Որպես նախաբան

Զոքանչս տարօրինակ կառույց է, ավելի ճիշտ կիսակառույց՝ բաղկացած ոտքերից, մարմնից ու գլխից:

Ոտքերը լուռ:

Մարմինը շատ:

Գլուխը ծանր:

Այնպիսի հուշիկ քայլերով կմոտենա ամենաանպատեհ ժամանակ, որ կթվա, թե քեզ մի դառը հիշողություն է այցի եկել ու դռների մեջ կանգնած արհեստական ատամնաշարով ժպտում է (այս բառը շատ հեռու է իրական լինելուց):

Մարմինը պարտքերիս նման սահմաններ չունի ու տարածվում է իմ ամբողջ բնակարանով՝ լցնելով նաև ինձ համար ամենանվիրական անկյունները:

Գլուխը լցված է թթվակայուն, հիմնակայուն, դյուրահալ, դժվարահալ, փափուկ, կարծր և այլ համաձուլվածքներով, որոնք լայնորեն օգտագործվում են ինձ հետ խոսելիս:

- Հը՞, էլի գործ չճարեցի՞ր, անբանի մեկը, մեկն ասող լիներ, թե աղջկաս աչքերն ո՞ւր էին, որ քեզ նմանին…

- Դեռ ոչ, մամ ջան…

- Գրողս քեզ մամ ջան, ինչքա՞ն պետք է աղջկաս վզին նստած մնաս, իսկ էդ երեխուն ինչե՞ր ես սովորեցնում, ինչ ժամանակակից հեքիաթներ, որ քեզ նման դառնա՞, թե կարծում ես չեմ լսում պատի այն կողմում:

- Ես նրան ճիշտ խոսել եմ սովորեցնում, ճիշտ մտածել, ճիշտ տրամաբանել ու ճիշտ որոշումներ կայացնել…

Ժամանակակից հեքիաթ

- Ենթադրենք, թե քո այդ ասած Սատանան, եռաժանին ձեռքին ընկել է, ասենք, տատիկիդ ետևից, պա՞րզ է:

- Ինչո՞ւ տատիկի:

- Դե այդպես հարմար է, ժամանակակից: Եվ մի՞թե քեզ հետաքրքիր չէ, թե արդյո՞ք Բարին կհաղթի Չարին, թե՞ ոչ:

- Հետո՞:

- Տատիկդ փախչում է, հասնում է մի ճամփաբաժանի, երեք ճանապարհ են, ո՞ր մեկով  կփախչի:

- Չգիտեմ, իսկ ի՞նչ կապ ունի, թե որով, դա իր խնդիրն է:

- Ճիշտ է, մի խառնվիր, որպես հասկացող ու ամենագիտակ կին նա ինքը կընտրի իր  ճանապարհը, պա՞րզ է:

- Պարզ է, հետո՞:

- Դու նստած սպասում ես, մոտենում է Սատանան ու հարցնում, թե ո՞ր կողմ փախավ տատիկը, դու ի՞նչ պետք է պատասխանես:

- Կասեմ, չգիտեմ, չէ ո՞ր…

- Ոչ, դա ճիշտ չէ, դու պետք է ճիշտ պատասխանես, ճիշտ ցույց տաս ճանապարհը, հասկանալի՞ է, որպիսզի Բարին հաղթի Չարին…

Գիշերային հեքիաթ

Աջ ձեռքով հարվածիր աջ ազդրիդ ու լսի՛ր հարվածի ձայնը…

Ձախ ձեռքով հարվածիր ձախ ազդրիդ ու նո՛րից լսիր հարվածի ձայնը…

Լրիվ տարբեր ձայներ, հետաքրքի՜ր է:

Քո աջ կողմից լսիր քեզ դավաճանած մարդու արդարացումը…

Հետո ձախ կողմից լսիր նույն արդարացումները…

Լրիվ տարբեր ձայներ, հետաքրքի՜ր է:

Դիմացից, աջից, ձախից, վերևից, ներքևից…լսիր սիրո անկեղծ շշուկներն ու ամեն անգամ կհամոզվես որ նույն, Աստվածային ձայնն է շոյում, մերսում ուղեղդ, քեզ հասցնում հոգեկան անդորրի ու տանում տանում այն ճանապարհով, որով քեզ հաճելի է քայլել, շուրջդ նայել…

Նայե՜լ…

Մի՞թե լինում է սիրել նաև նայելով…

Անկողնում պառկած նայում ենք իրար, ոչ մի ձայն:

Սիրում ենք աչքերով, շոյում հոնքերով ու աչքերի մի թարթումով հասնում այնտեղ, որտեղից ետ գալը հավասարազոր է հոժար կամքով դժոխքի դուռը թակելուն:

- Ինչո՞ւ մայրդ չի սիրում ինձ, ի՞նչ եմ արել, չե՛մ հասկանում:

- Մի՞թե բավական չէ, որ ես եմ քեզ սիրում, ինչո՞ւ խառնեցիր լռությունը, ես քեզ աչքերով էի սիրում, ընդամենը տասը սանտիմետրի վրա, սպասում էի, թե ե՞րբ պետք է անցնեմ այդ ահռելի հեռավորությունն ու լինեմ քո ձեռքերում, թաքնվեմ քո գրկում գիշերվա աչքերից:

- Թաքնվելու ամենահարմար տեղն իմ սիրտն է, որն արդեն հոգնել է…

- Մի՛ սկսիր, ամեն ինչ լավ է, գրկի՛ր ինձ, սիրի՛ր:

- Պատի այն կողմից մորդ խռմփոցն ինձ խանգարում է, քիչ է մնում խելագարվեմ:

- Դե, ի՞նչ արած, քնած է:

- Քնած չէ՛, արհեստական խռմփոցներ են, մի՞թե չես լսում…

- Դե լա՛վ, վերջացրո՛ւ,- կնոջ ժպիտն ամբողջությամբ կուլ տվեց տղամարդու անհանգստությունն ու աշխարհից ժամանակավորապես բացակայելու ամենահզոր ցանկությունը…

Գիշերն արհամարվեց…

Լռությունը, որ մինչ այդ անտարբեր լռում էր, խենթացավ հոգոցների ձայներից…

Աստղերը, որ աչքները չռած սպասում էին հերթական բարի գիշերվա ստվերային պարին, ամոթխած ծածկեցին կոպերը…

Լուսինը ժպտում էր…

Տիեզերքն իր տարերքի մեջ օրորվում էր երազային երաժշտության ներքո…   

Բոլոր մոլորակները դիմացից, աջից, ձախից, վերևից, ներքևից…նախանձով նայում էին Երկիր մոլորակին, որտեղ Տղամարդն ու Կինը հասել էին մի ճամփաբաժանման ու չէին ցանկանում բաժանվել…

Ճամփաբաժանման եզրին մի ուրվական էր նստած՝ Կրքի ուրվականը, որը չէր ցանկանում խոսել, բայց ստիպված էր.

- Չե՞ք ցանկանում տարբեր ճանապարհներով, ուրեմն ետ գնացեք ու նորից եկեք, այնքան քանի դեռ Լույսը չի եկել, չէ որ լույսի հետ կգա նաև դուստր կոչվող հրաշքն ու կասի.

«Ես եկա, մա՛մ, պա՛պ, ճանապարհ տվեք»:

Կտեղավորվի ձեր միջև ու կսկսվի հետաքրքիր հարցերի ու սպասվող անհասկանալի պատասխանների շարանը…

Առավոտյան հեքիաթ

- Ի՞նչ է, չես հագեցե՞լ, թո՛ղ, անհարմար է, հիմա Հասմիկը կգա:

- Դեռ ժամանակ ունենք,- տղամարդու մատները ծածկել էին կնոջ կրծքերն այնպես, ինչպես ցանկալի կապույտ ամպն է ժամանակին հասնում ու ծածկում սարի գագաթը անցանկալի աչքերից:

 

… Ճռռաց դուռն ու բացեց դեպի իրակություն տանող արահետը, որի վրայով մազերն արձակված դեպի արևն էր վազում մի փոքրիկ-փոքրիկ աղջնակ, ձեռքերը թափահարելով ինչ որ բան էր բղավում ու ծիծաղում…

- Ես եկա՜, մա՛մ, պա՛պ, ճանապարհ տվեք:

Տեղավորվեց մեջտեղում:

- Պապ, ես տեսա այն երազը, հիշո՞ւմ ես որ երեկ պատմեցիր:

- Հիշում եմ, և ի՞նչ:

- Ի՞նչ երազ Հասմիկ ջան,- մայրական ձեռքը շոյում էր անմեղության այտն ու սպասում…

- Դե, նստած էի, եկավ այդ Սատանան ու ես ասացի ամեն ինչ, ինչպես որ պապան է սովորեցրել, ճիշտը ասացի չէ՞, պապ:

- Ապրե՛ս, դու Իմ աղջիկն ես, բայց կարծես թե Բարին չի հաղթել Չարին, լսո՞ւմ ես պատի այն կողմում, տատիկիդ սենյակից ձայներ են գալիս: Խաբե՞լ ես Սատանային, չարաճճի աղջիկ…

- Ո՛չ, պապ, չե՛մ խաբել, ես երազում այն մյուս տատիկին եմ տեսել, քո մամային ու ճիշտն ասել եմ Սատանային:

 

Կնոջ բարձի տակ ծիծաղի բոլոր մասնիկները ելել էին իրար վրա ու պարում էին մի խելահեղ պար, մի անվերջանալի կրկնվող երաժշտության տակ…

Տղամարդու շուրթերին, ձեռքը կոնքերին ծալած սառած ժպիտը կծկումներից փքվում էր ու եղունգներով ուղեղում գրում.

«Դու, ամեն ինչ ունես,

ամեն ինչ,

քեզ էլ ի՞նչ է հարկավոր…»

Որպես վերջաբան

Երկնքից ընկան երեք խնձոր…

Երեք խնձորներն էլ զոքանչի կնճռոտ ձեռքերով դրվեցին երազանքի կապույտ երիզ ունեցող ափսեի մեջ ու մատուցվեցին փեսային…քանի որ տանը միայն երկուսով էին:

Տղամարդու զարմացած աչքերը բարձրացան ու նայեցին ճմրթված բարձ հիշեցնող կնոջ դեմքին:

- Լավ չեմ, Արամ ջան, մի բան լինի, չվախենաս, դոշակիս տակ էլ պահած փող ունեմ…

Ձեռքով հենվեց գրասեղանին ու մի կերպ ընկավ աթոռի վրա:

- Դեղդ որտե՞ղ է, ասա բերեմ, ուզո՞ւմ ես Շտապօգնություն կանչեմ, դե ասա, ի՞նչ անեմ:

Բղավոցն անկեղծ էր ու ուշացած…

- Ոչինչ հարկավոր չէ, այս գիշեր երազումս ետևիցս Սատանա էր ընկել, հիմա ինձ ոչինչ չի փրկի…

 

Ս.Ումառ 

Երևան 2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել