Մենք ենք տերը մեր երկրի, մի́ մտեք մեր գրպաններ, միացե́ք, հաղթանակ և նման այլ արտահայտություններ էր վանկարկում այսօր Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց ամբոխը: «ԴԵՄ ԵՄ» հասարակական շարժումը այսօր՝ մարտի 22-ին կազմակերպել էր հավաք-երթ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգում ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի: Սա այն դեպքերից էր, երբ հայ ժողովուրդը միասնական էր՝ անկախ կուսակցական պատկանելությունից, սեռից ու տարիքից: Ազատության հրապարակը լիքն էր մարդկանցով, հաճելիորեն զարմանալի էր տարեցների ներկայությունը, պարտադիրը կարելի է ասել, նրանց չի վերաբերվում, որովհետև նրանցից գումար չի պահվի, բայց այստեղ էր երևում մեր ազգի միասնությունը, անգամ այդ տատիկ, պապիկները, ովքեր դժվարությամբ էին քայլում, եկել էին իրենց ներկայությամբ ապացուցելու, որ մենք միասնական ենք: Մինչ երթը սկսելը ելույթ ունեցան «ԴԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները՝ կոչ անելով մարդկանց լինել վճռական ու հավատալ, որ մեր երազած Հայաստանը դեռ գալու է: Բազմաթիվ քաղաքական գործիչներ ևս ելույթ ունեցան, իր խոսքում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը նշեց.
«Մենք ձեր կողքին ենք, առանց միասնության, առանց համախմբման, մեր երկրում այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել: Վարչապետը երկխոսոխթյան է կանչում, թող ինքը գա այստեղ, թող գա ու տեսնի, թե ինչքան մարդ կա: Իրենք պետք է հասկանան, որ ժողովուրդը միասնական է»:
Տարբեր կազմակերպություններ, երիտասարդական շարժումներ էին ներկա հավաք-երթին, «ՄԵՆՔ» երիտասարդական, հայրենասիրական շարժման ակտիվիստները ևս իրենց ներկայությամբ աջակցում էին «ԴԵՄ ԵՄ» շարժմանը: Բազմությունը քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց և պայքարել սեփական իրավունքների համար: Երթի վերջում «ՄԵՆՔ» ազգային, երիտասարդակն, հայրենասիրական շարժման ակտիվիստները զրուցեցին մարդկանց հետ:
Սրտաշարժ էին նրանց խոսքերը, ցավ ու հիասթափություն կար մարդկանց մեջ, բայց միևնույն ժամանակ հպարտանում ես՝ տեսնելով, որ ազգդ միասնական է: Ի դեպ՝ մարտի 28-ին պարզ կդառնա սահմանադրական դատարանի որոշումը, մարդիկ պատրաստ են պայքարել, եթե որոշումն անարդարացի լինի:



