Civilnet.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսապի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Քեսապի տարհանված բնակիչները:

Նրանց փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբների և թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսապը: Մնացած բնակչությունը Քեսապից հեռացել էր ավելի վաղ։

Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:

Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:

Քեսապի Քարադուրան գյուղի գյուղապետի որդին այնտեղից հեռացել է վերջինը: ՍիվիլՆեթին նա տեղեկացրեց, որ սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել գյուղը: Այլ ականատեսների վկայությամբ՝ բախումները և կրակը չեն դադարել այնտեղ: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, սակայն հայերի շրջանում զոհեր չկան:

Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել