Newsbook.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ պարտադիր կենսաթոշակայինի օրենքում փոփոխություններ են լինելու: Այս մասին հայտարարել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այն մարդը, որի կամքից են կախված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու հարցերը: Սակայն այս դեպքում հազիվ թե միայն Հովիկ Աբրահամյանի բարի կամքը լիներ գլխավորը: Իշխանությունները, որոշել են, գնալ փոխզիջման և կատարել ինչ-որ փոփոխություններ՝ այսպիսով ձգտելով կանխել սոցիալական այն պայթյունը, որն ակնկալվում է:

Սակայն, ինչպես պարզեցինք, փոփոխությունները չեն լինելու հայեցակարգային և, ըստ էության, ոչինչ չեն փոխելու օրենքում: Այսինքն, ընդամենը մի քանի ձևակերպում է փոխվելու, որն էլ կարող է այն երևութականությունը ստեղծել, թե օրենքում հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել: Սահմանադրական դատարանն էլ ստացել է հրահանգ՝ սահմանադրական ճանաչել օրենքը, միայն առաջարկել մի քանի կոսմետիկական սրբագրումներ: Ուրիշ ոչինչ:

Ուրեմն, կարող ենք հանգիստ արձանագրել, որ իշխանությունները հերթական կուտն են պատրաստել ժողովրդի համար, նրանց համար, ովքեր ստիպված են լինելու վճարումներ կատարել: Մինչդեռ գլխավորը՝ օրենքի բախումը մարդու իրավունքների պաշտպանության նորմերին, ոչ ոք չի գոհացնելու:

Բազմիցս է ասված, որ օրենքը ոտնահարում է մարդու իրավունքները, նրան պարտադրում վճարումներ կատարել, որ կամավորությունն այս դեպքում վերածվել է պարտադրանքի: Հենց այս հոդվածը չի վերանայվելու և չի փոխվելու: Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները շարունակում են առաջ տանել իրենց կամքն ու ցանկությունը՝ նորից ու նորից արհամարհելով ժողովրդին: Եվ այն սևեռումն է ծնվում, որ ոչ թե ժողովուրդն է ձևավորել իշխանություն՝ իր ընտրությամբ, այլ իշխանությունն է ձևավորել ժողովրդին: Հետևաբար, ինչ կամենա, այն էլ կանի իշխանությունը։

. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել