Մայդանը արդեն գրեթե ամիս է, ինչ հաղթանակել է Ուկրաինայում, ու շատ է խոսվել դրա արդյունքների մասին, ուստի չեմ ուզում կրկնել նույնը կամ ինչ-որ նոր բաներ հայտնագործել այդ դարակազմիկ իրադարձության մասին: Եկեք փոխարենը փորձենք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ կային նախամայդանյան Ուկրաինայի ու արդի Հայաստանի միջև:
Պետք է ի սկզբանե հստակ հասկանալ, որ Մայդանի բազմամարդությունը պայմանավորված էր ոչ այնքան եվրաասոցացման ուժգին տենչանքով, ոչ էլ անգամ ՄՄ-ի նկատմամբ տածված ուժգին հակակրանքով: Մայդանի գլխավոր սնուցող ուժը դժգոհությունն էր՝ իշխանությունների նկատմամբ: Սա նմանություն համար մեկ, որովհետև Հայաստանում էլ իշխանություններին չեն սիրում, եթե չասեմ՝ ատում են ոչ պակաս, քան Ուկրաինայում:
Երկրորդ սնուցող ուժը արդարության պահանջն էր, և մարդկանց թվում էր, որ ով էլ լինի, «սրանցից» լավն է լինելու, որովհետև սոցիալական անարադարության ավելի բարձր սանդղակ անհնար է պատկերացնել: Նույնն էլ մեզ մոտ է. օլիգարխներ, փողերը քամուն տվող ու մեզ հարստահարող կառավարություն:
Երրորդ սնուցող ուժը «սրանց» հերն անիծելու անհագ ու ոչ ռացիոնալ ցանկությունն է: Նույնն էլ մեզ մոտ է: Համաձայնեք, որ եթե հնարավորություն ունենայիք, օրինակ, Շմայսին կամ Գալուստին անպատիժ քոթակելու, ամենայն հավանականությամբ, կանեիք դա:
Ինչպես տեսնում ենք, բոլոր նախադրյալները կան: Նախադրայլներ ոչ թե հեղափոխության, ոչ էլ անգամ հեղաշրջման, այլ քաղաքացիական բունտի, ու դրա պատճառը ոչ թե արտաքին ուժերն են, ոչ էլ անգամ օբյեկտիվ տնտեսա-քաղաքական պատճառներ, այլ այն ներքին քաղաքականությունն ու վերաբերմունքը, որին արժանանում է ժողովուրդը՝ մեր իշխանավորների կողմից: Ուկրաինայում իշխանությունները այնքան էին հղփացել, որ չնկատեցին, թե երբ դանակը ոսկորին հասավ: Մեզ մոտ դեռ չի հասել, բայց իրոք արդեն մազ է մնում, ու եթե այդ բունտը սկսվեց, այն, իհարկե, հնարավոր կլինի կասեցնել, բայց արյուն հաստատ կթափվի, այդ թվում նաև իշխանավորների:
Հիմա հարց մեր իշխանավորներին: Ուզածներդ դա՞ է, պարտադիր կերպով ուզում եք, որ մի քանի դեպուտատի կամ մինիստրի կամ ինչ-որ այլ զզվացրած չինովնիկի արևին փռեն ու մատաղ անեն, մի քանի տասնյակ գազազած քաղաքացի սպանվի, որ նոր ագահություններիդ դեմն առնե՞ք: Այ անսիրտներ, արդեն բոլորդ էլ միլիոնատեր ու միլիարդատեր եք ու թալանել եք այնքան, որ մինչև կյանքներիդ վերջ կհերիքի, գոնե դադարեցրեք ձգել մեր գոտիները. չէ՞ որ եթե նավը շրջվի, դուք էլ կարող եք ջուրն ընկնել ու ձեր ունեցվածքն էլ, որը այդքան փայփայում եք, անպայմանորեն կտուժի: Խելքի եկե՛ք, պարոնայք իշխանավորներ, որովհետև եթե չգաք, ժողովուրդը հաստատ խելակորույս կլինի, ու էդ ժամանակ վատ կլինի հա՛մ ժողովրդի, հա՛մ էլ ձեզ համար: