, որն արդեն իր յուրօրինակ տեղն ունի հայ երիտասարդության շրջանում: Այդ առիթով մենք զրուցեցինք «Պարիր թե կարող ես» նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթող Հովհաննես Սարգսյանի հետ, ով փաստում է, որ մրցույթն իրեն բացի հաղթանակից հնարավորություն տվեց իր համար բացահայտել պարի մյուս տեսակներն եւ ինչու ոչ տվեց նաեւ մեծ ճանաչում:
Որքանո՞վ է Հայաստանում հիփ-հոփ պարային ուղղությունը լի պրոֆեսիոնալներով ՝ ի՞նչ է պակասում պարողներին:
Հայաստանի պարային ոլորտում պրոֆեսիոնալներ շատ կան, սակայն մենք ունենք այս ոլորտում մեկ գերխնդիր՝ ինֆորմացիայի ու նորամուծությունների պակաս: Սակայն հարցն այն է, որ այդ ամենը հնարավոր է, բայց կապված է մեծ գումարների հետ: Խոսքս վարպետաց դասերի եւ նմանատիպ միջոցառումների մասին է, որոնք Հայաստանում գրեթե չեն կազմակերպվում: Ստիպված պետք է վարպետաց դասեր անցնել դրսում, որը ոչ բոլորին է հասանելի, իհարկե, խոսքս հիփ-հոփ պարային ոճի մասին է:
Ի՞նչով է զիջում հայաստանյան պարարվեստն արտասահմանյանին՝ մասնավորապես հիփ-հոփը:
Այնպես չէ, որ մենք ֆիզիկական կամ ստեղծագործական պոտենցիալով զիջում ենք որեւէ մեկին, պարզապես հարցն այն է, որ մենք չունենք այն հնարավորությունները, որոնք ունեն արտասահմանյան շատ պարողներ: Քանի որ ունենք փոքրաքանակ բնակչություն, հետեւաբար պարողների թիվն էլ քիչ է եւ մրցակցություն հետեւաբար գրեթե չկա, այդ պատճառով պարողները հասնում են մի մակարդակի եւ կանգ առնում: Եւ սկսվում է լճացում:
Գիտեմ, որ համագործակցում եք հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, դուք ե՞ք ընտրում տեսահոլովակի խորեոգրաֆիան, օրինակ Սոֆի Մխեյանի «Երազում»տեսահոլովակինը, թե՞ նախապատվություն եք տալիս բավարարվել միայն պարելով:
Այո, համագործակցում եմ շոու բիզնեսի աստղերից շատերի հետ… Լինում է, որ խորեոգրաֆիան իմն է լինում, սակայն հաճախ հանդես եմ գալիս միայն որպես պարող, ինչպես Սոֆի Մխեյանի վերջին տեսահոլովակում, որտեղ խորեոգրաֆն իմ շատ լավ ընկեր տաղանդավոր Արմինե Զարյանն է:
Հե՞շտ էր աշխատել Սոֆիի հետ:
Սոֆիի հետ առաջին անգամ չի, որ աշխատում եմ : Աշխատասեր եւ շնորհքով մարդկանց հետ աշխատելը միշտ էլ հեշտ է՝ Սոֆին հենց այդպիսին է:
Որքանո՞վ է շահութաբեր տեսահոլովակներում նկարահանվելը պարողներին:
Պարողները միայն տեսահոլովակներում նկարահանվելով չեն զբաղվում, եթե այդպես լիներ, հավանաբար պարողները կհամալերեն սոված արվեստագետների շարքերը (ծիծաղում է) ամեն դեպքում ես իմ հաշվով չեմ բողոքում:
Համաշխարհային աստղերից ու՞մ հետ կցանկաանյիք համագործակցել կամ նույն բեմում երբեւէ պարել նրա հետ:
Պարողի համար երկրորդական է, թե որ երգչի կամ երգչուհու հետ կլինի բեմում, այդ դեպքում պարը մղվում է երկրորդ պլան: Համաշխարհային պարային աստղերից կցանկանայի լինել նույն բեմում Սալահի, Լես Թվինս եղբայրների, Թվիթչի, Քուիք Քրյուի հետ: Եւ շարունակում է ինձ համար երազանք մնալ «Step Up» պարային ֆիլմում նկարահանվելը: