ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի տարիներին Հադրութի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը մի շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել: Նա առաջարկում է կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել Սիրիա՝ Քեսաբի հայությանը զենքով պաշտպանելու համար: Ըստ վետերանի՝ նա անձամբ պատրաստ է գլխավորել նման ջոկատը ու զենքը ձեռքին պաշտպանել հայությանը թուրքական յաթաղանից:
Ի՞նչ խոսք, ոմանք սա կարող են որպես պոպուլիզմ դիտարկել, բայց գաղափարը շատ լավն է: Այո՛, Հայաստանը ոչ տեխնիկապես, ոչ էլ իրականում բարոյապես, չի կարող մեր կանոնավոր բանակի ստորաբաժանումներ ուղարկել ուրիշի քաղաքացիական պատերազմում մասնակցելու համար, բայց հատկապես Քեսաբի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ շատ ուժեղ քարոզչական ու գաղափարական մեսիջ կլինի, եթե Հայաստանից ու Արցախից հայերը ոչ ինստիտուցիոնալ մակարդակով ձեռք մեկնեն սիրիահայ մեր եղբայրներին ու զենք բարձրացնեն թուրքերի ու հայատյաց իսլամիստների դեմ:
Թող նման նախաձեռնություն լինի, թող կամավորների թիվը սիմվոլիկ լինի ու չգերազանցի մի քանի տասնյակը, բայց եթե նման բան, այնուամենայնիվ, իրականացվի, դա կարող է դառնալ բեկումնային իրադարձություն աշխարհի հայության համար և կասեցնի աշխարհի հայության աստիճանական դեինտեգրացիան ու զարկ տա նոր՝ հայակենտրոն ու ռազմատենչ հայակենտրոն աշխարհայացքի ձևավորմանը՝ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայրենակիցների մոտ: