Մարտի 9-ին «Խորդրդարանական շաբաթ» հաղորդման համար իմ հայտարարությունը (տես՝ ներքևում) ավելի Ուկրաինային էր վերաբերում, բայց առաջին հարվածը Սիրիայից եկավ:
«Այնպիսի տպավորություն կա, որ այս օրերին աշխարհի ամբողջական ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին: Այո, շատ ժամանակ աշխարհաքաղաքական իրադարձություները մի տեսակ ստվերում են նույնիսկ ներքին հարցերի կարևորությունը, բայց դրանից մեր ներքին հարցերը չեն լուծվում: Հասկանալի է, որ մենք չենք կարող զերծ մնալ, և նույնպես պետք է մտահոգվենք այն ամենով, ինչ կատարվում Ուկրաինայում:
Եթե Ուկրաինական ճգնաժամը բազմաթիվ պետությունների ու գերտերությունների մտահոգում է աշխարհաքաղաքական համատեքստում, ապա հայերիս համար այն ամենից առաջ ու ամենից առավել ուկրաինահայության անվտանգության խնդիրն է: Իրավամբ, Հայաստանն էլ, այլ երկրների պես, արևելյան գործընկերության տարածաշրջանում ունի սեփական քաղաքական շահերը. ուկրաինական ճգնաժամը մտահոգիչ է նաև մեր արտաքին քաղաքականության հորիզոնում: Կարելի է վերլուծել, թե որ ուժերն ում են աջակցում, կամ գնահատել ռազմական և քաղաքական զարգացումները Ուկրաինայում, սակայն մեր առաջնային խնդիրը ներկայում, անկասկած, պետք է լինի ուկրաինահայերի անվտանգությունը: Ուստի, քաղաքական խնդիրները պետք է նախ և առաջ քննարկվեն և օգտագործվեն ի նպաստ Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության և հայ համայնքին վերահաս սպառնալիքները կանխելուն:
Նմանատիպ խնդիր մեր երկիրը ուներ և ունի նաև սիրիական ճգնաժամի հետ կապված: Արդյո՞ք այնտեղի դասերը մենք իրականում սերտել ենք, ու հիմա անում ենք այն ամենը, ինչը միգուցե չարեցինք Սիրայում: Թե հույսներս դրել ենք կրկին Աստծոն և ապավինում ենք, որ Բարձրյալն ամեն ինչ կկարգավորի առանց մեր գործողություների:
Ուկրաինահայերի անվտանգության խնդրի ֆոնին գծագրվում է մեկ այլ բացթողում. եթե ուկրաինահայության անվտանգության խնդիրը միաժամանակ նաև ՀՀ անվտանգության մարտահրավեր է, ապա պիտի որ գործեին ստեղծված իրավիճակին արձագանքելու կոչված օրենսդրական մեխանիզմները, ընթացակարգերն ու ինստիտւտներ: Մինչդեռ վերջինները լռում են պարզ պատճառով. անվտանգության ոլորտում պետության գերակայություններն ու անելիքներն ուրվագծող ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունն ու Ռազմական դոկտրինը ուկրաինական ճգնաժամը ՀՀ անվտանգության մարտահրավեր չեն դիտում, ուստի պետությունը պարտավոր չէ արձագանքելու դրա արդյունքում ծագած խնդիրներին: Ռազմական դոկտրինով անվտանգության սահմանները ՀՀ և ԼՂՀ տարածքներն են, իսկ տարածաշրջանային ռիսկերը կարգավորվում են ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող մեխանիզմներով: Թեպետ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգը Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը ճանաչում է որպես սպառնալիք, այդուհանդերձ, արագ զարգացող դինամիկ մարտահրավերներին արձագանքելու մեխանիզմները բացակայում են: Անհրաժեշտ է այս իրավիճակներից համապատասխան դասեր քաղել և լրացնել բացերը: Պասիվ դիտորդի կարգավիճակը չի նպաստի Հայաստանի հզորանալուն ու անվտանգությանը»: