Իմ հայտարարությունը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին:

Բարդ աշխարհագրական տարածք ունեցող Հայաստանի համար ցանկացած գլոբալ գործընթաց նոր սպառնալիքների ու մարտահրավերների դաս է: Այսօր էլ մենք ականատես ենք մի իրադարձության, որի նշանակությունը կզգացվի դեռ շատ երկար: Այս նոր աշխարհակարգը, ըստ էության, գալիս է փոխարինելու այն աշխարհակարգին, որ ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մենք պետք է, որպես պետություն, կարողանանք պահպանել և ամրապնդել մեր տեղն ու դերը՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները։

Հայ-ադրբեջանական պայթյունավտանգ հակամարտություն, կիսով չափ ցամաքային բլոկադա, ռուս-վրացական կարճատև պատերազմ և նրա տարածաշրջանային հետևանքներ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածություն և այն հանգուցալուծելու լավատեսական գործընթացներ, հայ-թուրքական դեռևս չկարգավորվող հարաբերություններ և Թուրքիայի ագրեսիվ պահվածք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ և դրա հետևանքներ, Սիրիական ճգնաժամ և նոր լարվածություններ հայահոծ համայնքներում, Ռուսաստանի Դաշնություն-արևմտյան տերություններ հակասություն, արևելյան գործընկերության շուրջ սկսված աշխարհաքաղաքական պայքար, Եվրասիական տնտեսական միության ստեղծում` որպես նոր աշխարհաքաղաքական միավոր, իրադարձություններ Ուկրաինայում և այլն:

Համաձայնեք, որ համաշխարհային նորագույն պատմությունը միայն վերջին հինգ-վեց տարիների համար արդեն իսկ բարդ ու դժվարին խնդիրներ է առաջադրել Հայաստանին ու նրա ժողովրդին: Եվ միայն հավասարակշռված, նուրբ և ճկուն արտաքին ու ներքին քաղաքականության պարագայում է, որ հնարավոր է դարձել Հայաստանի ու Ղարաբաղի համար ոչ միայն անվնաս, այլ նաև սեփական շահերի վրա հենված սպեցիֆիկ քաղաքականության իրականացումը:

Սա Հայաստանի Հանրապետության Նախագահի և իր ղեկավարած քաղաքական թիմի մենաշնորհն է, իսկ որոշ քաղաքական ուժերի ու ուժիկների օգտակար գործողության գործակիցը` այս հարցերում զրոյից չի տարբերվել, իհարկե եթե չհաշվենք տեղի անտեղի քննադատությունները:

Աշխարհն ավելի զգայուն է դառնում, և հետևաբար մեր արտաքին քաղաքականությունը նույնպես: Առայսօր տեղի ունեցած բարդ զարգացումներում սխալներ թույլ չենք տվել, և այսուհետ ևս չենք սխալվելու: Որովհետև դրա գինը ոչ թե իշխանություն ունենալն է, ինչպես ոմանք են փափագում, այլ համաշխարհային պատմության ապագայի դասագրքերում Հայաստան և Արցախ պետությունների տեղն ու դերը ամուր պահելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել