Պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև ի վերջո սկսվեց: Ճիշտ է, խոսքը ռազմական գործողությունների մասին չէ, բայց այն, ինչ այսօր կատարվում է, կարելի է հանգիստ կոչել նյարդերի պատերազմ: Ինչպես հիշում եք, արևմտյան երկրները առաջինը ձեռնամուխ եղան պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ` սահմանափակելով որոշ քաղաքական-պետական գործիչների, ինչպես նաև որոշ գործարարների մուտքը իրենց երկրներ և սառեցնելով այդ մարդկանց հաշիվները: Դրանց անմիջապես հետևեց Ռուսաստանի պատասխանը, որով այդ երկիրը նախազգուշացրեց իրեն չսպառնալ պատժամիջոցներով, քանի որ դա չէր բխի ոչ մեկի շահերից և կսադրեր համարժեք պատասխան Ռուսաստանի կողմից: Այդպես էլ փաստորեն եղավ: Արևմուտքի՝ մասնավորապես ամերիկյան վերջին պատժամիջոցներին հետևեց ռուսական պատասխանը:
Երեկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարեց, որ ընդլայնում է արդեն իսկ պատժամիջոցների ենթարկված ռուս գործիչների ցանկը, որի մեջ ընդգրկվելու են Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Օբաման իր ելույթում նշեց նաև, որ ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որը իրավունք է տալիս իրեն պատժամիջոցներ կիրառել ոչ միայն անհատների, այլև Ռուսաստանի տնտեսության առանցքային ճյուղերի նկատմամբ: Ռուսաստանն իրեն սպասեցնել չթողեց: Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ իր հերթին հրապարակեց ամերիկացի գործիչների համապատասխան ցուցակը, որոնց հանդեպ կկիրառի համարժեք պատժամիջոցներ: Հայտնի է, որ ցուցակում տեղ են գտել ինչպես ԱՄՆ նախագահի երկու օգնականները, այնպես էլ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը և ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները:
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը երեկ ուշ երեկոյան հայտարարեց, որ նախկինում պատժամիջոցների ենթարկված ռուս գործիչների ցանկը շուտով կընդլայնվի` ընդգրկելով իր մեջ շուրջ 33 մարդ: Օլանդը նաև նշել է, որ Եվրահանձնաժողովին հանձնարարել են պատրաստել պատժամիջոցների «երրորդ մակարդակը», բայց, վերջինիս խոսքերով, դրանք դեռևս չեն գործադրվի:
Սա ի՞նչ է, եթե ոչ տնտեսական պատերազմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Նույնիսկ Սառը պատերազմի տարիներին հեռվից հեռու միմյանց քննադատելուց և սպառնալուց բացի, որպես այդպիսին, նման քայլեր չէին ձեռնարկվում: Չնայած այն ժամանակ թերևս աշխարհը մի քիչ այլ էր, և լուրջ էլ չէր լինի սպառնալ, ենթադրենք, սովետական գործչին, որ իր ամերիկյան հաշվիները կսառեցվեն, քանի որ նման հայտարարությանը կհաջորդեր այդ սովետական գործչին սառեցնելու գործընթացը կոմունիստական ղեկավարության կողմից: Ինչևէ, զուգահեռներ չտանենք նախորդ և ներկայիս դարաշրջանների միջև, քանի որ դրանք շեշտակիորեն տարբեր էին և գործում էին միանգամայն այլ հանգամանքներում:
Այսօրվա դրությամբ Արևմուտքը, համենայն դեպս Արևմուտքի ամենաազդեցիկ պետության նախագահ Բարակ Օբաման պնդում է, որ Միացյալ Նահանգները չի դիմի ռազմական գործողությունների Ռուսաստանի հանդեպ, քանի որ ռազմական ուժի դիմելը թույլի գործելաոճ է: Ըստ Օբամայի՝ իրենք ջանքեր կգործադրեն ստեղծելու համար հզոր միջազգային կոալիցիա ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի այդ երկիրը հասկանա, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է կայացնի միայն Ուկրաինան:
Օբաման թերևս նկատի ունի այն, ինչ ավելի վաղ էլ էր հայտարարել` հասնել Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը: Բայց արդյո՞ք նման քայլերը բավարար կամ էլ արդյունավետ կլինեն, որպեսզի Արևմուտքը կարողանա հասնել իր նպատակին:
Բանն այն է, որ այսօրվա դրությամբ մի շարք տերություններ, ովքեր բացեիբաց չեն ողջունում Ռուսաստանի քայլերը, համենայն դեպս չեն էլ քննադատում: Օրինակ՝ քննադատություն անձամբ ես չեմ լսել Հնդկաստանի կողմից, նույնիսկ եղել են ոչ պաշտոնական մակարդակով, աջակցության նշաններ այդ երկրի նախկին բարձրաստիճան դիվանագետների կողմից: Չեմ լսել քննադատություն Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի կողմից, Չինաստանն է դրսևորում բավականին զուսպ կեցվածք:
Չգիտեմ, ցավոք, թե բարեբախտաբար, բայց փաստը մնում է փաստ, որ աշխարհը ավելի շուտ չեզոք դիրք է գրավել այս հարցում, քան կանգնել է ինչ-որ մեկի կողքին: Այնպես որ, Ռուսաստանի միջազգային մեկուսացումը խաղուպար չի լինելու: Աշխարհը դեռևս սպասում է: Սպասում է հասկանալու համար, թե ի վերջո այլևս ի՞նչ Ռուսաստանի, և ինչու չէ, ի՞նչ Արևմուտքի հետ գործ ունի, ասել է թե, հասկանալու՝ որն է այդ երկու կողմերի իրական ներուժն ու կշիռը միջազգային հարաբերություններում: Մինչ այդ, ինչպես ամենասկզբում նշեցի, կհետևենք տնտեսական պատերազմի, որը զուգահեռաբար կլինի նաև նյարդերի պատերազմ, որի հետևանքները անկանխատեսելի են: