Lragir.am-ը գրում է.

Ուկրաինական «Ուկրաինա» հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսում է Ուկրաինան» թոք շոուի թողարկումներից մեկի ընթացքում, որի ժամանակ քննարկվել է ղրիմյան ճգնաժամը, անդրադարձ է եղել նաեւ Արցախի հարցին, դրանում Ռուսաստանի դերակատարությանը:

 Հաղորդման ընթացքում հնչեցվել է բացարձակապես միակողմանի կարծիք, որն արտահայտել են ադրբեջանական ծագմամբ ինչ որ հյուրեր, հայտարարելով, որ Հայաստան պետություն Կովկասում ընդհանրապես չի եղել, որ այդ պետությունը ստեղծել է Ռուսաստանը, իսկ հետագայում էլ հրահրել Արցախի խնդիր եւ այլ հայտարարություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան պատմական փաստերի խեղաթյուրում, նենգափոխում:

 

Ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ կապված հարցումներից մեկին, Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր, թե Հայաստանն Ուկրաինայում ունի դեսպանություն, որն էլ ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը:

 Հայաստանի դեսպանատունը Կիեւում ուշադրությամբ հետեւու՞մ է ուկրաինական հեռուստաալիքների թողարկումներին եւ դրանցում Հայաստանի ու Արցախի անվան արծարծումներին, ուշադրությամբ հետեւու՞մ է, թե ովքեր են հյուր գնում այդ հաղորդումներին, ինչ են խոսում, ինչ են ասում Հայաստանի ու Արցախի խնդրի մասին, ինչպես են ապակողմնորոշում ուկրաինական հանրային կարծիքը:

 Դեսպանատանը որեւէ մեկի մտքով անցնու՞մ է հետեւել այդ ամենին, ներկայիս շատ նուրբ, լարված եւ ինչ որ առումով քաոտիկ իրավիճակում ուշադրության կենտրոնում պահել քարոզչության զանգվածային միջոցների աշխատանքը եւ թույլ չտալ Հայաստանի ու Արցախի շահի ոտնահարում:

 Դեսպանատանը որեւէ մեկի մտքով անցնու՞մ է ապատեղեկատվության, քարոզչական ապատեղեկատվության, միտումնավոր նենգափոխման դեպքերին արձագանքել արագ ու հստակ: Կոնկրետ դեպքում, Կիեւում Հայաստանի դեսպանատունն արդեն իսկ պետք է հայտարարություն տարածեր տեղի ունեցածի կապակցությամբ, «Ուկրաինա» հեռուստաալիքի ղեկավարությանը կոչ աներ եթերում զերծ մնալ ապատեղեկատվությունից եւ նենգափոխումներից, եւ առնվազն ապահովել բազմակարծություն, այսինքն նաեւ հայկական կողմի ներկայություն, եթե քննարկվելու են Հայաստանին եւ Արցախին առնչվող հարցեր:

 Հաղորդումը եթեր է հեռարձակվել մարտի 18-ին, համենայն դեպս այդ ամսաթվով այն հայտնվել է համացանցում: Հետեւաբար, հաղորդումը եղել է կամ 18-ին, կամ ավելի վաղ: Բոլոր դեպքերում, Հայաստանի դեսպանատան առաջին արձագանքը պետք է որ արդեն իսկ լիներ եւ տարածվեր հնարավորինս լայն սփռումով:

 Հիշեցնենք, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն Անդրանիկ Մանուկյանն է՝ Սերվիզի Անդոն: Նա գործարար է: Նրա սեփականությունից Երեւանում հայտնի է Մետրոպոլ հյուրանոցը, որի կապակցությամբ նա հայտարարում էր, թե քրտինքով է կառուցել: Անդրանիկ Մանուկյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկության տուժածներից էր: Նա ծանր վիրավորվել էր, եւ նրա կյանքը հաջողվել է փրկել հրաշքով: Մանուկյանը այդ ահաբեկությունից հետո հանդես էր գալիս գործող իշխանության խիստ քննադատությամբ, որից հետո 2000 թվականի մայիսին նա ընդգրկվեց կառավարության կազմում. նա եղել է պետական եկամուտների նախարար, կապի ու տրանսպորտի նախարար: Հետագայում Անդրանիկ Մանուկյանը նշանակվեց Ուկրաինայում Հայաստանի հանրապետության դեսպան:

 Մյուս կողմից, սակայն, իրավիճակը շատ նուրբ է, որովհետեւ ուկրաինական հաղորդման մեջ Հայաստանն ու Արցախը ներկայացվել են որպես ռուսական կայսրության գործիք: Եվ այստեղ իհարկե Հայաստանի դեսպանատունն ու ԱԳՆ-ն ընդհանրապես հայտնվում են բարդ կացության մեջ, որովհետեւ ի թիվս պատմական այլ նենգափոխումների, նրանք փաստորեն պետք է հերքեն նաեւ, որ Հայաստանն ու Արցախը ռուսական կայսրության գործիք են:

 Մինչդեռ այդ հանգամանքի հերքումը Հայաստանի տարատեսակ չինովնիկների համար ունի երկու բարդություն՝ անկախ լինելու, կայսրության գործիք չլինելու մասին հայտարարություններով չբարկացնել Ռուսաստանին, ու նաեւ՝ խոսել կայսրության գործիք լինելու դեմ, իսկ դա Հայաստանի ԱԳՆ եւ դիվանագիտական կորպուսի մեծ մասի համար կնշանակի հերքել սեփական գոյությունը, առավել եւս սեպտեմբերի 3-ի ու դրանից հետո տեղի ունեցող խայտառակ իրողությունների ֆոնին:

 Այդպիսով, ակնհայտ է, թե Ռուսաստանի առաջ Հայաստանի հաճկատար արտաքին քաղաքականությունն ինչ լրջագույն խնդիրների առաջ է դրել Հայաստանը միջազգային թե դիվանագիտական ասպարեզում, թե մեդիատարածությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել