Կարելի է ասել՝ աշխարհն այլևս մտել է «Սառը պատերազմի» հաջորդ փուլ, ասել է թե, ականատեսն ենք «Սառը պատերազմ 2»-ի: Բայց քանի որ աշխարհը մի քիչ փոխվել է վերջին տասնամյակներում, այդ «պատերազմ»-ի ձևաչափն էլ է մի քիչ փոխվել, այսպես ասած, իր նախորդից:
Երեկ տեղի ունեցավ «G8»-ի արտահերթ հանդիպումը Հաագայում, սակայն, առանց Ռուսաստանի: Յոթ երկրների առաջնորդները հավաքվել էին Նիդերլանդներում` քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո տեղի ունեցավ համատեղ հայտարարություն: Նախադասություն առ նախադասություն չներկայացնելու համար կասեմ, որ ընդհանուր առմամբ առաջնորդները քննադատության ենթարկեցին Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, և վերջինիս մեղադրեցին միջազգային իրավունքի խախտման, ագրեսիայի, անեքսիայի և մի շարք այլ միջազգային մասշտաբի հանցագործությունների մեջ: Դրան ի հավելումն, վերը նշված հայտարարության մեջ հնչում էին նաև ավելի խիստ պատժամիջոցների մասին սպառնալիքներ, որոնք ենթադրաբար պետք է իրականություն դառնան, եթե Ռուսաստանը փորձի ավելի սրել ուկրաինական ճգնաժամը: Կարճ ասած՝ Արևմուտքը հստակ հակառուսական կեցվածք է ընդունել և նահանջելու ոչ մի մտադրություն, համենայն դեպս առայժմ, չունի: Սրան զուգահեռ, սակայն, տեղի է ունեցել մեկ այլ ուշագրավ իրադարձություն, որը, ըստ իս, ևս արժանի է ուշադրության:
Բանն այն է, որ երեկ տեղի է ունեցել նաև BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ինչպես Բրազիլիայում գալիք գագաթնաժողովին և Սիրիային վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձ է կատարվել ուկրաինական ճգնաժամին: Հենց նույն օրը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրիմի շուրջ քննարկումների վերաբերյալ այսպիսի հայտարարություն է արել. «BRICS-ի մեր գործընկերները ըմբռնումով մոտեցան ստեղծված իրավիճակին, հաշվի առան խնդրի շուրջ եղած պատմական բոլոր ասպեկտները: Մենք դա շատ բարձր ենք գնահատում: Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչմանը, ապա Ռուսաստանը ոչ ոքից չի էլ պահանջում, որ ինչ-որ մեկը ճանաչի դրանք»: Ահա և Ռուսաստանի դաշնակիցների մոտեցումը ուկրաինական ճգնաժամին:
Փաստորեն, աշխարհում ընդգծվում են երկու տարբեր կոալիցիաներ, որոնք, մեղմ ասած, տարբեր մոտեցումներ են ցուցաբերում ուկրաինական ճգնաժամի պես կարևորագույն միջազգային խնդրի հանդեպ: Չգիտեմ՝ սա լա՞վ է, թե՝ ոչ, և թե արդյո՞ք դրական կանդրադառնա աշխարհում հետագա զարգացումների վրա, բայց այն, որ ԱՄՆ-ի միահեծան իշխանությունը այլևս պատմություն է` միանշանակ: Հետաքրքրականն էլ այն է, որ Ռուսաստանի շուրջ են հավաքվել, կարելի է ասել, աշխարհում առկա կարևորագույն «միջին ուժերը» (middle powers), ովքեր ըստ էության, առաջնորդներ են իրենց տարածաշրջաններում: Ինչպես երևում է, այս երկրները, հարաբերականորեն հավաքվելով Ռուսաստանի շուրջը, փորձում են շեշտակիորեն նվազեցնել Արևմուտքի ազդեցությունը միջազգային հարաբերություններում: Այլ կերպ ասած՝ այս երկրներն էլ առանձնապես ուրախ չէին ապրել միաբևեռ աշխարհում, սակայն ոչ մեկը չէր համարձակվում ուղղակի մարտահրավեր նետել ներկայիս աշխահակարգին: Իսկ քանի որ այժմ այդ մարտահրավերը կարելի է ասել նետված է, մնում է պարզապես միավորվել դրա շուրջ և գործել համատեղ ջանքերով:
Չգիտեմ, թե ի վերջո ինչ դուրս կգա այս ամենից, բայց, ինչպես երևում է, Ռուսաստանին մեկուսացնելու գաղափարը տապալվում է, իսկ այդ տապալումը կարող է հանգեցնել մի շարք անկանխատեսելի հետևանքների: Օրինակ՝ դա կարող է նշանակել նաև այսօրվա աշխարհակարգի տապալում: Խոսքը ուժային բալանսի մասին չէ միայն: Երբ ասում եմ աշխարհակարգի տապալում, նկատի ունեմ նաև այն նորմերի և սկզբունքների տապալում, որոնց հիման վրա գործում են (կամ էլ գործում էին) երկրների միջև փոխհարաբերությունները: Այնպես որ, այդ առումով մարդ չգիտի, թե որն է լավագույն տարբերակը: Ի վերջո, կա հին ու բարի ասացվածէ` «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: